Ապահով Հայաստան, մնայուն արժեքներ ու աստվածներ. Թեկնածուների կարգախոսների հոգեբանական կողմը

Ապահով Հայաստան, մնայուն արժեքներ ու աստվածներ. Թեկնածուների կարգախոսների հոգեբանական կողմը

Այսօրվանից մեկնարկոմ է ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը

ՀՀ նախագահական ընտրություններում պաշտոնական պայքարի մեկնարկը տրված է: Այսօրվանից Հանրապետության գլխավոր պաշտոնի համար պայքարող 8 քաղաքացիները գործի կդնեն իրենց ֆինանսական, հռետորական բոլոր միջոցները, որպեսզի վաստակեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու քվեն: PanARMENIAN.Net-ը ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանի հետ փորձել է պարզել, թե որքանով են հաջող ընտրված թեկնածուների կարգախոսներն ու ինչ ազդեցություն կթողնեն ընտրողների վրա:

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն է «Դեպի ապահով Հայաստան»: Ըստ Վլադիմիր Միքայելյանի՝ կարգախոսը դրական զգացողություններ է ներշնչում: «Կարգախոսն ընդունում է, որ այսօր մենք դեռ չենք ապրում ապահով երկրում և անելիքներ ունենք: Այսինքն այդ կարգախոսն ընդունում է այն միտքը, որ ՀՀ-ում կուտակած են խնդիրներ, որոնք լուծում են պահանջում»,- նկատում է հոգեբանը: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ իրականությունը պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա:

«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը մի քանի կարգախոս ունի՝ «Հայաստանը միայն Երևանը չէ», «Երևանը միայն կենտրոնը չէ», «Ընդամենը 100 քայլ», «Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում»: Վերջին կարգախոսը, Վլադիմիր Միքայելյանի բնորոշմամբ, վատը չէ, սակայն արտահայտում է ընդհանուր ճշմարտություններ և բոլորին էլ պարզ է, որ Հայաստանը պետք է լինի ամբողջական: Սակայն ինչպե՞ս դա պետք է իրականացվի, ի՞նչ քայլերի մասին է խոսքը, պարզ չէ: «Ընդհանրապես, կարգախոսները պետք է լինեն հագեցած իրականության զգացումով: Լավ կարգախոսը մեկ բան է, իրականը՝ մեկ այլ»,- նշեց հոգեբանը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսները երկուսն են՝ «Հնարավոր է», «Մեկ անգամ և միասին»: Նշենք, որ առաջին կարգախոսի վերաբերյալ քննարկումներ եղել են: Ոմանց մոտ այն թողել է այնպիսի տպավորություն, թե Րաֆֆի Հովհաննիսյանը երկմտության առաջ է՝ հնարավոր է ընտրվի, հնարավոր է՝ ոչ: Մարդկանց մի խումբ էլ նշում է, որ թեկնածուն այս կարգախոսով հաստատապես վստահություն է հայտնում, որ իր նպատակը հնարավոր և իրագործելի բան է:

Վլադիմիր Միքայելյանի խոսքով՝ երկրորդ տարբերակը՝ «Մեկ անգամ և միասին», միանշանակ դրական ազեդցություն է թողնում, քանի որ միասնության կոչ է: «Հենց այն, ինչը զգալիորեն պակասում է մեզ»,- ասաց հոգեբանը:

«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարգախոսնրն էլ քիչ չեն: «Հավատը`գործով», «Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանը ազատենք», «Եկել է պատմական ՊԱՀ-ը» (Պարույր Արշավիրի Հայրիկյան), «Ինքնորոշում», «Ազատ Հայաստան»: Հատկապես ուշագրավ է «Եկել է պատմական ՊԱՀ-ը» (Պարույր Արշավիրի Հայրիկյան) կարգախոսը. բարձր ինքնագնահատական: Ըստ հոգեբանի՝ Հայրիկյանի ընտրած կարգախոսները գեղեցիկ են և որոշ փոփոխությունների դեպքում կարող են օգտագործվել ցանկացած երկրի նախագահական ընտրություններում:

«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը ընտրություններին գնում է «Ես ձեզնից մեկն եմ» կարգախոսով: Այն, հոգեբանի կարծիքով, ուղղված չէ պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը, այլ թեկնածուի անձին: «Ամեն մեկս էլ այնպիսին ենք, ինչպիսին այս թեկնածուն է, բոլորս էլ ժողովրդի մասն ենք, իսկ ժողովուրդը միշտ էլ սպասում է ուժեղ առաջնորդի, որը պետք է տարբերվի շատերից»,- ընդգծեց Վլադիմիր Միքայելյանը:

Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը ամենաառաջինն է հայտնել իր կարգախոսը: «Վերևն Աստված կա»,- ասում է Սեդրակյանն ու սկսում ընտրապայքարը: ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանն այս թեկնածուի մասին տեղյակ չէր, սակայն կարգախոսն, ըստ նրա, շատ իմաստուն է: «Մենք բոլորս էլ պետք է նախ ընդունենք այդ գաղափարը և հավատանք դրան: Վերևն Աստված իսկապես կա, կարևորը նա լինի մեր հոգում»,- նկատեց Վլադիմիր Միքայլյանը: Ավելացնենք, որ Վարդան Սեդրակյանը համոզված է, որ ինքն է լինելու ՀՀ չորրորդ նախագահը, քանի որ տիեզերքում ամեն բան արդեն որոշված է:

Նախագահի մյուս երկու թեկնածուների կարգախոսը դեռ հայտնի չէ: ԼՂՀ նախկին արտգորնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն իր կարգախոսը կհայտնի այսօր, իր քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ:

«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավի փոխարեն հացադուլ է սկսում և պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Իր պահանջի բավարարումից հետո նա կսկսի քարոզարշավը և կհայտնի իր կարգախոսը:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---