Սիրիայի վերաբերյալ ժնևյան հանդիպումը անարդյունք ավարտվեց

Սիրիայի վերաբերյալ ժնևյան հանդիպումը անարդյունք ավարտվեց

Սիրիան Իրան ներխուժելու համար հարմար պլացդարմ է, և եթե հաջողվի փոխարինել Ասադին, ապա դեպի Թեհրան ուղին եթե ոչ բաց, ապա գոնե ավելի թեթև կլինի

Ժնևում Սիրիայի իրավիճակի վերաբերյալ հանդիպումը, ինչպես և սպասելի էր, անարդյունք է ավարտվել: Ոչ ոք չի ցանկացել իր վրա վերցնել Բաշար Ալ-Ասադի հեռանալու պատասխանատվությունը. այս դրույթն առհասարակ չի հիշատակվել: Ընդդիմությունը, բնականաբար, դժգոհ է մնացել, քանի որ վերջինիս գլխավոր պահանջը Սիրիայի նախագահի անհապաղ հեռացումն ու իշխանության փոխանցումն է այն նույն ընդդիմությանը, որը մինչ այժմ «փառաբանվել» է ահաբեկչություններով և քրիստոնեաների ու շիաների հալածանքներով:

PanARMENIAN.Net - Ըստ հանդիպման արդյունքում ընդունված պաշտոնական հաղորդագրության, փոփոխությունները նախատեսում են ստեղծել անցումային կառավարություն, որի կազմում ներառված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը, որպեսզի Սիրիան վերածվի մարդու իրավունքների պաշտպանությունը լիարժեքորեն երաշխավորող ժողովրդավարական, պլյուրալիստական պետության: «Դա նշանակում է, որ անցումային կառավարությունը օժտված կլինի լիարժեք գործադիր իշխանությամբ: Այն կարող է իր կազմում ներառել ներկայիս իշխանության և ընդդիմության, ինչպես նաև այլ խմբերի ներկայացուցիչների և պետք է ձևավորվի փոխադարձ համաձայնության հիման վրա»,-ասվում է հաղորդագրությունում: Հավաքվածների կարծիքով, հակամարտությունը Սիրիայում կավարտվի միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերը երաշխիքներ կստանան, որ կա հանուն բոլորի համար ընդհանուր ապագայի կարգավորման խաղաղ ուղի: Ինչպես նշել են «գործողությունների խմբի» հանդիպման մասնակիցները, սիրիացիները իրենք պետք է որոշեն իրենց երկրի ապագան: Որպեսզի Սիրիայում փոփոխություններ իրականանան, Ժնևում կայացած հանդիպման մասնակիցները կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը, զորքն ամբողջությամբ դուրս բերել քաղաքներից և տեղափոխել զորամասեր, զինաթափել և կազմալուծել զինված խմբերը, ազատ արձակել քաղբանտարկյալներին: Քանի որ, ինչպես ենթադրում են դիտորդները, Սիրիային սպառնում են պառակտում ու քաղաքացիական պատերազմ, «գործողությունների խմբի» մասնակիցները կոչ են արել հարգել երկրի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնականությունը և տարածքային ամբողջականությունը, հակամարտությունը կարգավորել խաղաղ երկխոսության միջոցով` առանց բռնության կիրառման: Հանդիպման մասնակիցները հաստատել են աջակցությունը երեք ամիս առաջ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատոկ դեսպանորդ Քոֆի Աննանի կողմից Սիրիայի վերաբերյալ առաջադրված կարգավորման ծրագրին: Վերջինս նախատեսում է հակամարտության մասնակիցների կողմից կրակի պարտադիր դադարեցում և քաղաքական երկխոսության մեկնարկ: Ծրագիրն առայժմ չի գործում, այդ պատճառով էլ Աննանը Ժնևում հրավիրել է «գործողությունների խումբ», որպեսզի մշակի լրացուցիչ միջոցներ և ազդեցություն թողնի Սիրիայի իշխանությունների և ընդդիմության վրա: Խումբը նաև կոչ է արել իշխանությանը և ընդդիմությանը պայմաններ ապահովել 300 հոգուց բաղկացած միջազգային ռազմական դիտորդների կորպուսի աշխատանքների համար և երաշխավորել հումանիտար օգնության հասանելիությունը այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:

Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի ղեկավարները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրաքի, Քուվեյթի, Քաթարի ԱԳ նախարարները և Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, Մոսկվան սխալ է համարում Ժնևում կայացած Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսի զարգացումների կիրառումը` այսպես կոչված Սիրիայի «բարեկամների խմբի» նպատակների առաջխաղացման համար: «Մեզ ասել էին, որ եթե ժնևյան հանդիպումը արդյունավետ ավարտ ունենա, ապա մեր գործընկերները կմտածեն, արդյոք արժե գումարել Սիրիայի «բարեկամների» հերթական հանգիպման նիստ: Ամենայն հավանականությամբ, դա տեղի չի ունենա. նրանք պատրաստվում են անցկացնել այն: Դա նրանց իրավունքն է: Այդ ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը մենք արդեն արտահայտել ենք»,-ասել է Լավրովը:

Հիլարի Քլինթոնը և Լորան Ֆաբիուսը հաստատել են, որ փաստաթուղթը ենթադրում է Բաշար Ասադի հրաժարականը, մինչդեռ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ իրադարձությունների նման ընթացքը չի բխում ընդունված նախագծից: Քոֆի Աննանը, խոստովանելով խնդրի բարդությունը, հայտարարել է, որ համաձայնագրի տեքստը քվերակության կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որպեսզի դրան կշիռ հաղորդի, ասվում է հոդվածում: Առհասարակ, արևմտյան փորձագետների կարծիքով, քանի դեռ Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են աջակցել Ասադին, քաղաքացիական պատերազմը շարունակելու է թափ հավաքել, իսկ քաղաքացիական հասարակության փրկության համար իրաիանացվող ռազմական օպերացիան անհնար կլինի իրականացնել:

Սիրիացիներին «փրկելու» Արևմուտքի մաքուր մտադրություններին դժվար է հավատալ: Սիրիան Իրան ներխուժելու համար հարմար պլացդարմ է, և եթե հաջողվի փոխարինել Ասադին, ապա դեպի Թեհրան ուղին եթե ոչ բաց, ապա գոնե ավելի թեթև կլինի: Համենայն դեպս, այսպես են կարծում ժնևյան հանդիպման մասնակիցները: Ինչպես հիշում ենք Լիբիայում և «արաբական գարնան» մյուս երկրներում ևս խոսում էին ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին: Իսկ թե ինչի վերածվեց այդ ամենը, ականատես եղավ ողջ աշխարհը: Սիրիան ամբողջ ուժով փորձում է հեռանալ այդ սցենարից: Կստացվի դա, թե ոչ` կախված է ոչ միայն Ռուսաստանից ու Չինաստանից, այլ նաև Իրանից: Կարելի է կարծել, որ ամեն ինչ դեռ առջևում է:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---