![]() Միջազգային մրցաշարերում հաջողության հասնելու համար հայ գեղասահորդներից առնվազն 5 տարի կպահանջվիՀայաստանում ձմեռային մարզաձևերը, մեղմ ասած, զարգացած չեն: Այս մարզաձևերն այդքան էլ մեծ հետաքրքրություն չեն առաջացնում, ի տարբերություն ամառային ձևերի: Սա արտահայտվում է նաև զուտ մարզական տեսանկյունից` մեր մարզիկների թիվը ձմեռային Օլիմպիադաներին անհամեմատ քիչ է, իսկ մեդալների մասին խոսք լինել չի էլ կարող: PanARMENIAN.Net - Անչափ գեղեցիկ այս մարզաձևերով մեր երկրում քիչ զբաղվելը, միջազգային ասպարեզում վատ մասնակցելը բացատրվում է մի քանի տարբերակով. նախ մեր երկրում ձմեռը երկար չի տևում, մարզադպրոցները սակավաթիվ են, բացի այդ էլ պետական բյուջեից քիչ է ֆինանսավորումը: PanARMENIAN.Net ն անդրադառնում է այն խնդիրներին, որոնց հետ բախվում են ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչները: Մեր առաջին հոդվածում կներկայացնենք անչափ գեղեցիկ ու երաժշտական մի մարզաձևի մասին: Գեղասահք. սա մի մարզաձև է, որը նայում են ոչ միայն այն մարդիկ ովքեր սիրում են սպորտ, այլև նրանք, ովքեր գնահատում են գեղեցիկը, երաժշտությունը, պարն ու գեղասահորդի արտիստիզմը: Անկախացումից հետո Հայաստանում գործող գեղասահքի դպրոցները զրկվեցին սահադաշտից. Հայաստանը ոչ Խորհրդային տարիներին և ոչ էլ մանավանդ հիմա միջազգային ասպարեզում չի ունեցել Օլիմպիական կամ էլ աշխարհի չեմպիոններ: Սակայն հիմա վիճակն ավելի է վատացել, քանի որ անկախացումից հետո Հայաստանում գործող գեղասահքի դպրոցները զրկվեցին սահադաշտից: Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը նշեց, որ հայ մարզիկները միշտ էլ «խեղճ են եղել սահադաշտից»: Հիմա մեր գեղասահորդները մարզվում են Կարապի լճում և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կարապի լճի սահադաշտը բացօթյա է և գործում է միայն մի քանի ամիս: Մնում է միայն համալիրի սահադաշտը: «Մարզահամերգային համալիրի սահադաշտը շատ լավն է, տարածքը մեծ է, սառույցը` լավը: Բացի դա, այստեղ կարող ենք մարզվել գրեթե կլոր տարի: Սակայն մեկ սահադաշտ ունենալը քիչ է: Մեկ օրինակ բերեմ` անցյալ տարի սահադաշտի ագրեգատներից մեկը փչացավ, ու շուրջ ութ ամիս մեր սաները չէին կարողանում սահել: Այդ ողջ ընթացքում նրանք միայն ֆիզիկական պարապմունքներ էին անում ու աշխատում խորեոգրաֆիայի վրա»,- նշեց Ստեփանյանը: Այսպիսի բացթողումներն անշուշտ ազդեցություն են ունենում մարզիկների պատրաստվածության վրա: Այս անչափ թանկ մարզաձևը հատուկ ուշադրություն և վերաբերմունք է պահանջում: Հարկ է նշել, որ պրոֆեսիոնալ գեղասահորդը 11 ամիս պետք է մարզվի սառույցի վրա, իսկ մեկ ամիս աշխատի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Պետական բյուջեից Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան ստանում է 9 մլն դրամ: Այդ միջոցներով էլ փորձում են կազմակերպել տարվա անելիքները` մարզումներ, հավաքներ ու միջազգային մրցաշարեր: «Այս ամսվա 12-16-ը Վիենայում կկայանա միջազգային մրցաշար, որին կմասնակցի միայն Սլավիկ Հայրապետյանը: Մենք հույս ունենք, որ նա կկարողանա վարկանշային միավորներ հավաքել, ինչի արդյունքում հնարավորություն կստանա ելույթ ունենալ աշխարհի առաջնությանը: Նախատեսվում է նաև, որ մինչև ամառ Ծաղկաձորում կանցկացնենք հավաք, ապա կմեկնենք Բաթումի, որտեղ էլ կշարունակենք աշխատել սառույցի վրա»,- ավելացրեց ֆեդերացիայի նախագահը: Ըստ նրա, այս տարվա մարտին կկայանա նաև Հայաստանի առաջնությունը, որը կրկին կանցկացվի համալիրի սահադաշտում: Երեք տարեկանից սկսած երեխաները կարող են հաճախել գեղասահքի. Անկախ տարբեր խնդիրներից, գեղասահք մարզաձևը զարգացնելու համար տարբեր մարզադպրոցներում շարունակում են ընդունելություններ: Գեղասահքի դպրոց գործում է նաև մարզահամերգային համալիրում: Դպրոցում սովորում են բոլոր այն երեխաները, ում երեք տարին արդեն լրացել է: Ըստ Ստեփանյանի, խորհրդային տարիներին շատերն էին ցանկանում մարզվել գեղեսահքով և դիմողների թիվն անհամեմատ շատ էր լինում: «Ընդունելության քննությունների ժամանակ հերթեր էին գոյանում, իսկ հիմա պատկերն այլ է: Ավելի քիչ են երեխաները, այդ պատճառով էլ ընդունում ենք գրեթե բոլորին: Ժամանակի ընթացքում նրանք մաղվում են, հասկանում են, թե ով է ուզում պրոֆեսիոնալ պարապել, իսկ ով` սիրողական: Մենք էլ ենք նկատում, թե ովքեր են օժտված գեղասահորդ դառնալու տաղանդով ու սկսում ենք ավելի խորացված պարապել նրանց հետ»,- ավելացրեց նա: Եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա երկու տարուց միջազգային մրցաշարերում կունենանք մասնակիցներ. Ֆեդերացիայի նախագահը տարբեր ճանապարհներ է փնտրում, որպեսզի գեղասահքը մեր երկրում կամաց- կամաց զարգանա: «Վերջերս Հայաստան էր եկել Օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան: Նա եկավ մեր մարզադպրոց, խոսեցինք համագործակցելու մասին, ըստ որի Ռուսաստանից կգան հայտնի մարզիչներ ու վարեպտության դասեր կանեն այստեղ»: Նախատեսվում են նաև այլ համագործակցություններ այն հայ մասնագետների հետ, ովքեր չեն ապրում Հայաստանում: «Եթե մեր ուզածները և նախատեսվածները կատարվեն, ապա երկու տարուց միջազգային մրցաշարերում կունենանք հայ մասնակիցներ, իսկ Եվրոպայի և աշխարհի մակարդակով մրցումներին մասնակցելու համար մեզ պետք կլինի առնվազն հինգ տարի»,- եզրափակեց Ստեփանյանը: Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News Այս մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ Ֆուտբոլիստներն իսկական հերոսներ են, ովքեր, սակայն, չդադարեցին մնալ հասարակ մարդիկ Երբ գնդակն «Արարատի» մոտ էր, բոլորը հարձակվում էին, կորցնելու դեպքում` պաշտպանվում Դրամատիկ եզրափակչում, գուցե, շատերն էին կասկածում մեր թիմի հաղթանակին, բայց ոչ արարատցիները Partner news Հայկական ֆուտբոլի վերածնունդն ու «Արարատի» ոսկե ժամանակաշրջանը «Ռինգի գրոսմայստեր». Բոլորն ուզում էին Վլադիմիր Ենգիբարյան դառնալ Հնարավորություն, որ միգուցե էլ չի լինի. Հայաստանը ԵՎՐՈ-2020-ի հայտ չի ներկայացնի |