Մարտի 1-ի զոհերի հիշատակին զուգահեռ Հայաստանը կանգնած է հետընտրական փորձառության առաջ

Մարտի 1-ի զոհերի հիշատակին զուգահեռ Հայաստանը կանգնած է հետընտրական փորձառության առաջ

Իշխանությունների կողմից պետք է իրականացվի հետաքննություն` պարզելու համար, թե ովքեր են խախտել ընտրական օրենսգիրքը և խոչընդոտներ ստեղծել իրենց իսկ թեկնածուի համար

Մարտի 1-ին` Երևանում տասը զոհ տված հետընտրական ողբերգական խռովություններից հինգ տարի անց, տեղին է նշել, որ այսօրվա Հայաստանն այլևս համեմատելի չէ 2008-ի Հայաստանի հետ: Բոլոր քաղաքական ուժերն այսօր ներկայություն ունեն խորհրդարանում, կա հավաքների և մամուլի ազատություն, ընտրական օրենսգիրքը բարեփոխվել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջ քաշած դրույթների համաձայն, ընտրությունների տեխնիկական կազմակերպումը բարելավվել է, և ամենակարևորը՝ փողոցներում բռնություն չկա:

PanARMENIAN.Net - Բոլոր այս զարգացումները կարևոր են Եվրոպայի և Եվրահանձնաժողովի հետ Հայաստանի հարաբերությունների համար: Անցած տարի Եվրահանձնաժողովը ներգրավեց Հայաստանը երկրների այն փոքր խմբի մեջ, որոնք օգտվում են «ավելի շատ օգնություն ավելի շատ բարեփոխումների համար» սկզբունքից, և այժմ ձգտում է առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ ավարտին հասցնել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Փետրվարի 18-ի ընտրությունների խնդիրն այն է, որ այդուհանդերձ խախտումներ եղան, և հասարակության ընդդիմադիր հատվածն այժմ հավատում է, որ այդ խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա՝ կասկածի տակ դնելով առաջին փուլում գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ 58,6% -ով տարած հաղթանակը:

Բոլոր ժողովրդավարական երկրներում դեռևս կարելի է հանդիպել այդպիսի որոշ «... դեպքեր», որպիսիք դիտորդներն են արձանագրել: Բայց հիմնական խնդիրը ոչ այնքան այն է, թե ԻՆՉ են նրանք գտնում, այլ դրա ծավալը: Միջազգային դիտորդական առաքելությունները ժխտել են, որ ընտրությունների արդյունքը կեղծվել է: Դրա համար ավելի քան 125.000 ձայն պետք է կեղծվեր. մինչ անգամ մի քանի հազար ձայնի կեղծումը սկանդալ է դառնում, բարձր որակավորում ունեցող միջազգային դիտորդական առաքելություններից և ոչ մեկը չի բացահայտել 125.000 քվեի ծավալով զանգվածային խախտումներ: Այնուամենայնիվ, քննադատող կամ ընդդիմադիր քաղաքացու հայացքով Հայաստանում բազմաթիվ կեղծված ընտրություններ կարելի է հիշել և այս անգամ էլ Հայաստանի ընտրական օրենսգրքի խախտումների հարյուրավոր դեպքերի մասին լսելիս բնական է զգոն լինելն ու հավատ չընծայելը: Դժվար կարող է լինել նաև միջազգային դիտորդներին հավատալը, երբ փաստում են, որ վարչական ռեսուրսի շահագործման և ընտրողներին ահաբեկելու հաստատված դեպքերը բավարար զգալի չեն ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Օգտագործելով այս տրամադրությունները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 19-ին պնդեց, որ հավաքել է 80% ձայն, այսինքն՝ իր արդյունքներից 635.000-ով ավելի: Ազնվորեն եմ ասում, Հայաստանյան իշխանությունները պետք է օժտված լինեն գերբնական ուժով, եթե նրանց հաջողվել է կեղծել երկրի գրեթե յուրաքանչյուր երկրորդ քվեն (ընտրություններից առաջ և այդ օրը) և այս ամենը թաքցնել հարյուրավոր փորձառու եվրոպացի դիտորդներից: Բացի այդ, վերջերս TNS-ի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք ստացվել են խստագույն արտաքին հսկողության, որակի վերահսկման և թափանցիկության պայմաններում և ազդեցություն չեն կրել ձայները վաճառելու, ընտրողներին վախեցնելու, քվեաթերթիկների լցոնման կամ սխալ հաշվարկի որևէ դեպքից, շատ մոտ էին ընտրությունների պաշտոնական արդյունքներին:

Հիմա՞ ինչ

Ես հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ ասում է, որ չի ուզում տեսնել բռնություն կամ հեղափոխություն: Նրա քարոզարշավի ոճը նույնպես շատ առողջ էր Հայաստանի ժողովրդավարության համար և նրա հետընտրական շարունակական շրջերթը այդ ոճի մեկ այլ օրինակ է, որ հասնում է հասարակությանը: Լավ և ուշադրության արժանի է այն, որ նույնիսկ գյուղական բնակավայրերում ապրողները զգում են, որ առանց վախենալու կարող են մասնակցել նմանատիպ հանրահավաքների: Այնուամենայնիվ, ես հիմա դժվարանում եմ հասկանալ, թե որն է մարտավարությունը, որովհետև նա հայկական քաղաքականությանը ծանոթ է բավական երկար ժամանակ հասկանալու համար, որ ոչ ոք ի վիճակի չէ պարզապես «համոզել» իշխանություններին զիջելու նախագահությունը, որ նման բան պատահելու հավանականությունը մոտ է զրոյին, այն դեպքում երբ դիտորդական առաքելությունների արձանագրությունները և ընտրությունների արդյունքներն այդքան հստակ են: Բացի այդ, մինչև հիմա նրա արած հանրային հայտարարությունները շատ անորոշ են, ինչպես մարդկանց ուղղված կոչ առանց տեսանելի նպատակի կամ ճանապարհի: Վտանգ կա, որ նրա ներկայիս պայքարը հասարակության հիասթափված հատվածի մոտ միայն հույս կարթնացնի, որ նա չի կարող արդարացնել: Միաժամանակ դա ավելի է խորացնում հանրային անվստահությունը և դժգոհությունը, նպաստում է արտագաղթի աճին և թուլացնում երկիրը ներսից ու դրսից: Մեր հանդիպումներից ես գիտեմ, որ դա, ըստ էության, հակառակն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը կցանկանար Հայաստանին և ինչին անձամբ հավատում է: Տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կգրանցվեն առաջիկա շաբաթների ընթացքում. գուցե սա բնական քաղաքական հակակշիռ է՝ ճնշելու համար իշխանություններին, որպեսզի ավելի շատ բարեփոխումներ կատարեն, միաժամանակ լավ միջոց՝ փրկելու սեփական դեմքը և խուսափելու պարտվածի կերպարից: Ի դեպ, ես համարում եմ, որ նա բացարձակապես պարտված չէ, քանի որ կարողացավ կառուցել միավորված ընդդիմության աջակցություն, ինչը դեռ երեք ամիս առաջ փորձագետների մեծ մասն անհնար կհամարեր: Այժմ իրատեսական մարտավարություն կարող է համարվել դրա վերափոխումը կայուն քաղաքական շարժման, որն արդեն շուտով իսկապես կարող է հաղթել ընտրություններում: Նոր տարվա տոների և ընտրությունների օրվա միջև ժամանակը բնականաբար բավարար չէր նմանատիպ շարժում ձևավորելու համար:

Այժմ իշխանությունների կողմից պետք է իրականացվի հիմնավոր հետաքննություն` պարզելու համար, թե ովքեր են խախտել ընտրական օրենսգիրքը և այդ կերպ խոչընդոտներ ստեղծել իրենց իսկ թեկնածուի` Սերժ Սարգսյանի համար: Իրական քննությունների և դատավարությունների համար շարժառիթ կարող է լինել այն, որ որոշ դեպքերում հնարավոր է գտնել այնպիսի հանցագործների, ովքեր գործող նախագահին վնասելու քաղաքական մտադրություններ են ունեցել: Ամեն դեպքում նախագահն իր սեփական ճամբարը որոշ չափով մաքրելու կարիք ունի, եթե ցանկանում է, որ այդ ճամբարն ուժեղ լինի երկարաժամկետ հեռանկարում: Բացի դրանից, նախագահը հայտարարել է, որ այժմ կենտրոնանալու է տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա, և որքան շատ հաջողություններ նա գրանցի այդ բարեփոխումների ուղղությամբ, այնքան մեծ հարգանք կկարողանա վայելել ոչ միայն իր ընտրողների, այլև ողջ հայության շրջանում: Այդպիսով առաջիկա հինգ տարիները առաջ կտանեն Հայաստանը 2008-ի մարտի 1-ի ցածր նշաձողից, և փոփոխությունները կարող են այնքան հիմնարար լինել, որ դառնան անշրջելի և տեսանելի բոլորի համար:

Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ կազմակերպության Գլխավոր քարտուղար, դոկտոր Մայքլ ՔԱՄԲԵՔ
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---