15  Շառլ Ազնավուր

France 2-ը Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ կցուցադրի

France 2-ը Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ կցուցադրի

PanARMENIAN.Net - Ֆրանսիական France 2 հեռուստաալիքը հունվարի 20-ին աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ կցուցադրի: 1 ժամ 43 րոպե տևողությամբ «Ազնավուր» ֆիլմի հեղինակներն են Մարի Դյուքերը և Դամիեն Վերկամերը:

Ինչպես նշված է կայքում, Ազնավուրի երգերը, ինչպես, օրինակ, La Bohème-ը, Emmenez-moi-ն և Les Plaisirs démodés-ը, հայտնի են բոլորին և այսուհետ ժառանգության մաս են կազմում, սակայն ինքը՝ Ազնավուրն առեղծված է մնում:

Ազնավուրը, որն առաջին քայլերը բեմում արել է 9 տարեկանում, տարիներ անց հիշում է իր անցած անհավատալի ճանապարհը: Նա հիշում է իր մանկությունը, երկրում տեղի ունեցող իրադարձություններին իր ծնողների մասնակցությունը: Ազնավուրը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է երաժշտությանը և բեմին, պատմում է սկզբնական շրջանի դժոխքի մասին, երբ ոչ ոք չէր հավատում նրա տաղանդին, այնուհետև իր առաջին հաջողությունների և վերջապես համաշխարհային փառքի մասին:

Տարիներ շարունակ նա բազմիցս քննադատությունների է ենթարկվել իր ֆիզիկական ցուցանիշների, փոքր հասակի, մեծ քթի և ձայնի պատճառով, ասված է ֆիլմի նկարագրության մեջ, գրում է Tert.am-ը:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

Հոկտեմբերի 3-ին Ազնավուրը համերգով հանդես եկավ Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարում է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը՝ նշելով, որ ապրում է ակտիվ և առողջ կյանքով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---