10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 1

10 օր անց. Թեկնածուների քարոզարշավն ու էլեկտորատը. մաս 1

Անիմաստ կամ իմաստավորված քարոզարշավը շարունակվում է և դեռ 18 օր էլ տևելու է

Նախագահական ընտրությունների քարոզարշավից անցել է 10 օր: ՀՀ նախագահի թեկնածուների մի մասն արդեն հասցրել է հանդիպել այն մարդկանց հետ, ում գրչի մեկ հարվածից է «կախված» այն, թե ինչպիսին կլինի նրանց կյանքը փետրվարի 18-ից հետո: Սա` կես կատակ կես լուրջ: Փորձագետներն ու երկրի գլխավոր սոցիոլոգը այս 10 օրերի ընթացքում 8 թեկնածուներին պայմանականորեն բաժանեցին 2 մասի:

PanARMENIAN.Net - Առաջին 4-ը համարվեց հիմանական թեկնածուների խումբ, որի մեջ մտան ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Երկրորդ խմբում տեղ գտան ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ու «Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը: Փորձագետներն այդ երկրորդ խմբի թեկնածուներին անգամ դեկորացիա անվանումը տվեցին և հայտարարեցին, որ նրանք այս պայքարում պարզապես ինչ-որ դեր են կատարում:

Թե ի՞նչ արեցին թեկնածուներն այս տասը օրերի ընթացքում, կարողացա՞ն շահել մարդկանց վստահությունն ու որքանո՞վ հասցրեցին ճանաչված դառնալ, PanARMENIAN.Net փորձել է պարզել «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի ու քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ: Եվ այսպես` թեկնածուների` պայմանականորեն բաժանված առաջին խումբ:

Արմեն Բադալյանի բնորոշմամբ` հիմնական ուժերի` խաղի մեջ մտնել հրաժարվելուց հետո, այս ընտրությունները դեռ չսկսված արդեն ավարտվել են: Այդ իրավիճակում թեկնածուների համար շատ դժվար է ինչ-որ բան փոխել: Հասարակության գիտակցության մեջ մտել է այն գաղափարը, որ ընտրությունների ելքը կանխատեսված է, իսկ քարոզարշավը ֆարս է, իմիտացիա: «Նման իրավիճակում որևէ թեկնածու արդյունավետ գործունեություն չի կարող ծավալել, դա էլ բարդացնում է քարոզարշավը»,- նկատեց փորձագետը: Ըստ նրա` իշխանության թեկնածուի համար միակ խնդիրը մասնակցության ապահովումն է լինելու, ինչն էլ փորձում են ապահովել վարչական ռեսուրսի միջամտությամբ: Արմեն Բադալյանը կարծում է, որ այլ թեկնածուների անունների դիմաց պարզապես թվեր կնկարվեն, ինչը փորձագետի խոսքով, արդեն փորձում են անել «սոցիոլոգիական» հարցումների միջոցով:

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումներով քարոզարշավի տասը օրերի ընթացքում էլեկտորատի վերաբաշխում է եղել:

Առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից կստանա 20,7%, ԲՀԿ-ից` 4,2,%, ՀԱԿ-ից` 0,1%, «Ժառանգությունից»` 0,2%, ՀՅԴ-ից` 0,4%, ՕԵԿ-ից` 0,2% ձայն: Ահարոն Ադիբեկյանի խոսքով` քարոզարշավի ընթացքում իր ձայներին ևս 5% է ավելացրել Սերժ Սարգսյանը:

ԲՀԿ-ի հիմնական ձայները կստանա նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ՀՀԿ-ից կստանա 0,8%, ԲՀԿ-ից` 3,2%, ՀԱԿ-ից`0,5%, «Ժառանգությունից»` 1,7%, ՀՅԴ-ից`0,4%, ՕԵԿ-ից` 0,1%: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ձայներին ավելացրել է մոտ 5%:

Հրանտ Բագրատյանն ընտրություններին ՀՀԿ-ից ձայն չի ստանա, ԲՀԿ-ից կստանա 0,1%, ՀԱԿ-ից` 0,9%, «Ժառանգությունից»` 0,1%, ՀՅԴ-ից` 0,1%, ՕԵԿ-ից 0,1%: Նա հիմանականում հենվում է ՀԱԿ-ի էլեկտորատի վրա: Նրա ձայներին քարոզարշավի մեկնարկից հետո ավելացել է 0.3%:

Պարույր Հայրիկյանի օգտին ՀՀԿ-ից կքվեարկի 0,1 %, ԲՀԿ-ից` 0,6 %, ՀԱԿ-ից` 0,1 %, «Ժառանգությունից»` 0,1%, ՀՅԴ-ից` 0,1 %, ՕԵԿ-ից` 0,1 %: Քարոզարշավի մեկնարկից հետո նա իր ունեցած պոտենցիալ ձայներին ավելացրել է ևս 1%:

«Հովհաննիսյանի, Բագրատյանի և Հայրիկյանի խնդիրն այն է, որ նրանք պետք է կարողանան էլեկտորատը գրավել իրենց կողմ: Հանրապետական կուսակցության ընտրողների միայն 70 տոկոսն է ձայնը տալու Սերժ Սարգսյանին, մնացած մեծ մասը դեռ կասկածում է: Մի փոքր հատված ձայնը կտա այս երեք թեկնածուներին` ամենաշատը Րաֆֆի Հովհաննիսյանին»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ գործող նախագահի ռեսուրսները բնականաբար մեծ են: Մյուս թեկնածուների քարոզարշավը դառնում է անիմաստ, նախատեսված միջոցառում: «Թեկնածուներից մեկը, ով ավելի շատ ռեսուրսներ ունի, փորձում է զբաղեցնել հասարակությանը, հանդիպել մարզերի բնակիչների հետ: Մեկը գնում է մազերն է կտրում, մեկը տնտեսագիտություն է կարդում, մեկը իրեն ժողովրդավարության հայր է պատկերացնում: Դա հասարակությանը չի հետաքրքրում: Իսկ քարոզարշավը որպես այդպիսին շատ վատն է: Թեկնածու կա այնպես է խոսում, ավելի լավ է չխոսի»,- պարզաբանեց նա:

Անիմաստ կամ իմաստավորված քարոզարշավը շարունակվում է և դեռ 18 օր էլ տևելու է: Ինչ են իրականում անում թեկնածուները, հերթական բեմադրության արա՞ր է սա, թե` ոչ, ցույց կտա ժամանակը:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---