Naxos Grand Piano-ն առաջին անգամ թողարկել է Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների հավաքածուն

Naxos Grand Piano-ն առաջին անգամ թողարկել է Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների  հավաքածուն

PanARMENIAN.Net - Այսօր դասական երաժշտության առաջատար միջազգային թողարկող Naxos Grand Piano ընկերությունն առաջին անգամ թողարկել է Ալեքսանդր Հարությունյանի դաշնամուրային ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ, որում նաև ներառված են համաշխարհային պրեմիերաներ և հայտնի ստեղծագործություններ:

Այդ թվում, «Երեք երաժշտական պատկեր» և «Վեց տրամադրություն» շարքերը, Պոլիֆոնիկ սոնատը, պրելյուդները, մանրանվագները և այլն:

Սկավառակը մոտ օրերս հասանելի կլինի աշխարհի հայտնի երաժշտական խանութներում՝ Սինգապուրից մինչև Ֆրանսիա, Գերմանիայից՝ Արգենտինա: Փետրվար ամսից այն արդեն հասանելի կլինի նաև Հայաստանում:

Naxos grand piano-ն արդեն երկրորդ անգամ է անդրադառնում «Հայկական հնգյակ»-ին՝ 2014թ. թողարկելով Հայկ Մելիքյանի սոլո-ալբոմը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ամբողջական դաշնամուրային մենանվագ ստեղծագործություններին, որը մեծ արձագանք ստացավ համաշխարհային երաժշտական քննադատների և դասական երաժշտության սիրահարների շրջանում:

Ալեքսանդր Հարությունյան (սեպտեմբերի 23, 1920, Երևան - մարտի 28, 2012, Երևան), Խորհրդային և հայ կոմպոզիտոր և դաշնակահար է, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր (1977), աշխարհահռչակ հատկապես իր շեփորի կոնցերտով, որը Նյու Յորք Թայմսը նկարագրել է որպես հնչեղ։

«Սայաթ-Նովա» քնարական-դրամատիկական օպերայում հեղինակն ստեղծագործաբար օգտագործել է մեծ աշուղի մի քանի երգ։ Փոքր կտավի երկերից են «Հայրենիքիս հետ» (ըստ Հովհաննես Թումանյանի) երգ-կանտատը, «Հուշարձան մայրիկիս» (ըստ Հովհաննես Շիրազի) վոկալ շարքը, դաշնամուրային մանրանվագներ և այլն։

Հարությունյանի ստեղծագործության մեջ առանձնանում են կոնցերտները. գրել է 13 կոնցերտ՝ տարբեր գործիքների (դաշնամուր, գալարափող, տուբա, տրոմբոն, ֆլեյտա և այլն) համար։ Լավագույն գործերից են նաև Սիմֆոնիան՝ երգչախմբի և հարվածային գործիքների, Սիմֆոնիետը՝ լարային նվագախմբի, Թեմա և վարիացիաները՝ շեփորի ու նվագախմբի, Պոեմ՝ թավջութակի և նվագախմբի, Սյուիտը՝ ջութակի, կլառնետի և դաշնամուրի, «Քարավան» պիեսը՝ կլառնետի և էստրադային նվագախմբի համար, գործիքային սոնատները և այլն։ Գրել է նաև խմբերգեր, երգեր։

1988-ին կոմպոզիտորն ստեղծել է հանրահայտ Ջութակի կոնցերտը՝ նվիրված Սպիտակի երկրաշարժին։ Նրա ստեղծագործություններին բնորոշ են մեղեդայնությունը, ճկուն և յուրահատուկ ռիթմը, ազգային վառ կոլորիտը, կառուցվածքի հստակությունը, ինքնատիպ արտահայտչամիջոցները։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---