Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ. կույրի և խուլի երկխոսություն

Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ. կույրի և խուլի երկխոսություն

ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հնգյակը և Գերմանիան սպասում են Իրանի պատասխանին՝ կապված միջուկային ծրագիրը դադարեցնելու հետ

Իրանն առաջարկել է միջուկային ծրագրի հարցերի շուրջ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ հունվարի վերջին նախատեսվող բանակցությունները անցկացնել եգիպտական մայրաքաղաքում: Եգիպտական իշխանություններն արդեն դրական են արձագանքել բանակցությունները Կահիրեում անցկացնելու առաջարկին: Ներկայումս վերջնական ժամկետի վերաբերյալ բանակցում են Իրանի ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի և «վեցնյակի» բանակցությունները կարող էին կայանալ հունվարի 28-29-ին Ստամբուլում:

PanARMENIAN.Net - 2012-ին «վեցնյակի» ներկայացուցիչներն ու Թեհրանը բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ Ստամբուլում (ապրիլի 14), Բաղդադում (մայիսի 23-24), Մոսկվայում (հունիսի 18-19): Այդ բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են առանց որևէ որոշման կայացման:

Սակայն «վեցնյակի» և Իրանի հանդիպումը հետաձգվել է: «Ցավոք սրտի, նման հապաղման պատճառները անբավարար եմ համարում: «Վեցնյակի» մեր որոշ գործընկերներ և իրանական կողմը չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել, թե որտեղ է պետք հավաքվել: Գաղափարական վեճ է առաջանում հանդիպման վայրի վերաբերյալ»,-ընդգծել է Լավրովը: «Նման դատարկ առիթով երկարաձիգ խոսակցության որևէ իմաստ չեմ տեսնում: Մենք պատրաստ ենք հանդիպել ցանկացած վայրում և հնարավորինս շուտ»,-ընդգծել է նախարարը:

«Մեր բանակցությունների իմաստը շատ ավելի կարևոր է այն միջավայրից, որը կարող է ստեղծվել այս կամ այն բնակավայրում: Հուսով եմ, որ առողջ բանականությունը կգերակայի և կդադարենք կամակորություններ անել երեխաների նման»,-հայտարարել է Լավրովը:

Իսկ հանդիպման պատմությունը հետևյալն է: ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հնգյակը և Գերմանիան սպասում են Իրանի պատասխանին՝ կապված միջուկային ծրագիրը դադարեցնելու հետ, սակայն գնալով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կույրի և խուլի միջև երկխոսություն է տեղի ունենում: Ոչ ոք չի ցանկանում նահանջել և փոխզիջումային որոշման գալ, թեև պայմանավորվել, այնուամենայնիվ, ստիպված են: Դեռևս նախորդ տարի ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հնգյակի և Գերմանիայի բանակցություններն Իրանի հետ մշտական գործընթացի վերածվի: «Մենք ակնկալում ենք տեսնել, թե ինչպես է Իրանն իր վրա վերցնում որոշակի պարտականություններ»,-ընդգծել է Քլինթոնը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ճնշում գործադրել Իրանի վրա՝ տարաբնույթ պատժամիջոցներ ընդունելով: «Մենք այս բանակցություններին գնում ենք՝ սթափ կերպով գնահատելով կարգավորման հեռանկարները: Իրանը պետք է իր գործողություններով ցույց տա, որ գործընկեր է, որը պատրաստ է ընդառաջ գնալ»,-հայտարարել է Քլինթոնը: Նրա խոսքով, ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է Իրանում միջուկային զենքի հայտնվելը կանխելուն , այլ ոչ թե միջուկային զսպվածությանը:

«Վեցնյակն» Իրանից ակնկալում է միջուկային ծրագրի դադարեցում, ինչի հետ Թեհրանը կտրականապես համաձայն չէ: Իրանական կողմը շարունակում է պնդել, որ միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ, և որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի ստեղծման չի ձգտում: Տվյալ պարագայում կրկին ստիպված ենք հիշեցնել, որ ԱՄՆ-ի և ԵՄ չափազանց ակտիվ «գործունեությունը» իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ, որևէ կերպ հիմնավորված չէ: Իսրայելում, որն այդքան վախենում է Իրանի միջուկային հարվածից, կա մոտ 400 միջուկային մարտագլխիկներ, որոնք պատրաստ են պատերազմելու: Սակայն աշխարհում ոչ ոքի մոտ հարց չի առաջանում, թե որտեղից այդ զենքը և ում դեմ է այն ուղղված: Մարտագլխիկներ կան նաև Թուրքիայում, թեև, ճիշտ է, ամերիկյան, սակայն դրանից ոչինչ չի փոխվում. Իսրայելի և Թուրքիայի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի ընդունվել և դժվեր էլ ընդունվի: Այլ հարց է Իրանը: Ցանկանալով ամրապնդել իր դիրքերը Կենտրոնական Ասիայում՝ ԱՄՆ-ն փորձում է աֆղանական պատրազմից հետո ամեն կերպ կոտրել Իրանի ընդդիմությունը: Ինչպես ընդգծում են բազմաթիվ դիտորդներ, հարցը բոլորովին միջուկային ծրագրի դադարեցումը չէ, այլ ռեժիմի փոփոխությունը, որը Արևմուտքին ենթակա չէ: Իսկ միջուկային ծրագիրը չափազանց հարմար պատրվակ է և անհնար է դրանից չօգտվել:

ԱՄՆ-ն կարող է հավատալ, որ հենց ինքն է ստիպել իրանական կառավարությանը վերադառնալ բանակցություններին, դա իր իրավունքն է: Սակայն համաշխարհային քաղաքականությունն այդպես ուղղագծորեն, կամ այնպես, ինչպես հարմար է Վաշինգտոնին, չի ստեղծվում: Ենթադրվում է, որ Իրանը բանակցությունների է գնում, որպեսզի աշխարհին ներկայացնի իր միջուկային ծրագրի վերաբերյալ ճշմարտությունը, որի ռազմական ուղղվածության վերաբերյալ անգամ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները չկարողացան որևէ բան ասել:

Նկատենք, որ սա Իրանի հետ վերջին հանդիպումն է, որին ներկա է լինելու Հիլլարի Քլինթոնը: Նոր պետքարտուղար Ջոն Քերրին, դատելով արձագանքներից, ավելի մեղմ՝ բանակցությունների վրա հիմնված, քաղաքականության կողմնակից է: Կարելի է ենթադրել, որ հազիվ թե Քերրին սատարի Օբամային, եթե հանկարծ վերջինիս «խելքին փչի» հարձակվել Իրանի վրա: Պետք չէ բացառել նաև Իսրայելում վերջին ընտրությունների արդյունքների ազդեցությունը: Որքան էլ որ Բինյամին Նեթանյահուն աշխատի Իրանը ներկայացնել որպես «դժոխքի ծնունդ», նրա մոտ դա այնքան էլ լավ չի ստացվում. համոզիչ չէ: Ամենայն հավանականությամբ, բանակցությունները դեռևս երկար ժամանակ կշարունակվեն, մինչև որ Իրանը կբախվի լուրջ տնտեսական և սոցիալական խնդիրների հետ: Համենայն դեպս, իրանական միջուկային ռումբի մասին տվյալները խիստ չափազանցեցված են: Նույնը վերաբերում է նաև Սադդամ Հուսեյնի ԶՈԶ-ին և Բաշար Ասադի ենթադրյալ քիմիական զենքին: Եվ կրկին վերադառնալով Քերրին նշենք, որ առայժմ նրա մոտ ցանկություն չի առաջացել ներգրավվել կասկածելի ավանտյուրաներում: Միակ բանը, որ հիմա պետք է անհանգստացնի ԱՄՆ-ին, ոչ թե Իրանի միջուկային ծրագիրն է, այլ Քաթարի և Սաուդյան Արաբիայի ամրապնդումը: Ինչպես նաև անհրաժեշժտ է լուծել արաբական քաոսի հետևանքներից առաջացած խնդիրները:

Կարինե Տեր-Սահակյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---