Սերժ Թանկյանը երգ է գրել Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի համար

Սերժ Թանկյանը երգ է գրել Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի համար

PanARMENIAN.Net - System of a Down խմբի մենակատար, հայտնի երաժիշտ և երագահան Սերժ Թանկյանը հայտարարել է, որ ավարտել է աշխատանքը Հայոց ցեղասպանութան մասին «Խոստում» ֆիլմի համար երգի վրա:

«Շատ երջանիկ եմ, որ ավարտեցի այս հիանալի երգը, որի վրա Authentic Light Orchestra-ից իմ ընկերների հետ աշխատել եմ «Խոստում» ֆիլմի համար»,-գրել է Թանկյանն իր Ինսթագրամում:

Ֆիլմի նկարահանման աշխատանքները ֆինանսավորում են 2015-ի հունիսին մահացած ամերիկահայ գործարար և բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով: Այն պատմում է սիրային եռանկյունու մասին` իրադարձությունները տեղի են ունենում Ցեղասպանության տարիներին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2016 թվականի դեկտեմբերին:

Կինոկտավի ռեժիսորն է 2012 թվականին լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Օսկարի» արժանացած և Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող «Հոթել Ռուանդա» ֆիլմի հեղինակ Թերի Ջորջը: Դերասանների թվում են Քրիսթիան Բեյլն, Օսկար Այզեքը, Ջեյմս Քրոմվելն ու Ժան Ռենոն:

Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:

Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

Ընթերցեք նաև. Ցեղասպանության մասին Քըրքորյանի ֆինանսավորված ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2016-ի դեկտեմբերին

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---