Կոմպոզիտոր Մանսուրյանը՝ «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահ

Կոմպոզիտոր Մանսուրյանը՝  «Ոսկե ծիրան»-ի ժյուրիի նախագահ

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի նախագաh է ընտրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Մանսուրյանին բոլորն են սիրում` թե՛ երաժշտությունը, թե՛ անձը, թե՛ որպես քաղաքացի: Երբեմն ես վախենում եմ, քանի որ մտածում եմ, որ եթե «Ոսկե ծիրան»-ը չլինի, մեր մեծերին ոչ ոք չի հիշի: Չէ, կհիշեն, բայց նրանց պետք է հիշել ոչ միայն հոբելյանների ժամանակ»,- ասել է Խաչատրյանը, մեջբերում է Yerkir.am-ը:

Հունիսի 22-ին ներկայացվել է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը:

Կոմպոզիտորը ծնվել է Բեյրութում 1939-ի հունվարի 27-ին, 1947-ին ընտանիքը հայրենադարձվեց Հայաստան և բնակություն հաստատեց Արթիկում: Մանսուրյանն ավարտեց տեղի յոթնամյա դպրոցը, Երևանի երաժշտական ուսումնարան ընդունվելու համար սովորեց նոտաները: 1956-ին ընտանիքը տեղափոխվեց Երևան: Հետո արդեն կոնսերվատորիան էր, ստեղծագործ տարիները:

Մանսուրյանին բոլորը գիտեն «Կտոր մը երկինք» ֆիլմի համար գրված նրա երաժշտությամբ՝ շատ հուզական, սրտաբուխ և այդքան հարազատ Վահան Թոթովենցի ստեղծագործության ոգուն, որի նովելով էլ նկարահանվել է ֆիլմը: Մանսուրյանն այդ երաժշտությունը գրել էր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի համար՝ հենց մանսուրյանական ձեռագիրը փոխանցեց ֆիլմի ամբողջ իմաստը: Միխայիլ Վարդանովի «Աշնանային հովվերգություն», Հենրիխ Մալյանի «Մենք ենք՝ մեր սարերը», Բ. Հովհաննիսյանը «Տերը» Հրանտ Մաթևոսյանի վեպի մոտիվներով, Սերգեյ Իսրայելյանի «Սպիտակ անուրջները», անզուգական «Մեր մանկության տանգոն» Գալյա Նովենցի ու Ֆրունզիկ Մկրտչյանի դերակատարմամբ, որի ռեժիսորն է Ալբերտ Մկրտչյանը, ահա ֆիլմերի այն ոչ լիարժեք ցանկը, որտեղ հնչում է Մանսուրյանի երաժշտությունը, հաճախ, պարզապես ֆոնից վերածվելով ֆիլմի լիիրավ հերոսի, երբեմն նույնիսկ՝ գլխավոր:

Մանսուրյանը նաև երաժշտություն է գրել Ներսես Շնորհալու, Գրիգոր Նարեկացու, Խաչատուր Կեչարեցու, Նահապետ Քուչակի, Հովհաննես Թումանյանի, Չարենցի, Կոստան Զարյանի, Մաթևոս Զարիֆյանի, Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Ռազմիկ Դավոյանի խոսքերով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---