«Ավրորա» նախաձեռնությունը հայտարարել է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկանների համար

«Ավրորա»  նախաձեռնությունը հայտարարել է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկանների համար

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է գեղարվեստական մրցույթ 7-14 տարեկան երեխաների և պատանիների համար:

Մրցույթին պետք է ներկայացնել գեղանկարներ, քանդակներ, փայտագործության և կերամիկական աշխատանքներ, բատիկ, թվային գրաֆիկական պատկերներ: Նախաձեռնության կազմակերպիչները հայտնւմ են, որ աշխատանքները պետք է արտահայտեն մարդկային կյանքի արժևորման, խիզախության, նվիրվածության, բարին գործելու եւ լուսավոր ապագայի մասին գաղափարները:

Գեղարվեստական աշխատանքները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո:

Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել աշխատանքը և ուղարկել art@auroraprize.com էլեկտրոնային հասցեով: Նամակում պարտադիր է նշել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, բնակավայրի անունը, հեռախոսահամարը, գեղարվեստական դպրոցի անունը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգևներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին, Երևանում:

2017թ. ապրիլի 24-ից մինչև մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Երևանում կկազմակերպվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն մրցույթի լավագույն աշխատանքները, կկազմակերպվեն վարպետության դասեր:

«Մենք հավատում ենք, որ անգամ ամենադաժան օրերին լուսավոր ապագան նրանց ձեռքերում է, ովքեր կարողանում են մարդկանց օգնել և հուսադրել: Մենք անհամբերությամբ սպասում ենք խիզախությունը, փոխօգնությունն և հույսն արտացոլող ձեր գեղարվեստական աշխատանքներին»,- նշվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կայքում տեղադրված հաղորդագրության տեքստում:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում և օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը և 100 LIVES նախաձեռնությունը։

«Ավրորա» նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Այն ներկայացված է երեք հիմնադրամների կողմից՝ 100 Lives հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնև, Շվեյցարիա) և IDeA հիմնադրամ (Երևան Հայաստան):

Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվելու է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։ Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---