Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը 2 ներկայացում կխաղա Երևանում

Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնը 2 ներկայացում կխաղա Երևանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևանում կկայանա Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան թատրոնի հյուրախաղերը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում թատերախումբը կներկայացնի «Արմենիադա» բեմադրությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վլադիմիր Գաբբեն է, երաժշտական ղեկավարը՝ կոմպոզիտոր Մադաթ Ավանեսովը, դերակատարներ` Լուիզա Գաբբե, Սվյատոսլավ Սանցևիչ, Վլադիմիր Գաբբե, Սվետլանա Սիվեց, Գևորգ Պողոսյան:

Ներկայացման պրեմիերան կայացել է 2015-ի ապրիլի 13-ին, Մոսկվայի միջազգային երաժշտության տան Սվետլանովյան դահլիճում: Սա բացառիկ բեմական լուծումներով (կինո-թատրոն համադրություն) ներկայացում է, որը ժամանակակից հանդիսատեսին հնարավորություն է տալիս մտովի տեղափոխվել մեր նախնիների երկիր:

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Կյանքը չես խաղա կրկին» ներկայացումը:

Դերակատարներ՝ Լուիզա Գաբբե, Սվյատոսլավ Սանցևիչ, Վլադիմիր Գաբբե, Սվետլանա Սիվեց, մեներգիչ՝ Գևորգ Պողոսյան, դաշնակահար՝ Մադաթ Ավանեսով: Ծրագրում՝ Վ. Վիսոցկի, Բ. Ակու¬ջա¬վա, Ռ. Ռոժդեստվենսկի, Մ. Ցվետաևա, Ի. Բրոդսկի, Ե. Եվտուշենկո, Բ. Ախմադուլինա:

Մոսկվայի Սերգեյ Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը հիմնադրվել է 1994-ին, ավելի քան 20 տարում հյուրախաղերով եղել է Եվրոպայի և ԱՊՀ–ի բազմաթիվ երկրներում։ Մինչև տարեվերջ թատրոնը հյուրախաղերով կլինի Ֆրանսիայում` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված ծրագրի շրջանակում։

Թատրոնն առաջին անգամ Հայաստան է այցելել 2009-ին՝ Փարաջանովի 85–ամյակի կապակցությամբ։

Հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում։ Իր առաջին լիամետրաժ «Անդրիեշ» ֆիլմը ռեժիսորը նկարահանել է 1955-ին, ապա՝ «Առաջին տղան», «Ուկրաինական ռապսոդիան», «Ծաղիկը քարի վրան»: Համաշխարհային ճանաչման Փարաջանովն արժանացավ 1964-ին նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքն ու 28 պարգև ստացել: Ֆիլմն ուկրաինացիների էթնիկական խմբի՝ գուցուլների մասին է. այստեղ ներկայացված են ոչ միայն ժողովրդական ծեսերը, հավատալիքները, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր աշխարհը, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը:

1966-ին սկսել է աշխատել «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի վրա, բայց այն արգելեցին, այդտեղից մի քանի կադր է պահպանվել: Նրա արվեստի ինքնատիպությունը հաստատվել է 1969-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» ֆիլմով: Փարաջանովի ստեղծագործական գործունեությունն ընդհատվել է 1973-ի դեկտեմբերի 17-ին, երբ՝ մեղադրելով արվամոլության մեջ, նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման: 4 տարի անց ֆրանսիացի հայտնի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ նրան ազատ արձակեցին, բայց1982-ին Փարաջանովը կրկին ձերբակալվեց ու 11 ամիս պահվեց Օրթաճալայի բանտում: Բայց անգամ այնտեղ ռեժիսորը շարունակում էր ստեղծագործել՝ ինքնագործ թատրոն, կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ:

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը հիվանդության պատճառով անավարտ մնաց, բայց նյութերն ամբողջությամբ օգտագործվեցին Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարունը» վավերագրական ֆիլմում:

Փարաջանովին նվիրված մոտ 20 ֆիլմ կա, 1991-ից Երևանում գործում է նրա տուն-թանգարանը, որտեղ հավաքված են ռեժիսորի գծանկարները, կոլաժները, մանրանկարներն ու Թբիլիսիի բնակարանից բերված իրերը: 2005-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնը սահմանել է Փարաջանովի անվան՝ «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---