Genealogy-ի երգը ձայնագրված է, տեսահոլովակը՝ նկարահանված. Պրեմիերան մարտի 12-ին է

Genealogy-ի երգը ձայնագրված է, տեսահոլովակը՝ նկարահանված. Պրեմիերան մարտի 12-ին է

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մանրամասներ է ներկայացրել է «Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանի մասնակցության կոնցեպտի, Genealogy գաղափարի, Don’t deny երգի և տեսահոլովակի մասին։ Նա մասնավորապես հայտնում է. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի այս տարվա ֆանտաստիկ նշանաբանը մեզ ոգեշնչեց ստեղծել Genealogy-ն:

Մեր 6 մասնակիցներին իրար միավորում է 2 առանձնահատկություն՝ առաջինն այն է, որ նրանց երակներով հոսող արյունը պարունակում է հայի գենը, դիմագիծն ու Հայաստան երկրի հարուստ պատմությունը: Եվ երկրորդ՝ երաժշտությունը, որը նույնպես գենետիկորեն միավորում է: Մենք «կամուրջ ենք կառուցել» անցյալի ու ներկայի միջև, հայկական գենետիկայի ու համաշխարհային երաժշտության միջև, Հայաստանի ու «Եվրատեսիլ»-ի միջև»:

Հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշել է՝ բազմաթիվ տաղանդավոր արտիստներ ունենք աշխարհով մեկ սփռված և ցանկացած հայ գիտի «Հայաստան-Սփյուռք-Արցախ» միասնության մասին: Գաղափարն իրականացնելիս և մասնակիցներին ընտրելիս հիմնական դժվարությունը հստակ ուղղություն, հստակ աշխարհագրություն ընտրելու անհրաժեշտությունն էր: «Սկսեցինք փնտրել շնորհալի, երիտասարդ և բարետես արտիստների: Սկզբնական ցուցակը բավական մեծ էր, այն ներառում էր շուրջ 30 հոգի, բայց, քանի որ «Եվրատեսիլ»-ում թույլատրելի են միայն 6-ը, Հանրային հեռուստաընկերությունը կատարեց խիստ ընտրություն՝ հաշվի առնելով կենդանի երգելու նրանց կարողությունները, ոճային և ձայնային տարբերություններն ու առանձնահատկությունները», - նշել է Գոհար Գասպարյանը:

Եվրոպա աշխարհամասից Եսայի Ալթունյանը գեղեցիկ ձայն ունենալուց բացի ընտրվել է Հայաստանում ունեցած որոշ հայտնիության շնորհիվ. մասնակցել էր Հանրայինի երաժշտական նախագծերից մեկին, նկարահանել Երևանին նվիրված տեսահոլովակ:

Ասիա աշխարհամասում նույնպես շատ էին մասնակիցները, բայց Ստեֆանի Թոփալյանը բացահայտում էր՝ Հայաստանում ոչ ոք երբևէ չէր լսել նրա մասին: Գոհար Գասպարյանը նշել է. «Դժվար էր նրան համացանցում գտնելը բայց ճակատագիրը հրաշքներ է գործում: Ճապոնահայի հետաքրքիր դիմագծերով և նուրբ ձայնով մեր հայրենակցուհին նույնպես միացավ նախագծին»:

Ամերիկայի դեպքում ընտրությունն ավելի հեշտ էր՝ այնտեղ հայ համայնքը մեծ է և Հանրայինում որոշ չափով ճանաչում են բոլորին: Բացահայտումներ եղան Հարավային Ամերիկայում, բայց, Թամար Կապրելյաը ննույնպես ուներ որոշակի հայտնիություն հայ երկրպագուների շրջանում, որոնք նույնիսկ մի քանի տարի առաջ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում էին «Եվրատեսիլ»-ում նրա թակնածության օգտին:

Աֆրիկայում ընտրությունն այդքան էլ մեծ չէր՝ հայերը հիմնականում Եթովպիայում և Եգիպտոսում են: Վահե Թիլբյանին ընտրվել է, որովհետև կենդանի երգելու փորձ ունի, հիմնականում նվագախմբով է հանդես գալիս, ինչպես նաև մեծ հայրենասեր է և էնտուզիաստ:

«Ավստրալիայում մենք ունենք ավագ սերնդի հրաշալի երգչուհի, մասնագետ Արաքս Մանսուրյան, հենց նա էլ խորհուրդ տվեց լսել իր աշակերտներից մեկին՝ Մերի-Ջինին: Այս ընտրությունը տևեց ընդամենը 1 րոպե: Առանց երկար մտածելու համաձայնեցինք, որովհետև օպերային երգչուհու այս հզոր ձայնը գերում է հենց առաջին րոպեից», - նշել է Գոհար Գասպարյանը: Խմբում չէր կարող չլինել Հայաստանի Հանրապետությունից որևէ մեկը, քանզի կամուրջը ստեղծվում է հենց Հայաստանի և «Եվրատեսիլ»-ի միջև: «Նա կբացահայտվի տեսահոլովակի պրեմիերայով, միացնող օղակն է, մեր «ծագումնաբանության» գենետիկ կապը: Նրա ձայնը հզոր է և բազմաոճ, նույնիսկ երգում նա կարծես կապող օղակն է 5 ձայների», - նշել է Հայստանի պատվիրակության ղեկավարն ու ավելացրել, որ երգը նույնպես անցել է ներքին ընտրության փուլ:

Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմն ընտրել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի և խոսքերի հեղինակ Իննա Մկրտչյանի համատեղ աշխատանքը. այն ամենից համահունչն էր 6 երգչիի, «Եվրատեսիլ»-ի ֆորմատի և ցանկալի տրամադրության համար:

«Որոշվեց երգը և տեսահոլովակը միաժամանակ մատուցել հանդիսատեսին: Կարծում ենք, որ այդպես երգն ավելի է տպավորվում և ասելիքն ավելի ցայտուն է լինում: Երգը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդիկ միասնական ու հաշտ են միմյանց հետ (ընտանիքում, սիրային և այլ հարաբերություններում): Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են», - մանրամասնել է Գոհար Գասպարյանը:

Մասնակիցները կարճ ժամանակով այցելել են Հայաստան, ձայնագրել երգը, նկարահանվել տեսահոլովակում, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Լուսանկարվել են մի քանի օրիգինալ ֆոտոշարքերում՝ աշխատելով ոճաբան Արմեն Գալյանի հետ:

Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 12-ին Հանրայինի երեկոյան եթերում` ժամը 21:30-ին, «Առաջին լրատվական»-ի հիմնական թողարկումից անմիջապես հետո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---