Հայաստանի վարչապետը հարգեց հայ ականավոր բանաստեղծ Վահան Տերյանի հիշատակը

Հայաստանի վարչապետը հարգեց հայ ականավոր բանաստեղծ Վահան Տերյանի հիշատակը

PanARMENIAN.Net -
Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ փետրվարի 9-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրեց մեծանուն բանաստեղծի հուշաքարին:



Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, բանաստեղծի հիշատակի արարողությունը միայն սկիզբն է նրա հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը: Մտավորականներից ու պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հոբելյանական հանձնաժողովի նախագահն է վարչապետը:



Նույն հաղորդագրության մեջ ասվում է. «Հոբելյանական միջոցառումները ներառում են ինչպես ավանդական տերյանական օրեր բանաստեղծի ծննդավայրում եւ Օրենբուրգում (Ռուսաստանի Դաշնություն), այնպես էլ ուսանողական մրցույթ-փառատոն, հուշանվեր-գրքույկի հրատարակում, «Գրական թերթի» հոբելյանական համարի թողարկում, հայ նկարիչների եւ գրականության ցուցահանդեսներ, համադպրոցական մրցույթներ, «Վահան Տերյան» հանրագիտարանի հրատարակում, Վ. Տերյանի անվան կրթաթոշակի սահմանում, նամականիշի թողարկում եւ այլն»:





Վահան Տերյան

Վահան Տերյանն ականավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ է, ծնվել է 1885թ Ախալքալաքի Գանձա գյուղում` հոգեւորականի ընտանիքում: 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները: 1899թ. ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի հետ: Լազարյան ճեմարանն ավարտելուց կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի բանտը:

Տերյանը սովորել է Մոսկվայի եւ Պետերբուրգի համալսարաններում, միաժամանակ գնալով ակտիվ գործունեություն ծավալել հանուն հայ ժողովուրդը թուրք ենիչերիներից փրկելու եւ մարդասիրության բարձր գաղափարների հաստատման: 1908թ. Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի ստեղծագործությունների առաջին ժողովոծուն` «Մթնշաղի անուրջներ», 1915թ. «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» հայտնի շարքը:

Վահան Տերյանը մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանն ու քաղաքացիական պատերազմին, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է եղել մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանել է 1920թ.:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---