Արևմուտքն ունի նոր «հին գլխացավ»` Օրմուզի նեղուցը

Արևմուտքն ունի նոր «հին գլխացավ»` Օրմուզի նեղուցը

ԱՄՆ-ն և Իսրայելը, թվում է` թերագնահատում են Իրանին` կարծելով, որ ներխուժման պարագայում այաթոլլահի ռեժիմն անկում կապրի, իսկ դրան կփոխարինելու կգան «դեմոկրատները»

Քանի դեռ Սիրիայում բորբոքվում է քաղաքացիական պատերազմը, Իրանի և Արևմուտքի միջև հակամարտությունը շարունակվում է, սակայն արդեն այլ նոտաներով: Մշտական հանդիպումներն ու խորհրդակցությունները, իհարկե, չեն լուծի իրանական միջուկային խնդիրը, սկայան հնարավորությունների սահմաններում կհետաձգի Իսրայելի ռազմական ծրագրերը, որոնք օր օրի ավելի ու ավելի ակնհայտ են դառնում:

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի վերջին հայտարարությունները կրակի վրա յուղ են լցնում: Հանրապետականներն այդպես էլ հաշվի չառան նախորդ տարիների փորձը և, չլուծելով մեկ հակամարտություն, այս դեպքում սիրիականը, պատրաստվում են Իրանի դեմ գնալ: Թե որքան կործանարար է նման քաղաքականությունը, հեռու պետք չէ գնալ. Իրաքն ու Աֆղանստանը դրա վառ օրինակն են, թե ինչպես են ամերիկացիները լրջորեն և երկար ժամանակով մնացել այնտեղ: ԱՄՆ-ն և Իսրայելը, թվում է` թերագնահատում են Իրանին` կարծելով, որ ներխուժման պարագայում այաթոլլահի ռեժիմն անկում կապրի, իսկ դրան կփոխարինելու կգան «դեմոկրատները»: Այս կերպ կարող է մտածել միայն այն մարդը, ով շատ հեռու է մերձավորարևելյան քաղաքական դեպքերից և չի հասկանում տարածաշրջանում Իսլամական հանրապետության դերի կարևորությունը: Խաղադրույք կատարելով Թուրքիայի վրա, ԱՄՆ-ն, ինչ-որ առումով, խաղում է կրակի հետ. Անկարան հուսալի դաշնակից չէ, հատկապես` երբ հարցը վերաբերում է իսլամական երկրի: Իսկ Իրանը, եթե հարկ լինի, կարող է ստիպել Թուրքիային չմիջամտել հատկապես ռազմական ուժով: Եվ հենց այդ ժամանակ տարածաշրջանում կսկսվի իսկական մղձավանջ, որը կտարածվի աշխարհի մյուս մասի վրա ևս: Սուննիների և շիաների միջև առկա է թշնամանք, սկայն կա նաև միավորող ընդհանուր մի բան` անհավատների և հրեաների նկատմամբ ատելությունը: Հանուն դրա կարելի է մոռանալ կրոնական տարաձայնությունները և միավորվել: Սակայն հիմա առաջնային է Օրմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի 40 տոկոսը: Բազմաթիվ բանավեճերից հետո, Իրանի միլի մեջլիսը վավերացրել է նեղուցի փակման մասին օրենքը` Իրանի նկատմամբ ամնիջական սպառնալիք առաջացնալու դեպքում: Սակայն Իրանի իշխանությունները խոչընդոտներ չեն ստեղծի Օրմուզի նեղուցով անցնող արտասահմանյան նավերի համար, Аl-Alam հեռուստաընկերությանը հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին: Ըստ նրա, արտասահմանյան նավերը կկարողանան ազատորեն տեղաշարժվել այնքան ժամանակ, քանի դեռ դա ի վնաս Իրանի շահերի չէ:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Իրանի մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ համակարծիք են, որ ընդունված պատժամիջոցներին ի պատասխան Թեհրանը պետք է փակի Օրմուզի նեղուցը: Նմանատիպ միջոցները, փորձագետների կարծիքով, կարող են հանգեցնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության:

Իր հերթին իրանական բանակի գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ Իրանն ունի Պարսից ծոցի մուտք հանդիսացող Օրմուզի նեղուցն արգելափակելու օպերատիվ պլան, սակայն այն կիրագործվի այն ժամանակ, երբ Իրանի շահերին իրական և անմիջական վտանգ կսպառնա:

Սակայն այստեղ կա իրավաբանական կազուս: Թեև Թեհրանն արդեն պատրաստ է արգելափակել նեղուցը, և նման դեպք արդեն եղել է 1985-ին` Իրաքի հետ պատերազմի ժամանակ, երբ իրանական ռազմանավերը կանգնեցնում և զննում էին Իրաքի համար նախատեսված բեռներով նավերը: Օրմուզի նեղուցն ունի միջազգային կարգավիճակ, և ըստ 1982թ ՄԱԿ-ի ծովային իրավունքի վերաբերյալ կոնվենցիայի, դրանով կարող են անցնել բոլոր նավերը, այդ թվում` ռազմական: Իրանը ևս ստորագրել է այդ կոնվենցիան, սակայն չի վավերացրել, ուստի, ֆորմալ առումով, իրավունք ունի այն խախտելու: Կոնվենցիային չի միացել նաև ԱՄՆ-ն:

Այսօր Պարսից ծոցում և Արաբական ծովում տեղակայված են ԱՄՆ ՌԾՆ հարվածային 2 խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ներառում է ատոմային ավիակիր, երկու հրթիռային կրեյսեր, հինգ էսկադրոնային ականակիր, երկու հարվածային ատոմային սուզանավ, հարյուրավոր հեռահար հրթիռներ:Բացի այդ, տարածաշրջանում է գտնվում նաև ամերիկյան ՀՀՊ էսկադրոնային ականակիրը, որն ունակ է չեզոքացնելու բալլիստիկ հրթիռները, ինչպես նաև բազմաթիվ այլ ռազմական տեխնիկա և բազմաֆունկցիոնալ հարմարանքներ:

Ինչպես գրում է The Washington Post-ը, Իրանը կուտակում է ժամանակակից «հող-ծով» հրթիռներ և համալրում է իր նավատորմը նոր նավերով և սուզանավերով, որոնք նախատեսված են նպատակաուղղված հարձակումներ իրականացնելու համար: Ըստ աղբյուրների, այժմ իրանական հրամանատարությունը համոզված է` եթե կռիվներ լինեն, նրանք արագորեն կկարողանան ամերիկյան նավերին վնաս հասցնել կամ ոչնչացնել դրանք: Իրենց հերթին ԱՄՆ ՌԾՆ ներկայացուցիչները համոզված են, որ հակամարտության դեպքում, իրենք հաղթող դուրս կգան: Եվ այնուամենայնիվ, ամերիկյան փորձագետները զգուշանում են. հակամարտության առաջին ժամերին Իրանը կարող է քայքայել անգամ ամենաժամանակակից նավերի պաշտպանությունը: Հարկ է նշել, որ Իրանի մոտ հեռավորության հրթիռները դառնում են ավելի ու ավելի դիպուկ: Դրանց կիրառումը կարող է համադրվել միանգամից հարյուրավոր լավ զինված ռազմական կատերների հարձակումներով:

Չնայած, դժվար թե Իրանը որոշի ԱՄՆ նավատորմի վրա լայնազանգված հարձակում սկսել: Սկայան սահմանափակ օգնության հարվածները հնարավոր են` Իրանի միջուկային օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու դեպքում: Օրմուզի նեղուցում ԱՄՆ-ն կարող է հակամարտություն սկսել իր համար առավելագույն օգուտով: Այս դեպքում ամերիկյան նավերին սպասվում է կործանարար առաջին համազարկը: Իրանը փորձել է չեզոքացնել ԱՄՆ տեխնիկական առավելությունը և մտադիր է միաժամանակ հարվածել մի քանի ուղղություններից` շարժական սարքերից բաց թողնված հրթիռներով, ուղղաթիռներով, սուզանավերով և ռազմական կատերներով: Միաժամանակյա հարձակում ցամաքից, օդից, ջրից և անգամ ջրի տակից` ահա սցենարը, «որը մղձավանջ է թվում», նկատել է ինչ-որ մերձավորարևելյան երկրի հետախուզության աշխատակից, ով իրամերիկացի գործընկերների հետ Պարսից ծոցում համակարգում է ռազմավարությունը:

Եթե սիրիացի ապստամբները մինչև սեպտեմբեր պաշտոնանկ անեն Բաշար ալ Ասադին, ինչպես որ խոստնում են, ապա Արևմուտքի առջև կծառանա իրանական խնդիրը, որը շատ ավելի դժվար կլինի լուծել: Սակայն չպետք է ուշադրությունից բաց թողնել նաև Տաջիկստանի անկարգությունները: Վերջիս Իրանին և Կենտրոնական Ասիային ամենամոտ տեղակայված երկիրն է: Ցավոք, անկայունության աղեղը, որի մասին խոսվում է դեռևս նախորդ դարի 90-ական թվականներից և որը տարածվում է Մերձավոր Արևելքից մինչև Հեռավոր Արևելք, ավելի ու ավելի է լարվում և կարող է կտրվել ամենաանկանխատեսելի վայրերում:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---