Արմեն Մարտիրոսյան. Հայաստանը շատ է հետ մնում գրատպության միջազգային միտումներից

Արմեն Մարտիրոսյան. Հայաստանը շատ է հետ մնում գրատպության միջազգային միտումներից

PanARMENIAN.Net - «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային փառատոնն առաջին նման միջոցառումն է Հարավային Կովկասի տարածքում, որն անցկացվում է Հայաստանում Գրատպության 500-ամյակին ընդառաջ: Այն ուղղված է Հայաստանում միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության միջոցով կնպաստի Հայաստանում ժամանակակից գրականության, թարգմանական գործի, գրքի ձևավորման մշակույթի, գրատպության դաշտի զարգացմանը»,- հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Խնկո Ապեր» ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

Փառատոնին մասնակցելու հայտ ներկայացրած 25 հրատարակչություններից մեկի` Antares Holding-ի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանը շատ է հետ մնում գրատպության միջազգային միտումներից, և երկրում շատ քիչ ջանքեր են գործադրվում ընթերցողին գրավելու համար:

Գրքարվեստի միջազգային փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 7-ը: Այն ներառում է մի շարք բազմազան միջոցառումներ, այդ թվում` գրքի բացօթյա տոնավաճառ, որի ժամանակ Հայաստանի հրատարակիչները կներկայացնեն իրենց վերջին տարիների հրատարակությունները, «Հեքիաթի դեսպաններ» խորագրի ներքո ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները կկարդան իրենց ազգային հեքիաթները, ինչպես նաև «Գրքերի մոլորակ» ցուցահանդես, համաշխարհային արվեստի ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, «Բիթնիկների գրականությունը և պոեզիան 50-ականների Ամերիկայում» խորագրով դասախոսություն, սեմինար-քննարկումներ և այլ միջոցառումներ, որոնց մեծ մասը տեղի կունենա Երևանի Ազատության հրապարակում:

Փառատոնի պաշտոնական բացումը կկայանա հոկտեմբերի 2-ին «Խնկո Ապեր» ազգային մանկական գրադարանում: «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---