Անրի Վերնոյի որդին Երևանում է. Պատմել է հոր ստացած 1 բեռնատար նամակների և իր արցունքների մասին

Անրի Վերնոյի որդին Երևանում է. Պատմել է հոր ստացած 1 բեռնատար նամակների և իր արցունքների մասին

PanARMENIAN.Net - Այսօր՝ ապրիլի 2-ին Երևանում կայացել է «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: «Այս գիրքը, այնուհետև նաև ֆիլմը, իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտքն էր»: Խոսքերի հեղինակը ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյն է՝ նույն ինքը Աշոտ Մալաքյանը:

Անրի Վեռնոյը գիրքը գրել է 1985 թվականին: Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սոֆիկ Ավագյանը 1988 թվականին ԱՄՆ-ում:

Երևանյան շնորհանդեսին ներկա էր արվեստագետի որդին՝ Պատրիկ Մալաքյանը:

«Հայրս հրավիրվում է մի հեռուստահաղորդման: Պետք է պատմեր իր կյանքից մի պատմություն: 20 րոպե նա պատմում իր հոր, մոր, երկու մորաքույրերի մասին: Այն սերը, որ նա տածում էր նրանց հանդեպ, չէր կարող անտարբեր թողնել որևէ մեկին: Հաղորդումից հետո վերադառնում է տուն: Մեկ շաբաթից զանգահարում են հեռուստաընկերությունից ու ասում, որ նամակ ունի: Հայրս ասում է՝ ուղարկեք: Ասում են՝ մի բեռնատար է անհրաժեշտ բոլոր նամակները տեղափոխելու համար: Այդ բոլոր նամակների մեջ հիմնականում գրված է եղել, որ հաղորդումից հետո զանգահարել են իրենց մայրերին ու ասել, որ սիրում են իրենց: Այնուհետև նա գրեց «Մայրիկ» գիրքը»,- պատմել է Պատրիկ Մալաքյանը, գրում է Panorama.am-ը:

Նրա ներկայացմամբ, հայրը շատ լավ պատմող էր և գրքում ներկայացրած պատմություններն ինչպես հենց իրենց կյանքից է, այնպես էլ լսել է շրջապատից:

«Քանի որ Մարսելի ամբողջ հայկական համայնքն անցնում էր վերնաշապիկների այն կրպակով, որ իրենք ունեին, որտեղ ամեն մեկը պատմում էր իր պատմություն, հայրս լսել էր նրանց: Այսպես նա գրքում պատմում է իր սեփական և որոշ մասեր՝ մյուսների պատմությունից: Երբ առաջին անգամ կարդացի այն, շատ վատ զգացի ինձ: Հենց առաջին իսկ նախադասությունից արցունքներս թափվեցին: Դա իմ պատմություն է, իմ արմատների պատմությունն է: Ես ճանաչել եմ իմ տատիկին: Երբ նկարահանվում էր ֆիլմը, ես առաջին ասիստենտն էի, փորձում էի կողքից հայացք նետել ու ձերբազատավել զգացմունքներից, որպեսզի կարողանայի աշխատել, բայց շատ բարդ էր»,- պատմել է նա:

Պատրիկ Մալաքյանը հայերեն չգիտի, ինչի համար զայրանում է հոր վրա, որ այդպես էլ չսովորեցրեց: Իսկ տատիկն էլ չի սովորեցրել, քանի որ տվյալ հասարակությանն ինտեգրվելու հարց կար:

«Հայրս ինձ չի պատկանում: Նա ձեզ է պատկանում»,- իր խոսքում ընդգծել է Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը:

Ապրիլի 2-5-ը Երևանում Անրի Վերնոյի օրերն են: Ապրիլի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարակից փողոցը հանդիսավորությամբ կկոչվի Անրի Վեռնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Այդ օրը միջոցառմանը ներկա կլինի նաև Անրի Վեռնոյի դուստրը:

Ֆրանսահայ ռեժիսորը 1991-ին նկարահանել է «Մայրիգ» ինքնակենսագրական ֆիլմը՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության տարիներին Մարսել տեղափոխված ընտանիքի պատմությունը, որ սկսվում է Թեհլերյանին արդարացնելու մասին լուրով: Առանցքում 6-ամյա Ազատի հիշողություններն են հոգատարության, դժվարությունների, մարդկանց հայացքների և մտքերի մասին: Ֆիլմի սցենարը գրվել է ավելի քան 40 տարբերակով, բայց միայն մեկն է 1985-ին հրապարակվել և թարգմանվել տասը լեզվով, ընդհանուր 200.000 օրինակով։ Գլխավոր դերակատարներից Օմար Շարիֆին ֆիլմում նկարահանվելու համար արգելվել է Թուրքիա մտնել:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---