Ինչպես Հնդկաստանի որդիները դարձան հայ-բոշաներ

Ինչպես Հնդկաստանի որդիները դարձան հայ-բոշաներ

Հայացած գնչուների պատմությունը

Դարեր շարունակ հայ ժողովրդի առանձին հատվածներ, հայրենիքից պոկվելով, ձուլվել են այլ ժողովուրդների հետ ու որպես հայ անհետացել։ Հետաքրքիր է, որ փոքր չափերով տեղի է ունեցել նաև հակառակ երևույթը, որի վառ օրինակը հայացած գնչուները՝ բոշաները կամ հայ-բոշաներն են։

PanARMENIAN.Net - Լեզվաբանական ու պատմաազգագրական տվյալներով հաստատված է, որ գնչուները սերում են Հնդկաստանի հյուսիս-արևմտյան շրջաններից։ Թեև Հնդկաստանից հեռանալու ճշգրիտ ժամանակը և բոլոր հանգամանքները վերջնականապես պարզ չեն, սակայն գիտականորեն առավել ընդունված տեսակետի համաձայն գնչուների նախնիների գաղթի հիմնական ալիքը տեղի է ունեցել 10-11-րդ դարերի սահմանագծին։

Հնդկական դոմբա կոչվող ցեղային-կաստայական հանրույթից անջատված մի ոչ մեծաթիվ խումբ, հավանաբար իրանա-աֆղանական Ղազնևիների մահմեդական դինաստիայի հնդկական արշավանքների հետևանքով, շարժվել է դեպի Իրանի տարածք, որտեղից էլ 11-րդ դարի վերջին կամ 12-րդ դ․ սկզբին անցել են Հայաստան։ Իրանից գնչուների նախնիների մի մասը (որոնք հավանաբար ավելի վաղ էին ներթափանցել Իրան) ճյուղավորվելով տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում և այժմ էլ դոմ ինքնանվանումն ունի։ Իսկ Իրանից Հայաստան անցած գնչուների մեծ մասն այնուհետև գաղթել է դեպի Բյուզանդիա, այնտեղից էլ 14-րդ դարից սկսած աստիճանաբար սփռվել է Եվրոպայի զանազան երկրներում ու Ռուսաստանում։ Ուշագրավ է, որ Եվրոպայում, Ամերիկայում և այլուր այսօր բնակվող և ռոմա հավաքական ինքնանվանումը կրող գնչուների լեզվում առկա են հայերենից կատարված շուրջ 50 բառային փոխառություններ (օր․՝ խումեր-խմոր, չեկատ-ճակատ, մորթի, գրաստ և այլն)։

Իրանից Հայաստան անցած գնչուական թափառախմբերի մի մասը 12-րդ դարում մնացել ու հաստատվել է Հայաստանում․ լոմ ինքնանվանումով (դարձյալ ծագում է նախնական դոմբա անվանումից) գնչուների այդ հատվածից էլ հենց անմիջականորեն սերում են հայ-բոշաները։

Ո՞վքեր են հայ-բոշաները

Հնդկական-գնչուական ծագում ունեցող և ներկայում հայ ժողովրդի անխզելի մասը կազմող հայ-բոշաների ինտեգրման, այն է՝ հայացման ֆենոմենը խիստ յուրահատուկ է։ Դրա հիմնական արտահայտությունը միջնադարյան Հայաստանում հաստատված գնչուների աստիճանական և ապա իսպառ միաձուլումն է հայերի կազմում՝ ի տարբերություն այլ երկրների գնչուական խմբերի, որոնք այս կամ այն չափով այսօր էլ պահպանել են իրենց ազգաբանական նկարագիրն ու առանձնահատկությունները։

Մի ուշագրավ փաստ ևս՝ 19-րդ դարում և հաջորդ դարի սկզբներին հայ-բոշաների մանրամասն նկարագրությունը տված երկու հայ հեղինակները՝ գրող Վրթանես Փափազյանը և լեզվաբան, գրականագետ Գրիգոր Վանցյանը, ընդգծում են հայ-բոշաների՝ լոմերի և եվրոպական (ռոմ) ու ասիական (դոմ) գնչուների միջև էական տարբերությունները։ Ըստ այդ նկարագրությունների՝ վաղուց արդեն հայացած, սակայն դեռևս իրենց ուրույն կերպարն ու առանձնահատկությունները պահպանող հայ-բոշաներին ընդհանրապես հատուկ չէին գնչուներին բնորոշ շատ գծեր՝ առաջին հերթին գողությունը և գուշակությունը։

Հայ-բոշա երեխաներ

Բոլոր հետազոտողները համակարծիք են, որ Հայաստանում հիմնավորված գնչուները, դարեր ի վեր ապրելով հայերի շրջանում, սովորելով նրանց լեզուն, ծանոթանալով հայերի կրոնին, սովորույթներին, վարքուբարքին, իրենց կենսակերպով լիովին կապված լինելով հայերի հետ, շատ արագ ընտելացել ու յուրացրել են այդ ամենը և ի վերջո, հավանաբար 17-18-րդ դարերում, ըստ էության դարձել են հայ ժողովրդի ենթաէթնիկ հանրույթ։ Հայաստանցի գնչուների՝ հայախոս դառնալու և քրիստոնեություն ընդունելու հստակ ժամանակը թեև հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ այն տեղի է ունեցել ներգաղթից հետո առաջին դարերի ընթացքում։ Հետաքրքիր է, որ գնչուները նախքան այդ կրոնածիսական ձևավորված համակարգ չեն ունեցել կամ որևէ կոնկրետ կրոնի հետևորդ չեն եղել։

Որքան էլ տարօրինակ է, գնչուների ներգաղթի վերաբերյալ հայկական միջնադարյան աղբյուրները ուղղակի տվյալներ չեն հաղորդում (չհաստատված մի վարկածի համաձայն՝ որոշ աղբյուրներում գնչուները հիշատակվում են որպես արևորդիների միջնադարյան աղանդի հետևորդներ)։ Հետաքրքիր է հենց «գնչու» բառի իմաստային նշանակությունը՝ առաջացել է գրաբարում վկայված բնաձայնական «գնչել»՝ կակազել, թլվատ խոսել, բառերը լավ չարտասանել, բայից, սկզբնապես որևէ էթնիկական տարբերակում չի արտահայտել ու միայն իմաստային զարգացման արդյունքում է հետագայում կիրառվել որպես ցեղանուն։

Ինչ վերաբերում է բոշա անվան նշանակությանը, այդ հարցում կա երկու հիմնական տեսակետ․ ժողովրդական ստուգաբանությամբ, որը բավական տարածված է ինչպես հայ-բոշաների, այնպես էլ բուն հայերի շրջանում, այն առաջացել է թուրքերեն «բոշ»՝ զուրկ, դատարկ, չունևոր, բառից (այդ տարբերակը «բացատրող» բազմաթիվ ավանդություններ կան)։ Մինչդեռ իրանագետ, բոշաների լեզվի հետազոտող Վարդան Ոսկանյանի կարծիքով, օրինակ, բոշա անվանումը հնչաիմաստային ծագում ունի և հավանաբար կապված է Հայաստան ներթափանցած գնչուների լեզվում բ և շ հնչյունների հաճախակի և միաժամանակյա արտաբերման հետ (որպես տիպաբանական զուգահեռ կարելի է նշել զազա ցեղանունը)։ Հայաստանի տարբեր գավառներում բոշաներին տրված մյուս անվանումները՝ մըթըռբ, ջինգյան(ա), ղարաչի, լորիկ, աբդալ, գնչուներին հայերի հարևան ժողովուրդների՝ քրդերի, թուրքերի, պարսիկների կողմից տրված անվանումների փոխառյալ տարբերակներն են։

Ի դեպ, բոշաների՝ որպես առանձին հանրույթի անվան ամենավաղ գրավոր հիշատակություններն առկա են 16-17 դարերի պատմագրական աղբյուրներում։ Հայ-բոշաների մասին բացառիկ հետաքրքիր ու կարևոր տեղեկություններ է հաղորդում նաև 18-րդ դարի պատմիչ Աբրահամ Երևանցին՝ պատմելով 1724 թ․ հունիս-սեպտեմբերին թուրքական մեծաքանակ բանակի դեմ Երևանի հերոսական ինքնապաշտպանությանը նրանց մասնակցության մասին։ Ըստ պատմիչի՝ Կոնդ թաղամասում բնակվող շուրջ երկու հարյուր հայ-բոշա մարտիկներն իրենց առաջնորդների՝ մեծահարուստ Ղազարոսի, Կլդուզի, Դավիթի, Բեյրամի և Պետիկի գլխավորությամբ հայերի հետ կողք կողքի հերոսաբար կռվել են ավելի քան 35-հազարանոց թուրքական բանակի դեմ՝ բազմիցս հետ շպրտելով թշնամու գրոհները։

Բոշաների մասին մի քանի կցկտուր տեղեկությունների հիման վրա պարզ է դառնում, որ արդեն 16-18-րդ դարերում արդեն հայության հետ ձուլվող բոշաները բնակվում էին հիմնականում Հայաստանի արևմտյան ու հյուսիսային գավառներում՝ Կեսարիայից, Փոքր Հայքից ու Կարինից մինչև Երևան ու Գանձակ։ 1828-29 թթ․ ռուս-թուրքական պատերազմից հետո Կարինից ու Կարսից Ջավախք տեղափոխված բազմահազար հայ ընտանիքների հետ մեկտեղ նաև բոշա ընտանիքներ տեղափոխվեցին։ 19-րդ դարի վերջին Արևմտյան ու Արևելյան Հայաստանում բոշաների մոտավոր թիվը Գրիգոր Վանցյանի հաշվարկներով շուրջ 15 հազար էր, այլ տվյալներով՝ մինչև 50 հազար։ Թվաքանակի անորոշությունը կապված էր ինչպես բոշաների թափառական կամ կիսաթափառական կենսակերպի պատճառով ստույգ թիվը որոշելու դժվարությունների, այնպես էլ հայերի կազմում նրանց արագ ձուլվելու և ինքնության փոփոխությունների՝ առանց որևէ պայմանականության իրենք իրենց հայ համարելու փաստի հետ։

Բոշաների նկարագիրը

Ինչպես նշեցինք, դեռևս միջնադարում գնչու-բոշաները շատ արագ սկսել էին հարմարվել հայկական միջավայրին, դարձել գերազանցապես հայախոս ու քրիստոնյա, աստիճանաբար, բնականորեն և ինքնակամ ներառվել հայ ժողովրդի կազմում։ 19-րդ դարում արդեն բոլոր հայ հետազոտողները այս յուրահատուկ համայնքը նկարագրելիս օգտագործում են «հայ-բոշաներ» անվանաձևը՝ շեշտելով փաստացի հայերի մի մասը կազմելու հանգամանքը։ Բոլոր փաստերը վկայում են, որ հայ բոշաները լայն առումով հայկական ինքնության կրողներ էին և իրենց ազգային պատկանելության մասին հարցին հակիրճ պատասխանում էին՝ «հայ եմ»։ Ըստ Գր․ Վանցյանի՝ ծագումով բոշաներ էին հայ մանկավարժ, բանաստեղծ Հարություն Ալամդարյանը (1735-1834) և նրա քրոջորդին՝ ուրեմն մոր կողմից հայ-բոշա՝ նշանավոր հայ լեզվաբան ու արևելագետ Քերովբե Պատկանյանը (1833-1889):

Մյուս կողմից սակայն, հայ-բոշաները զգալիորեն առանձնանում էին «սովորական» հայերից, շարունակում էին ապրել բացառիկ ինքնաբավ, փակ ներհամայնքային հարաբերություններով՝ թեև կիսաթափառականի պարզ ու հասարակ, թեթև կենսակերպով։ Ձմեռն անցկացնում էին հայերից վարձած խրճիթներում, գարնանից սկսած՝ կարող էին անցնել շրջանից շրջան։ Հարկ է նշել, որ հայ-բոշաների ու հայերի միջև խառն ամուսնություններ գործնականում չէին լինում։ Ուշագրավ է նաև, որ համարվելով հայ քրիստոնյա և մկրտվելով բոլոր հայերի պես՝ բոշաներն իրականում անտարբեր էին կրոնական հարցերի ու ծեսերի հանդեպ։ Կրթության հանդեպ սեր չունեին և երեխաներին դպրոց հազվադեպ էին ուղարկում։ Ի դեպ, հայ բոշաները հայտնի էին բացառիկ օրինապահությամբ ու խաղաղասիրությամբ։ Ըստ Գր․ Վանցյանի՝ քրեական գործով որևէ բոշայի դատապարտման ոչ մի դեպք հայտնի չէր։

Հայ-բոշաների զբաղմունքը շատ կոնկրետ էր՝ տղամարդիկ պատրաստում էին ալյուրի մաղեր, երբեմն նաև կենցաղային մի քանի այլ մանր-մունր իրեր կամ երեխաների համար փայտյա խաղալիքներ, կային նաև ձիերի պայտառներ, էշերի ու ձիերի անասնաբույժներ, ինչպես նաև լավ երաժիշտներ, զվարճախոս բանասացներ ու հեքիաթասացներ, որ շրջում էին գյուղեգյուղ ու մասնակցում հայերի հանդիսություններին։ Սակայն տղամարդիկ հիմնականում մնում էին տանը, մաղեր պատրաստում և խնամում երեխաներին։ Բոշաների ընտանիքի սյունը և տան ապրուստի հիմնական վաստակողը կինն էր։

Բոշա տղամարդը ավանդական մաղը ձեռքին

«Բոշա կինն է, որ վարում է առևտրական մասը․ ձգում է մեջքին մի կաշվե պարկ, վրան ամրացնում մի-երկու կողով, ձախ թևից քաշ անում մի քանի մաղ, իլիկը կամ գուլպան խրում է գոտու մեջ և հաստ ու երկար ցուպն առած՝ այս ու այն տունն է մտնում՝ մաղը ծախելու և կամ պարենի հետ փոխելու, մուրալու մի այնպիսի պնդերեսությամբ, որ անտանելի է։ Մտնելով մի տուն՝ նա ցուպի հարվածներով պատկառելի հեռավորության վրա է պահում հարձակվող շներին և ապա տանտիրոջն առաջարկում է գնել մի բան և իսկույն սկսում է գովասանել նախ յուր ապրանքը, ապա տանտիկնոջ գեղեցկությունը, բարությունը, աչքերը, ունքերը․․․ Ծախե մի բան կամ ոչ, նա սկսում է մուրալ, նախ մի կտոր հաց և երբ ստացավ՝ մի կտոր պանիր, հետո մի հին շոր․․․ Այնքան արագ, ճարպիկ և գրավիչ խոսում է նա, այնքան հոտառությամբ գուշակում է, թե ինչ բան կարող է դյութել գնողին, այնքան սրախոս է, հաճոյացող, որ առանց մի բան առնելու՝ տնից դուրս չէ գնում։ Դրսում ամբողջ օրը, երբեմն շաբաթներ անցկացնելուց հետո ոչ մի րոպե պարապ չէ մնում, այլ քայլելիս իսկ կամ գուլպա է գործում, կամ բուրդ մանում։ Արագ քայլերով նա վերադառնում է տուն և ամբողջ վաստակը ամուսնուն հանձնում»,- այսպես է նկարագրում բոշա կանանց Վրթանես Փափազյանը։

Ի դեպ, հայ-բոշա կանայք, թափառական կենսակերպ վարելով հանդերձ, հայտնի էին իրենց բացարձակ բարոյականությամբ ու ամուսնական հավատարմությամբ։ Ինչպես դիպուկ նկատում է Գր․ Վանցյանը, ընդհանրապես հայ-բոշայի ազնիվ հատկություններն ակնհայտ են իրենց ցեղակից ու համարյա թե նույն կենսակերպը վարող մահմեդական գնչուների (չինգենե) համեմատ, ինչը նա բացատրում է հայկական միջավայրում ապրելու և հայերի դրական հատկանիշները յուրացնելու հանգամանքով։ «Մինչ թուրք գնչուն պատրաստ է հարմար րոպեին՝ առանց առիթը բաց թողնելու, թալանել մտած տունը, գողանալ ձեռքն ընկած ամեն առարկա, հայ բոշան երբեք, ոչ մի դեպքում այդպիսի ստորություն չի անի»,-նշում է Վանցյանը։

Հենց բոշա կանանց շրջմոլիկության հետևանքով էլ «բոշա» բառը ածականաբար կիրառվելիս հայերենում ձեռք է բերել «թափառաշրջիկ, աներես մուրացիկ, ուզվոր, թափթփված, փնթի» իմաստը, այդ պատճառով էլ բոշաներն իրենք խուսափում են այդ անվանումից՝ այն արհամարհական ու ծաղրական համարելով։ Ինչ վերաբերում է հայ-բոշաների լեզվին, որն իրենք անվանում են լոմավրեն (լոմ + հայերեն (ե)րեն ածանցը), դարերի ընթացքում շատ հետաքրքիր տեսք է ստացել՝ հնդիրանական ծագման բառապաշարով (արդեն 19-րդ դարում պահպանվել էր հազիվ 500-600 բնիկ գնչուական բառ) և հայերեն քերականությամբ։ 19-րդ դարում արդեն բոշաների զգալի մասը լոմավրեն լեզուն գրեթե չգիտեր, և այն գերազանցապես հայախոս դարձած բոշաների համար ձեռք էր բերել գաղտնալեզվի կարգավիճակ՝ կիրառվելով հիմնականում փակ հաղորդակցության նպատակներով։

1915-ի Մեծ եղեռնից հետո վերապրած արևմտահայ բոշաները տեղափոխվեցին Արևելյան Հայաստան։ Խորհրդային շրջանում հայ-բոշաները Հայաստանում բնակվում էին հատկապես Երևանում՝ Սարի թաղ, Քանաքեռ («Բոշի թաղ»), Նոր Մարաշ թաղամասերում, Նոր Խարբերդ գյուղում, Գյումրիում («Բոշի մայլա») և այլուր, ինչպես նաև Ջավախքում՝ հիմնականում Ախալքալաքում ու Ախալցխայում։ Սակայն հենց այդ ժամանակ էլ հայ-բոշաները գրեթե վերջնականապես «հայացան»։ Որպես դրա վառ վկայություն՝ բոշաները որպես ազգային փոքրամասնություն առանձին նշվել են միայն 1926 թ․ մարդահամարի ժամանակ՝ այն էլ ընդամենը մի քանի տասնյակ հոգի։

20-րդ դարի ընթացքում հայ-բոշաների կենսակերպը զգալի փոփոխությունների ենթարկվեց՝ ժամանակի ընթացքում նրանք գործնականում անցան նստակեցության, բացի այդ, մի կողմից պահանջարկի նվազման կամ բացակայության, մյուս կողմից երիտասարդության կենսակերպի ու աշխարհայացքի փոփոխության հետևանքով, հատկապես 1970-80-ական թթ․, շատ ավելի քիչ էին զբաղվում ավանդական զբաղմունքերով, մասնավորապես մաղագործությամբ։ 1990-ական թթ․ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով մի որոշ ժամանակ Հայաստանի բնակավայրերում երևում էին մաղ և այլ մանրուքներ վաճառող կամ փոխանակող բոշաներ (այս անգամ հիմնականում տղամարդիկ), սակայն դա էլ կարճ տևեց։ Այժմ արդեն փաստացի կարելի է խոսել նախկին կամ անհետացող հայ-բոշաների մասին, որոնք կորցնելով ավանդական կերպարի վերջին փշրանքները՝ գործնականում՝ թե կենսակերպով, թե զբաղմունքներով, չեն տարբերվում «մնացած» հայերից։

Աղբյուրներ Գ․ Վանցյան, Հայ բոշաներ, Մուրճ, 1892, N 7-8, N 9․ Պատմական ակնարկ հայ բոշաների անցյալից․ Մուրճ, 1894, N 7-8, Հայեր բոշաներից, Մուրճ, 1897, N 10 Վ․ Փափազեան, Հայ-բոշաներ, Ազգագրական հանդես, 1898, գիրք Գ, գիրք Դ Վ․ Ոսկանյան, Մի քանի խոսք բոշա անվան շուրջ, Հայկազյան հայագիտական հանդես, 2003, ԻԳ H․ Petrosian, Name and Prestige: Self-Designation,Outsider-Designation, and the Searchfor a Neutral Designation (On the System of Ethnonymsof the Armenian Gypsies), Anthropology & Archeology of Eurasia, vol. 41, no. 1 (Summer 2002)

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---