«Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրին հայտնի է

«Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրին հայտնի է

PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի կազմը: Մրցույթը մեկնարկել է 2017թ. հունվարին: Ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստագետներ և մշակույթի գործիչներ Հայաստանից, որոնք ընտրելու են 7-14 տարեկան երեխաների ներկայացրած աշխատանքները:

«Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրին գլխավորում է մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը:

«Այս մրցույթը լավ հնարավորություն է մարդկանց, հատկապես երեխաներին և պատանիներին համախմբելու մարդասիրության գաղափարի շուրջ: Չափազանց կարևոր է, որ «Ավրորան» մրցույթին հրավիրում է մասնակցելու երեխաներին ողջ աշխարհից: Ես հավատում եմ, որ աշխատանքներն ավելի գունեղ են պատկերելու մարդասիրության թեման, քանի որ մանուկներն ավելի լավ են ընկալում աշխարհը, քան մենք», - ասել է Մարտիրոսյանը:

Ժյուրիի մյուս անդամներն են կոմպոզիտոր և «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը, լրագրող, թատերագետ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA)» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը, նկարիչներ Տիգրան Մատուլյանը և Արև Պետրոսյանը, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքի հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգևներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին, Երևանում: Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է: Ժյուրիի կազմը

Գայանե Մարտիրոսյանը մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր է: Նա դասավանդում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում: Մի շարք մուլտֆիլմերի հեղինակ է՝ ներառյալ «Վիշապագորգի գաղտնիքը» շարքը (2008-2016), «Երեք զանգակ» (2002), «Պատերազմը մեր փողոցում» (1989) և այլն: Նա բազմաթիվ տեղական և միջազգային մրցանակների դափնեկիր է: Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է և թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն և ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը հրապարակվել են 5 ալբոմներում՝ «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Էլեոնորա Մալխասյանը լրագրող է և թատերագետ: Նա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA)» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավարն է: Աշխատել է մի շարք մշակութային պարբերականների համար, այդ թվում՝ Լոս Անջելեսում լույս տեսնող «Մուսա» պարբերականը: 2002թ. լույս տեսած «Հայաստանի թանգարաններ» գրքի համահեղինակն է:

Տիգրան Մատուլյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներում աշխարհի տարբեր երկրներում: Արև Պետրոսյանը «Արև» պատկերասրահի հիմնադիրն է. նրա աշխատանքները ներկայացվել են մի շարք տեղական և միջազգային ցուցահանդեսներում և պատկերասրահների հավաքածուներում: Նկարիչը նաև հայտնի է իր բարեգործական և հանրային գործունեությամբ, որն ուղղված է կարիքավոր, ծնողազուրկ երեխաների, տարեցների, կանանց առողջապահական և այլ խնդիրների լուծմանը:

Հրանտ Վարդանյանը ռեժիսոր է: Նա 1995թ. ստեղծել է իր առաջին «Լռություն» կարճամետրաժ ֆիլմը: Մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի հեղինակ է: Նա ստեղծել է բազմաթիվ երաժշտական հոլովակներ հայազգի հանրահայտ երաժիշտների համար: 2011թ. Հրանտ Վարդանյանը հիմնել է «Արև» կինոստուդիան: 2014թ. «Սպիտակ գառան երազը» ֆիլմի համար նա արժանացել է Ազգային կինոյի «Հայակ» մրցանակի:

Կարդացեք նաև՝ Կարճամետրաժ ֆիլմերի և լուսանկարների «Ավրորա» մրցույթ է հայտարարվել

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---