Վերջապես Reuters-ը հրապարակել է «Պոլիշինելի գաղտնիքը»

Վերջապես Reuters-ը հրապարակել է «Պոլիշինելի գաղտնիքը»

Տեղեկատվական պատերազմ է ընթանում և լուրջ գործակալությունների կողմից նմանատիպ հայտարարությունները կարող են լրջորեն բարդացնել Բաքվի և Թեհրանի` առանց այն էլ լարված հարաբերությունները

Վաղ թե ուշ այն, ինչ գաղտնի է, բացահայտվում է, առավել ևս` գաղտնի ռազմական օբյեկտները, որոնց մասին մի ամբողջ տարի խոսում էին, առհասարակ անհնար է թաքցնել: Reuters գործակալությունը վերջապես հրապարակել է «Պոլիշինելի գաղտնիքը». Ադրբեջանում կան Իսրայելի և ԱՄՆ բազաներ և դրանք օգտագործվելու են Իրանին հարված հսացնելու դեպքում:

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կա 4 նախկին խորհրդային ավիաբազա, որոնք կարող են հարմար լինել իսրայելական ինքնաթիռների համար: Խոսքը Ադրբեջանի կենտրոնում գտնվող Կյուրդամիր, արևմուտքում գտնվող Գյանջա և արևելքում գտնվող Նասոսնայա և Գալա բազաների մասին է: Վերջերս ԱՄՆ օգնությամբ արդիականացվել է Նասոսնայայի օդանավակայանը և տեղադրվել են ժամանակակից սարքավորումներ: Ի դեպ, հենց այստեղից է Պենտագոնը բեռներ ուղարկում Աֆղանստան: Դատելով այս ամենից, Ալիևին բացահայտ կերպով որոշել են օգտագործել Թեհրանի դեմ` ենթադրելով, որ նրան այլ բան չի մնա անելու: Իսկ եթե նա ընդդիմանա, պարզապես կփոխարինվի ավելի հնազանդ թեկնածուով: Սակայն կլանի առաջնորդն այնքան էլ չի ընդդիմանում` լավ իմանալով, որ ճիշտ նույն իրավիճակում է, ինչ Մերձավոր արևելքի «բռնապետերը»: Ադրբեջանում փոքրիկ «արաբական գարուն» կազմակերպելը ամենահեշտն է, առավել ևս, որ, չնայած իշխող էլիտան հայտարարում է ժողովրդի միասնականության մասին, իրականում նման բան չկա:

Սակայն այստեղ ևս մեկ հարց է ծագում: Այն, որ Իսրայելը բարեկամություն է անում Ադրբեջանի հետ, միանգամայն հասկանալի է. հրեական պետությանն ուղղակիորեն անհրաժեշտ է մահմեդական երկրի աջակցությունը, հատկապես` Թուրքիայի հետ հարաբերությունները վերջնականորեն փչանալուց հետո: Հաշվի առնելով այն, որ Ալիևը «չի սիրում» Իրանին, իսրայելցիները, ավելի ճիշտ` ԱՄՆ-ն, խաղացին դրա վրա և չսխալվեցին:

«Չնայած Իսրայելի և Ադրբեջանի կողմից պաշտոնական հերքմանը, ադրբեջանական բանակի երկու նախկին զինծառայողներ, ովքեր կապեր ունեն բանակի հետ, ինչպես նաև ռուսական հետախուզության 2 աղբյուր, «Reuters-ին» հաղորդել են, որ Ադրբեջանն ու Իսրայելը քննարկել են Իրանի վրա հարձակվելու դեպքում Ադրբեջանի հնարավոր օգնությունը»,-գրում է Reuters-ը:

Ըստ գործակալության, գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձել է հրեական պետության եզակի բարեկամներից. 1.6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական պայմանագիրը և Իսրայելի` կասպյան նավթը հասանելի դարձնելու անհագ ծարավը, ամրագրված են փաստաթղթերով: 2009թ նախագահ Ալիևը Իսրայելի հետ հարաբերությունները բնորոշել է որպես այսբերգ, որի 9/10 հատվածը գտնվում է ջրի մակերևույթի տակ:

Իսրայելական աղբյուրը հաղորդել է, որ հնարավոր է` «վայրէջք կատարի լիցքավորման օդանավը, որը նման կլինի քաղաքացիականին, որպեսզի ավելի ուշ հանդիպի Իսրայելի ՌՕՈւ օդանավերի հետ»: Թեհրանից Թել Ավիվ հազարավոր կիլոմետրեր են և լիցքավորումը խիստ անհրաժեշտ կլինի:

Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա է նաև հետախուզական տվյալների փոխանակում: Ըստ նախորդ տարվա ռազմական համաձայնության, Ադրբեջանը պատրաստում է 60 անօդաչու թռչող սարքեր, որոնք մշակվել են ըստ իսրայելական նախագծի, և դրանք վերազինում է հետախուզության ավելի մեծ միջոցներով, քան պետք է նավթային օբյեկտները վերահսկելու համար կամ անգամ Լեռնայի Ղարաբաղի հարցում որոշ գործողություններ կատարելու:

Reuters-ի հրապարակումից հետո, թեմային անդրադարձավ նաև The Jerusalem Post-ը: Պարբերականը գրում է. «Իսրայելցիները կցանկանային մուտք ունենալ դեպի Ադրբեջանի բազաներ»: Այնուամենայնիվ, ադրբեջանցի և իսրայելցի պաշտոնյաները շարունակում են հերքել այն փաստը, որ համագործակցում են Իրանին հարված հասցնելու հարցի առնչությամբ: Ինչպես հայտնի է, տարվա սկզբին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, պաշտոնական այցով գտնվելով Թեհրանում, հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ քաղաքական քայլեր ձեռնարկել, որոնք կարող են վնասել Իրանին: «Ոչ մի երկիր չի կարող Ադրբեջանին Իրանի դեմ տրամադրել կամ մեր հողերն օգտագործել հակաիրանական նպատակներով: Սա Ադրբեջանի միանշանակ դիրքորոշումն է»,-այն ժամանակ Թեհրանում հայտարարել էր Աբիևը: Այս ամենն ինչ- որ չի համընկնում Հարավային Ատրպատականը Ադրբեջանին միացնելու գաղափարին և, առհասարակ, Իսլամական Հանրապետության դեմ վարվող քաղաքականությանը: Չնայած, այժմ վաղ է եզրակացություններ անել. տեղեկատվական պատերազմ է ընթանում և լուրջ գործակալությունների կողմից նմանատիպ հայտարարությունները կարող են լրջորեն բարդացնել Բաքվի և Թեհրանի` առանց այն էլ լարված հարաբերությունները:

Կհարված են արդյոք Իրանին, թե ոչ, առայժմ հայտնի չէ, սակայն, ամենայն հավականությամբ, ոչ: Խնդիրը Իսրայելի վախերը չեն, այլ այն, որ սիրիական պատմությունը շարունակվում է և դրա վերջը դեռևս չի երևում: Իսկ ԱՄՆ-ն առայժմ Իրան չի ներխուժի, որքան էլ որ դա ցանկանա վարչապետ Նեթանյահուն: Չափազանց վտանգավոր է: Ի դեպ, վտանգավոր է հենց Իսրայելի համար, ինչի մասին վարչապետը շատ լավ գիտի: Եվ դրա համար Իսրայելին կմնա միայն սպասել ԱՄՆ նախագահական ընտրություններին: Եվ եթե անգամ հաղթի Միթ Ռոմնին, Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականությունը հազիվ թե էական փոփոխություններ կրի: Տվյալ պարագայում հաշվի է առնվում հասարակ դեմոգրաֆիան` 400 մլն արաբներ և 5-6 մլն հրեաներ, սրանք թվեր են, որոնք պարզապես անհամատեղելի են: Այո, արաբները չեն սիրում իրանցիներին: Սակայն էլ ավելի նրանք չեն սիրում հրեաներին և թուրքերին:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---