Մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին

Էդուարդ Նազարով.

Մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին

PanARMENIAN.Net - Ռեժիսոր, դերասան, անիմատոր. բոլոր այս թվարկումները անտեղի են, երբ խոսքը գնում է «Վինի-Թուխը» (1969), «Վինի-Թուխը հյուր է գնում» (1971), «Վինի-Թուխը եւ հոգսերի օրը» (1972) մուլտֆիլմերի բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովի մասին, որը հյուրընկալվել էր Երեւանում Մանկապատանեկան ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Երեխաների եւ մեծահասակների մուլտֆիլմի սիրված հերոսի ստեղծողի հետ զրույցում ակնհայտ դարձավ, որ այս մուլտֆիլմերի հերոսները ինչ-որ բանով հիշեցնում են հեղինակին: Ցավոք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխ» -ը այլեւս չի հրատարակվում Է.Նազարովի պատկերազարդմամբ :
Էդուարդ Վասիլեւիչ, աշխարհը բավականին արագ է փոփոխվում եւ, հավանաբար, այսօրվա երեխաները շատ են տարբերվում XX դարի երեխաներից:

Հավանաբար, սակայն ոչ այնքան, որքան մեծահասակները: Կարծում եմ, երեխաները մեծահասակներից խելացի են եւ այնուամենայնիվ ավելի քիչ են տարբերվում, այսինքն երեխան երեխա է մնում, երեխաները միշտ առջեւում են եւ մեծահասակները շատ դեպքերում պետք է հետեւեն երեխաների օրինակին:

Արդյո՞ք Ձեր խոսքերը նշանակում են, որ, նկարահանելով մուլտֆիլմեր, Դուք չեք ունենում դժվարություններ նույնիսկ մեր արժեքների փոփոխման այս դարաշրջանում:

Ինձ թվում է, ցանկացած աշխատանք դժվարին է ու բարդ, սակայն եթե այն հոգով ես կատարում, ոչ թե հենց այնպես: Շատ հեշտ է դատել այն մասին, ինչ դու չգիտես կամ չես կարողանում: Մինչդեռ աշխարհում ամեն ինչ է դժվար` դժվար է օդաչուի, նավաստու համար, սակայն դժվար է նաեւ մուլտիպլիկատորի եւ ֆիլմ նկարահանողի համար: Չէ որ կինեմատոգրաֆը, այդ թվում նաեւ անիմացիոն, ազդեցության մեծ ուժ ունի, ինչը մեծ պատասխանատավություն է դնում նրանց վրա, ով զբաղվում է ֆիլմերի ստեղծմամբ, հատկապես մանկապատանեկան ֆիլմերի:

«Վինի-Թուխը» ակտուլ է, այսինքն գիրքը մինչ այժմ վաճառվում է: Ի՞նչ եք կարծում, դրանում Ձեր ֆիլմն ինչ-որ դերակատարություն ունեցել է:

Հասկանում եք, Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի-Թուխն ու բոլորը-բոլորը-բոլորը» գիրքն արդեն չի հրատարակվում մեր նկարազարդումներով: Մի անգամ ես նկարազարդել եմ այն: Մի քանի տարի այդ գիրքը վաճաքում էր, իսկ հետո կապիտալիզմն իրենը վերցրեց` առավել խոշոր հրատարակչությունը, որը «կուլ տվեց» այն հրատարակչությանը, որտեղ ես էի աշխատում, արգելեց լույս ընծայել գիրքը, գնելով բոլոր իրավունքները: Իսկ ես հարկ չհամարեցի նոր որակի անցնել:

Ազդե՞ց արդյոք կինոն: Գուցե, որովհետեւ դա ինչ-որ կերպ փոխկապակցված է: Այլ բան, որ գիրքն ինքնին հրաշալի գիրք է: Ափսոս, որ մեր ընթերցողին չի հասնում գրքի բնօրինակը: Այն, ինչ ռուսերեն է թարգմանել Բորիս Զախոդերը , այնուամենայնիվ ողջ գիրքը չէ: Թեեւ, անշուշտ, նրա թարգմանությունը հանճարեղ է: Սակայն ձեր հարցին ես պատասխան տալ չեմ կարող:

Այսօր մանկապատանեկան կինոն պահանջարկ ունի՞:

Պահանջարկ ունի, սակայն այն չի քարոզվում եւ չի ստեղծվում անհրաժեշտ քանակով եւ անհրաժեշտ որակով: Կարծում եմ, փառատոները նպաստում են մանկապատանեկան կինոյի քարոզչությանը: Ես կարծում եմ, որքան փառատոնը փոքր է, այնքան այն ինչ-որ ընտանեկան տոն, հավաքույթ է հիշեցնում: Մեծ փառատոներում սովորաբար հանդիպում ենք, ծանոթանում ենք մասնակիցների հետ, հետո «հաջողություն եւ մինչ նոր հանդիպում» եւ դրանով ամեն ինչ ավարտվում է: Ինձ թվաց, որ Երեւանի մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնն այն նավի հովանու ներքո է, որն Արարատի վրա է` Նոյան տապանի հովանու ներքո եւ հավաքում է կինեմատոգրաֆիայի լավագույն ուժերը: Գալով Երեւան, ես սիրահարվեցի նրան: Ինձ Երեւանը շատ է հիշեցնում Փարիզը: Կան ջերմ ու սառը քաղաքներ: Օրինակ, Սանքտ Պետերբուրգը սառը քաղաք է, Մոսկվան, հատկապես վերջերս, դարձել է անհայտ ինչ-որ բանի հավաքածու, մեր իշխանություները ողջ Մոսկվան քանդեցին, իսկ Երեւանն, ինձ թվում է, դեռ պահպանվել է, գուցե պահպանվում է վերջին ճիգերով, սակայն պահպանվում է: Իսկ Երեւանում ստեղծվում է ջերմ եւ հարազատ մի մթնոլորտ եւ, հավանաբար, այդ տրամադրությունն է վստահություն ներշնչում, որ դու կարող ես միշտ վերադառնալ այս քաղաք, ինչպես ոք հայրենիք: Դա է ամենակարեւորը: Եվ ինձ թվում է, որ քաղաքը ղեկավարող ցանկացած մարդ պետք է հենց այդ մասին մտածի, քանի որ ինչպես ծնողներդ են, այնպես էլ քաղաքը` այն եւս քո ծնողն է: