22  "Հրազդան" մարզադաշտի նախագծումը, կառուցումը և առաջին խաղը
Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս վերջին

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս վերջին

«Հրազդանը» սրտատրոփ ու կարոտով սպասում է ֆուտբոլային հաղթանակած հանդիպումների

Այս ժամանակահատվածում, երբ մենք պատրաստում էինք «Հրազդանի» մասին հոդվածաշարը, շփվում տարբեր մարդկանց հետ, տեսնում նրանց հուզումները, երբ վերհիշում էինք այս ստադիոնի ապրած ցանկացած օրը, զգացինք, որ «Հրազդանը» մեզ համար ևս դարձավ մի տեսակ շատ հարազատ վայր: Համոզվեցինք, որ այն ցանկացած հայի համար անփոխարինելի է ու հանդիսանում է հաղթանակի խորհրդանիշ:«Մեր «Հրազդանի» պատմության» վերջին` 4-րդ մասում, PanARMENIAN.Net-ը զրուցել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Ստադիոնի հետ կապված իրենց հիշողություններով ու զգացողություններով կկիսվենք նաև մենք` հոդվածի հեղինակներս:

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիշում է, որ «Հրազդան» առաջին անգամ գնացել է 1977 թվականին. «Եթե չեմ սխալվում, այդ օրը մեր «Արարատը» հանդիպում էր «Տորպեդոյի» հետ: Շատ հետաքրքիր խաղ ստացվեց: Ընդհանրապես, այս ստադիոնը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար էլ, և ստադիոնի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը շատ ճիշտ բան է ասել, որ եթե չլինեին «Արարատի» հաղթանակները` չէր լինի «Հրազդան» մարզադաշտը, և եթե չլիներ «Հրազդան» մարզադաշտը` չէր լինի «Արարատ-73»-ը: Համոզված եմ, որ այդ նույնը լինելու է նաև մեր ազգային հավաքականի հետ»:

«Հրազդանը» կրկին զգաց երկրպագուների շունչն ու ֆուտբոլային ջերմությունը.

Հայաստանի ազգային հավաքականի կորիզն այսօր կազմում են այն ֆուտբոլիստները, ովքեր 2008 թվականին հանդես էին գալիս երիտասրադական ընտրանու կազմում: Հենց այդ թվականի օգոստոսի 21-ին «Հրազդանը» երկար ընդմիջումից հետո իր դռները բացեց միջազգային խաղի առաջ: Այն էլ բոլոր հայերի համար չափազանց կարևոր խաղի. Հայաստնի մինչ 21 տարեկանների հավաքականն ընդունելու էր Թուրքիայի իր հասակակիցներին:

Հանդիպումը լարված, էմոցիոնալ ու, որ ամենակարևորն էր, բոլոր հայ երկրպագուների համար հաղթական ստացվեց: Չնայած թուրքերը բացեցին խաղի հաշիվը, բայց Հենրիկ Մխիթարյանը հավասարեցրեց այն, իսկ Կառլեն Մկրտչյանը խփեց հաղթական գնդակն, ու «Հրազդանն» ականատես եղավ հաղթանակի` 2:1:

Տարիներ հետո Կառլեն Մկրտչյանը կրկին ուրախությամբ և հուզմունքով է հիշում այդ օրը:

«Հրազդանում» իմ մասնակցությամբ ամենաանմոռանալի հանդիպումը հենց Թուրքիայի դեմ է եղել: Դա շատ դժվար, բայց միաժամանակ նաև կարևոր խաղ էր բոլորիս համար: Հաղթելու ցանկությունը շատ մեծ էր, ու մենք կարողացանք կամային հաղթանակ տոնել: Ինձ հաջողվեց խփել երկրորդ գնդակը, ու այդ րոպեին իմ զգացած ապրումներն աննկարագրելի են: Այդ պատճառով էլ «Հրազդանը» շատ թանկ մարզադաշտ է ինձ համար»,- անկեղծանում է Մկրտչյանը:

Մի քանի օր հետո այստեղ կայացավ արդեն ազգային հավաքականների հանդիպումը: Հավաքականին երկրպագելու էին եկել հազարավոր հայեր աշխարհի տարբեր երկրներից, «Հրազդանը» կրկին վանկարկում էր «Հայաստան հուպ տուր», ու ուրախ էր, որ կրկին հյուրընկալել է այսպիսի գեղեցիկ միջոցառում: Ցավոք, այդ օրը մերոնք պարտություն կրեցին 0:2 հաշվով, բայց ստադիոնի համար այն նշանակալից եղավ նրանով, որ կրկին զգաց երկրպագուների շունչը, աշխարհի ամենահրաշալի սպորտաձևերից մեկի` ֆուտբոլի ջերմությունը:

Հայաստանի հավաքականն աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային մրցաշարի առաջին խաղը սեփական հարկի տակ կանցկացնի հոկտեմբերի 12-ին: Հանդիպումը կկայանա «Հրազդան» մարզադաշտում: Այսօր Մկրտչյանն արդեն հանդես է գալիս ազգային հավաքականում և Դոնեցկի «Մետալուրգում»: Նա նշեց, որ շատ է ցանկանում, որ «Հրազդանում» կրկին միջազգային հանդիպումներ անցկացվեն, և ավելի շատ երկրպագուներ հնարավորություն ստանան ներկա լինելու այդ խաղերին. «Հրազդանը» Խորհրդային Միության ժամանակ Եվրոպայի լավագույն ստադիոններից է եղել, և հուսանք, որ վերանորոգումից հետո այն կրկին կհամապատասխանի միջազգային չափանիշներին»:

P.S. «Հրազդանում» զգացինք ու հասկացանք, թե ինչու են մարդիկ այդքան սիրում ֆուտբոլ.

Մեզ համար հետաքրքիր ու անմոռանալի էր նաև առաջին խաղը, որը դիտեցինք «Հրազդան» ստադիոնում: Այնքան պատմություններ էինք լսենք մեր մեծերից «Հրազդանի» ու «Արարատ-73»-ի մասին, որ ստադիոնում միջազգային խոշոր խաղերի ներկա չլինելով` տեղյակ էինք, թե ինչ է կատարվում այնտեղ: 2008-ին, երբ մենք նոր-նոր էինք քայլեր անում սպորտային ժուռնալիստիկայում, պետք է կայանար Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների խաղը: Մենք, հավատարմագրված չլինելով այդ խաղին, գնեցինք ամենաէժան` 3000 դրամանոց տոմսերն ու գնացինք «Հրազդան»:

Փակ շուկայից հազարավոր երկրպագուների հետ քայլեցինք մինչև ստադիոն: Մենք էլ միացանք ֆուտբոլային տոնին, ամբոխին խառնված հասնում էինք մեր տեղերին, երբ չգիտես ինչու հենց մեզ մոտեցան երկու սփյուռքահայ երիտասարդներ և խնդրեցին փոխանակվել տոմսերով, քանի որ իրենք ուզում էին խաղին հետևել յարուսից:

Եվ մենք, յարուսի 3000-դրամանոց տոմսերի փոխարեն, 10000-դրամանոց տոմսով հանդիպմանը հետևեցինք արևմտյան տրիբունայից:

Անբացատրելի զգացողություններով ու տպավորություններով անցավ խաղը, ու չնայած մեր թիմը պարտվեց, բայց այդ օրը, մեր երկրպագելն ու «Հրազդան» ստադիոնը մնացին մեր հիշողություններում:

Այսքան տարի հետո, երբ արդեն որպես լրագրող ազգային հավաքականի կատարմամբ ականատես ենք եղել հաղթական ու ավելի գեղեցիկ հանդիպումների, բազմաթիվ հոդվածներ ու հարցազրույցներ ենք գրել նրա մասին, մեկ է, այդ խաղին «Հրազդանում» զգացինք ինչ ասել է մեծ ստադիոնում ֆուտբոլ նայել, ու հասկացանք` ինչու են մարդիկ այդքան սիրում ֆուտբոլ ու այդքան սիրում այն նայել մեծ մարզադաշտերում:

Բոլորի նման մենք էլ սպասում ենք Հայաստան- Իտալիա հանդիպմանը (իսկ ինչո՞ւ միայն այս հանդիպմանը)` հուսալով, որ մեր ազգային հավաքականը կպարգևի տոն ինչպես բոլոր հայերին, այնպես էլ «Հրազդանին», որը սրտատրոփ ու կարոտով սպասում է ֆուտբոլային հանդիպումների: Իսկ որքան շատ լինեն այդ հանդիպումներն, այնքան ստադիոնը կծառայի իր նպատակին, ու ոչ ոք չի էլ մտածի այն վերածել համերգասրահի կամ էլ առևտրի կենտրոնի:

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 1-ին

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 2-րդ

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 3-րդ

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
12  05.04.12 - "Հրազդան" մարզադաշտի վերանորոգումը
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---