Վրաստան, «վհուկների որս», մաս երկրորդ, սակայն ոչ վերջին

Վրաստան, «վհուկների որս», մաս երկրորդ, սակայն ոչ վերջին

Արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել մագնատ Իվանիշվիլիին դադարեցնել Սահակաշվիլիի կուսակցության հետ կապված անձանց ձերբակալությունները

Վրաստանում ձերբակալություններ են իրականացվում, ինչը սպասելի էր: Չնայած որ Բիձինա Իվանիշվիլին կարծես թե խոստացել էր «վհուկների որս» չկազմակերպել, սակայն այն արդեն սկսվել է: Արևմուտքն այնքան լուրջ է ընդունել նախագահ Սահակաշվիլիի շրջապատից նախկին նախարարների ձերբակալությունները, որ շուտափույթ կերպով Թբիլիսի է մեկնել ԵՄ արտաքաին քաղաքական գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը:

PanARMENIAN.Net - Ինչպես գրում է FinancialTimes-ը, արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են արել մագնատ Իվանիշվիլիին դադարեցնել Սահակաշվիլիի կուսակցության հետ կապված անձանց ձերբակալությունները:

Ամեն ինչ սկսվեց պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի ձերբակալությունից, ում մեղադրեցին զինծառայողներին ապօրինի կերպով ազատազրկելու և կտտանքների ենթարկելու մեջ: Դրան հետևցին ավելի քան 15 ձերբակալություններ, այդ թվում` Թբիլիսիի քաղաքապետի տեղակալինն ու ՆԳՆ 10 պաշտոնյաներինը:

Բիձինա Իվանիշվիլին մեղադրում են, ոչ ավել, ոչ պակաս նրանում, որ նա ոչնչացնում է «վարդերի հեղափոխության» ժողովրդավարական նվաճումները: Մեղադրանքներն այնքան էլ տեղին չեն, եթե վերհիշենք, որ Սահակաշվիլիին իշխանության է բերել հենց Արևմուտքը: Իսկ այն, որ նա պարտվեց ընտրություններում, հենց իր մեղքն է, ավելի ճիշտ պատճառը նրա քաղաքականությունն ու օրենքը սեփական շահերի օգտին օգտագործելն էր: Ավելին, Իվանիշվիլին կրկին հրապարակային հայտարարություններ է արել Սահակաշվիլիի հրաժարականի առնչությամբ, ընդ որում, համաձայն սահմանադրության, գործող նախագահը դեռևս մեկ տարի կարող է իշխանություն ունենալ: Ելնելով տնտեսության շահերից ևս` նոր կառավարությունը ճնշում է գործադրում Սահակաշվիլիի վրա, որպեսզի նա հեռանա իր ընդարձակ նախագահական պալատից: Վերջինս, որը կառուցվել է վերջին տարիներին, իր ոճով հիշեցնում է Բեռլինի Ռայխստագը:

Մինչ այդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է նախկին իշխանությունների դեմ տարվող հետաքննությանը մասնակցելու պատրաստակամություն: «Ես մտահոգվելու բան չունեմ, իսկ «Միասնական ազգային շարժումը» պետք է անհանգստանա: Պատրաստ եմ ցանկացած հարցով մասնակցել քննչական գործընթացին»,-ասել է նա վրացի լրագրողներին: Ավելի վաղ Նինո Բուրջանաձեն հայտարարել էր, որ «պետք է ուսումնասիրվի «ՄԱՇ» գոյության օրինականությունը»: Ըստ նրա, Սահակաշվիլին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է կանգնեն անկախ դատարանի առջև:

Նրա հետ համակարծիք է հայտնի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, ով հայտարարել է, որ երկրի Սահմանադրական դատարանում հայց է ներկայացնելու Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունն արգելելու վերաբերյալ:

Նոր կառավարության ներկայացուցիչները հերքում են ձերբակալությունների քաղաքական մոտիվները, և խոստանում են կայանալիք դատական գործընթացները առավելագույնս թափանցիկ դարձնել: Իրականացված ձերբակալությունների առնչությամբ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կոչ են արել Վրաստանի կառավարությանը զերծ մնալ դատական գործընթացներին քաղաքական միջամտություն ցուցաբերելուց: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է քվեարկել Իվանիշվիլիի քաղաքական կոալիցիային հենց այն պատճառով, որ իշխանություն ունենալու ընթացքում, Սահակաշվիլիի կուսակցությունը թույլ է տվել բազմաթիվ օրինախախտումներ և առկա ապացույցները բավարար են մեղադրյալներին ձերբակալելու համար:

Ռամազ Սակվարելիձեի կարծիքով, Արևմուտքը բավարար քանակությամբ օբյեկտիվ տեղեկություններ չունի երկրում նախկին իշխանությունների կառավարման վերաբերյալ, ինչպես նաև Սահակաշվիլիին ակտիվ աջակցություն ցուցաբերելուց հետո, «քիչ ցանկություն ունի» ճանաչելու այն ժամանակ տեղի ունեցած «զանգվածային խախտումները»: Այս համատեքստում նա հիշել է մի շարք արաբական երկրներ, այդ թվում` Եգիպտոսը: «Արաբական երկրների առաջնորդները, որոնք տարիներ շարունակ վայելում էին Արևմուտքի աջակցությունը, օրինախախտներ ճանաչվեցին միայն նրանից հետո, ինչ ժողովուրդը որոշում կայացրեց քննադատել սեփական իշխանություններին: Երբ հեղափոխությունից հետո Եգիպտոսի նախագահը դատարանի առջև հայտնվեց, Արևմուտքում դա քաղաքական հետապնդում չհամարեցին, թեև միևնույն ժամանակ Արևմուտքը չճանաչեց և այն, որ տարիների ընթացքում աջակցում էր նրա հանցավոր կառավարմանը»,-ասել է փորձագետը:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---