Խոսում է Ռագըփ Զարաքօլուն. Հետաքրքիր է` Մինսկի խումբն ի՞նչ է մտածում

Խոսում է Ռագըփ Զարաքօլուն. Հետաքրքիր է` Մինսկի խումբն ի՞նչ է մտածում

Թուրք մտավորականի կարծիքով իր երկիրը պետք է փոխի քաղաքականությունն ու խաղաղության համար աշխատի

1915 թվականից հետո Ցեղասպանություն ապրած ժողովուրդը չուզեց իր պատմության մեջ նման մի էջ էլ ունենալ և ինքնորոշման պահանջ բարձրացրեց: Լեռնային Ղարաբաղի խնդրին թուրք հրատարակիչ, մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ Ռագըփ Զարաքօլուի մոտեցումն է: Այս օրերին նա Երևանում է ու մասնակցել է լրագրողների ու հակամարտության համատեքստում Թուրքայի քայլերով հետաքրքրված ակադեմիական, քաղաքական ու քաղաքացիական շրջանակի հետ քննարկմանը:

PanARMENIAN.Net - Զարաքօլուն նշել է, որ Կիպրոսի հարցից շատ չտարբերվող Ղարաբաղի դեպքում Թուրքիան կանգնեց Ադրբեջանի կողքին` երկակի ստանդարտներով քաղաքականություն վարելով: Այս սխալ քաղաքականությունն իր անդրադարձն է ունենում հայ-թուրքական հարաբերությունների վրա և խնդիրը դառնում է տարածաշրջանային, իսկ Հայաստանը` մեր տարածաշրջանի Կուբան:

«Թուրքայի այսպիսի քաղաքականությունն է Ղարաբաղի հարցի կարգավորմանը խանգարող գլխավոր հանգամանքը: Մեծ պետություն լինելով Թուրքիան, կարող էր ճիշտ քաղաքականություն վարել ու այս խնդրի ճիշտ լուծմանը հասնել, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, ցույց է տալիս, որ Թուրքիան չի հրաժարվել պանթուրքական գաղափարախոսությունից», - ասաց Ռագըփ Զարաքօլուն:

Իսկ Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ ադրբեջանաթուրքական հիստերիան ապակայունացնող քաղաքականության ամենաթարմ դրսևորումներից է: Օդանավակայանը գրեթե պատրաստ է շահագործման, մինչդեռ Բաքուն շարունակ հայտարարում է, որ նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռները կործանելու գնով պաշտպանելու է իր «տարածքային ամբողջականությունը»:

«Շատ ագրեսիվ վերաբերմունք է: Պատրեազմի հրավեր: Ինձ հետաքրքիր է` Մինսկի խումբն ինչ է մտածում», - նշեց Զարաքօլուն:

Նրա խոսքով հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը տվեց այն, ինչից ավելին չէր կարող, իսկ Թուրքիան տապալեց այդ արձանագրությունները: Հրատարակչի խոսքով դեռ 90-ականներից Թուրքիան ոչ մի քայլ որպես շանս չի ընդունում, ամեն հարց դարձնում է ազգային անվտանգության խնդիր:

«Լավ, դու քո ազգային անվտանգության հարցում այդքան բծախնդիր ես, իսկ ինչ անեն մյուս պետությունները»,- ասաց թուրք հրատարակիչը:

Պետությունների չարած գործի ու դեռ հակառակ քայլերի պատճառով հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը քաղաքակիրթ հասարակությունն է. համոզված է Ռագըփ Զարաքօլուն:

«Իհարկե, երկար ժամանակ կպահանջվի, բայց կկարողանանք ինչ-որ տեղ հասնել: Մենք հալեցնում ենք սառույցը, օրինակ, ապրիլի 24-ի միջոցառումներով: Թեկուզ դանդաղ, բայց փոփոխություններ կլինեն: Չպետք է հանձնվել, դա կլինի ամենավտանգավորը», - նշեց նա: Քաղաքակիրթ հասարակության քայլ էր «Հայեր, ներեցեք մեզ» արշավը, որը 2008-ի վերջին մեկնարկարկել էր Թուրքիայում` մտավորականների նախաձեռնությամբ: Համացանցում տարածված հանրագրին միացել էր 30.000 մարդ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ մտավորականները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, իսկ վարչապետ Էրդողանը նշել` Թուրքիան մեղք չի գործել, որ ներողություն խնդրի։ Ներողությունից բացի կամ դրա փոխարեն արշավի մեկ այլ նպատակ բացահայտեց մասնակիցներից մեկը` թուրք պատմաբան Բասքըն Օրանը: Նա հայտարարել էր, որ այդ արշավը կազմակերպելու համար Թուրքիան պետք է իրենց շնորհակալություն հայտնի` դրանով նրանք խոչընդոտում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ցեղասպանությունը ճանաչող ու սեփական պետության դեմ դուրս եկած թուրք մտավորականների անկեղծությունն այս ու նման հայտարարություններից հետո Հայաստանում կասկածի տակ առան:Ռագըփ Զարաքօլուն նրանցից մեկն է ու մեկ անգամ չէ, որ հալածվել է Ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար: Նրա որդին այս պահին բանտում է, բայց քրդական խնդրի պատճառով:

Իր նմանների անկեղծության մասին հարցին պատասխանելով` թուրք հրատարակիչն ասաց. «Մտավորականների մեջ կան տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, բայց 90 տոկոսին, որ մասնակցել են ապրիլի 24-ի ցույցերին, կարող եք հավատալ»:

Թուրք մտավորական կարծիքով իր երկիրը պետք է փոխի քաղաքականությունն ու խաղաղության համար աշխատի, հակառակ դեպքում այսօրվա քայլերը կարող են շրջվել հենց Թուրքիայի դեմ: Դրանք արդեն վնասում են Թուրքիային:

Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը

Փաշինյան․ Մենք գնում ենք Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---