Արևմուտքը թույլ չի տա Իսրայելին պատերազմ սկսել Իրանի դեմ

Արևմուտքը թույլ չի տա Իսրայելին պատերազմ սկսել Իրանի դեմ

Եթե ԱՄՆ նախագահ դառնա Միթ Ռոմնին, ապա իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում կարող է անկանխատեսելի սցենարով ընթանալ

Իսրայելը չի հրաժարվում Իրանի վրա ռազմական հարձակում գործելու գաղափարից, ինչը, ըստ վերջինիս, վերջ կդնի միջուկային ծրագրին և կխանգարի Իսլամական հանրապետությանը տիրապետել միջուկային զենքի: Տպավորություն է ստեղծվում, որ վարչապետ Բինյամին Նեթանյահուի վրա դադարել են ազդել Իրանը ռմբակոծելու անմիտ մտադրության վերաբերյալ փաստարկները: Իրանին հարվածելուն դեմ է հանդես եկել անգամ ամերիկյան բանակի հրամանատարների շտաբի ղեկավար Մարտին Դեմփսին, ով ակնհայտորեն բարյացկամ վերաբերմուք չունի Իրանի նկատմամբ: Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ չի կարող մասնակից լինել Իսրայելի գործողություններին, եթե վերջինս որոշի հարվածել իրանական միջուկային օբյեկտներին: Նրա կարծիքով, Իրանին վաղաժամկետ հարված հասցնելով, միայն կխանգարի Իրանի վրա միջազգային ճնշմանը, գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

PanARMENIAN.Net - Մարտին Դեմպսին հայտարարել է, որ հարձակումը, բնականաբար, կդանդաղեցնի, սակայն, ամենայն հավանականությամբ, չի ոչնչացնի իրանական միջուկային ծրագիրը: «Թեհրանի վրա ճնշում գործելու միջազգային հայեցակարգը կարող է պառակտվել, եթե այդ անժամանակ քայլին դիմել: Չեմ ցանկանում մասնակից լինել նրան, ինչը կարող են ընտրել իսրայելցիները»,-իր դիրքորոշումն է արտահայտել ամերիկացի զինվորականը:

Հետևել է Թել Ավիվի անհապաղ պատասխանը: Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը մտավախություն է հայտնել, որ Իրանը չի հավատում արտաքին աշխարհի կողմից ռազմական սպառնալիքի հնարավորությանը այն ծիծաղելի հաղորդագրությունների պատճառով, որոնք ստացվում են արտասահմանյան գերտերություններից, այդ թվում` ԱՄՆ-ից: «Մենք կարծիքներ ենք փոխանակում, այդ թվում` ԱՄՆ մեր գործընկերների հետ, ովքեր, ինչպես կարծում ենք, մասնակիորեն պատասխանատու են նրա համար, որ Իրանը ստանում է ոչ այնքան ճիշտ հաղորդագրություններ իր միջուկային ծրագրի կապակցությամբ միրջազգային հանրության համբերության սահմանափակության վերաբերյալ»,-ասել է Յաալոնը: Նա նաև նկատել է, որ Իրանի շուրջ առկա օղակում գնալով ավելի ու ավելի շատ «տարաձայնություններ» են առաջանում: «Մենք դրան քննադատորեն ենք վերաբերում»,-ասել է նախկին գեներալը, նշելով, մասնավորապես, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի այցը Թեհրանում կայացած Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովին: Եթե դատել իսրայելցի փոխվարչապետի դիրքորոշումից, ապա «բացերը» չափազանց շատ են. գագաթաժողովին ներկա էին Չմիավորված երկրների շարժման մասնակից 119 երկրներից կեսից ավելիի ներկայացուցիչները:

Նկատենք նաև, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմել է Իսրայելի կառավարության ղեկավարին` խնդրելով առաջիկայում որոշիչ գործողությունների չդիմել Թեհրանի նկատմամբ: Մերկելը փորձել է համոզել Նեթանյահուին, որ ճգնաժամը հանարավոր է հաղթահարել դիվանագիտության և տնտեսական պատժամիջոցների շնորհիվ: Ամբողջ հարցն այն է, թե Իսրայելի ինչի±ն է պետք պարտության ելքով պատերազմը: Նավթն ու գազն, իհարկե, խաղում են իրենց դերը, սակայն դա չէ գլխավորը: Հրեական պետությունը, ամենայն հավանականությամբ, պարզապես ցանկանում է ինքնահաստատվել, սակայն դժվար թե հաջողվի:

Մեր կարծիքով զենք կիրառելը ոչ ոքի, առավել ևս Իսրայելի համար, որևէ լավ ավարտ չի ունենա: Եվ հենց այդ պատճառով միջազգային հանրությունը պարզապես թույլ չի տա Թել Ավիվին պատերազմ սկսել, որը քաոս կծնի ամբողջ աշխարհում: Թեև կա մի մտահոգիչ կետ. եթե ԱՄՆ նախագահ դառնա Միթ Ռոմնին, ապա իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում կաող է անկանխատեսելի սցենարով ընթանալ: Սփոփում է միայն այն, որ նախընտրական հայտարարությունները մի բան են, իրական քաղաքականությունը` միանգամայն այլ:

Հետաքրքիր է նաև այն, որ Մեծ Բրիտանիան ևս դեմ է Իրանի դեմ պատերազմին: Բրիտանական արտաքին հետախուզության ՄԻ-6 ծառայության ղեկավար Ջոն Սոյերսը գաղտնի կերպով այցելել է Իսրայել, որպեսզի համոզի այդ երկրի ղեկավարությանը Իրանի դեմ ռազմական օպերացիա չիրականացնել: Սոյերսն ընդգծել է, որ պետք է շարունակել ճնշում գործադրել Թեհրանի վրա դիվանագիտության և տնտեսական պատժամիջոցների միջոցով և գուցե ստացվի համոզել ԻԻՀ հրաժարվել միջուկային ծրագրի զարգացման գաղափարից:

«Պատերազմը հետաձգվել է» մի քանի պատճառներով. ԱՄՆ-ն դեռ չի հեռացել Աֆղանստանից, առջևում նախագահական ընտրություններն են, Եվրոպայում ճգնաժամ է: Բացի այդ ԱՄՆ և Իսրայելը տարաձայնություններ ունեն, ինչն, ակնհայտորեն, այնքան էլ լավ չէ: Վարչապետ Նեթանյահուն խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ վերջին հայտարարությունները Իրանի վերաբերյալ, իսկ Սպիտակ տունը հաղորդել է, որ նախագահ Օբաման չի հանդիպի Նեթանյահուի հետ ՄԱԿ-ի ԳՎ-ի նստաշրջանի ժամանակ:

Իրավիճակը պարզ չէ. որոշ տվյալների համաձայն, Իսրայելում Նեթանյահուն միայնակ է մնացել Իրանին հարվածելու հարցում, «կարմիր գծին» դեմ է հանդես եկել նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան: Նրա գնահատմամբ, ԱՄՆ-ն կունենա մեկ տարուց էլ քիչ ժամանակ, որպեսզի միջոցներ ձեռնարկի այն բանից հետո, ինչ Թեհրանը կորոշի միջուկային զենք պատրաստել:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---