10 ապրիլի 2013 - 18:46 AMT
ՀՈԴՎԱԾ
«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Աշակերտներ, որ դպրոց ու դասարան չունեն
Հարյուրավոր երեխաներ դպրոց չեն գնում` կորցնելով կրթություն ու մասնագիտություն ստանալու հնարավորությունն ու բախվելով դրա հետևանքներին
PanARMENIAN.Net-ը ևս մի նախագիծ է սկսում` «Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը»: Նոր ու տարբեր հերոսներ, պատմություններ: Նրանք լրատվականների նյուզմեյքերները չեն ու նրանց մասին ոչ մի տեղ չեք կարդացել: Անահիտը, Արեգն ու Գոռը, նրանց բախտակիցներն ուղղակի երեխաներ են ու պատանիներ, որ դպրոց չեն գնում, չեն գնացել, չեն գնալու: Ինչուների ամենահուզիչ ու մտահոգիչ պատասխանները՝ մարդկային պարզ պատմություններում՝ չպարտավորեցնելու, բայց հետևությունների համար: Դպրոցի սեպտեմբերի 1, դասարան, 45 րոպե, դասարանցիներ ու դասղեկ, դասամիջոց, ստուգողական, սեղանին խզբզել, դասից «թռնել», բուֆետ, վերջին զանգ: Իսկ գիտե՞ք՝ քանի երեխա կա Հայաստանում, որ այս հիշողությունները չի ունենա:Ու նրանց հետ զրուցելիս պարզվում է, որ սա նվազագույն կորուստն է:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 5914-ը՝ 2011 թվականին, 758-ը՝ 2012: Կտրուկ նվազումը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ոչ մի կերպ չմեկնաբանեց, նշեց, որ չի տիրապետում այդ տեղեկությանը, ինքն իր թիվն ունի` ստացված բոլոր մարզպետարաններից ու Երևանի համայնքապետարաններից` 157 երեխա: Մի խնդիր էլ կա. մենք էլ ենք դիմել բոլոր մարզպետարաններ ու Երևանի համայնքապետարաններ (պատասխանատու կառույցներին)`երեխաների մասին տեղեկություն գտնելու համար, բայց դրանց մեծամասնության կրթության բաժնի պետերը կամ մասնագետները վստահեցրին, որ իրենց տարածքում այդպիսի երեխա չկա: Միայն մի քանի դեպքում ընդահնուր հաշվարկով 20-ից էլ պակաս երեխաների մասին նշվեց: PanARMENIAN.Net-ն այնուամենայնիվ գտել է և շարունակելու է փնտրել երեխաներին, զրուցել նրանց, նրանց ծնողների ու ընկերների հետ և առաջիկայում կներկայացնի դպրոց չգնացող երեխաների պատմությունները: Առաջինն Արմինեի ու նրա եղբայրների պատմությունն ենք ներկայացնում:

Ոչ մի բան իր տեղում չէ ու առանց այն էլ փոքր սենյակում քայլել չի լինում: Մի քանի հին ու փոշոտ ճամպրուկ է սենյակի տաբեր անկյուններում ընկած: Ու թեև կեսօր է՝ շուրջը կիսախավարից մի քիչ է լուսավոր: Այդ լույսով 2 անսովոր դիրքով մահճակալ էլ է նկատվում, մի փոքր սեղան ու երկու ավելի փոքր աթոռ, որոնց վրա նստած եղբայրները՝ ավագը 15, փոքրը՝ 7 տարեկան, կռվում են ու երբեմն լեզվակռվից ձեռքերի անցնում՝ ինչ-որ սկիզբ չունեցող պատճառով: Նրանց 16 տարեկան քույրը, անունն Արմինե, բակում լվացք է անում: Մայրն աշխատանքի է:

«Լևոն դու մեծն ես, մի խփի, փոքրա», - սենյակից փոքր եղբոր լացի ձայնն ավելի բարձր է լսվում, իսկ մեծն արդեն քրոջ վրա սկսեց գոռալ ու բացատրել, որ ինքը մեղավոր չէ, թող Գոռը խելոք մնա ու քույրն էլ, թե չէ իր հերթն էլ կգա: Արմինեն լռեց, մի քանի վայրկյան գլուխը լուռ կախեց, հետո թաց ձեռքով արցունքը սրբեց. «Գոռին ես եմ տիրություն անում, դեռ 1-2 տարեկանից: Ինձ հետ ավելի շատ է կապված, քան մորս: Հորս չի էլ հիշում, որ տեսնի չի ճանաչի, 1 տարեկան էր: Նրա մասին լսել չի ուզում, արդեն մեծանում է, հասկանում»:

Հասկանում է, որ հայրը գնացել է Ռուսաստան՝ աշխատելու ու այդ օրից արդեն 6 տարի է անցել: Բայց միայն մի քանի ամիս է իր համար շոկոլադի ու հրացանի փող ուղարկել: Հետո իր մասին մոռացել է: Դրա պատճառով մայրիկն է աշխատում, իսկ Ամին իր մայրիկն է դարձել: Լևոնն էլ վատն է, ծեծում է իրեն ու Ամիին, ինչ է թե մեծ է ու ուժեղ: Դպրոց էլ չի գնում, չի սովորում, ամբողջ օրը փողոցներն է չափչփում ու կասկածելի տղաների հետ ընկերություն անում: Ամին էլ արդեն 2 տարի դպրոց չի գնում: Այ ինքը գնում է: 1-ին դասարան: Դասարանի ամենասիրուն աղջիկն էլ իր ընկերուհին է, բայց անունը ոչ մեկին չի ասի: Մենակ Ամիին: Ու ինքը շատ լավ է սովորում, 9-եր ու 8-եր է ստանում:

«Հետևում եմ՝ ինչքան հասցնում եմ: Դե տան ամբողջ գործն ինձ վրա է՝ ճաշ եփել, լվացք անել, մաքրություն՝ ինչքան հնարավոր է», - Արմինեն պատմում է իր առօրյան ու արդեն կարծես՝ պարզ է՝ ինչու դպրոցը թողեց: «Գերազանցիկ չէի, որոշ առարկաներից էլ թույլ էի՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բայց լեզուներն ու գրականությունը ստացվում էր, կարողանում էի սովորել…8-րդ դասարանս էլ չավարտեցի: Քննություններին չգնացի: Օրերը համընկան, երբ մայրս մեզ վերցրեց ու հայրական տնից հեռացանք: Չեմ մեղադրում, հասկանում եմ, վախենում էր հորիցս: Նա նորմալ մարդ չի: Ծեծում էր մորս ամեն անտեղի պատճառով: Ընկերներին բերում, լցնում էր մեր տուն, խմում էին, ծխում… զզվելի օրեր էին: Որ գնաց աշխատելու, մտածեցինք՝ փոխվել է, բայց… Մի քանի օր առաջ իմացանք, որ գալու է: Մայրս որոշեց` տնից գնալը քիչ է ու այս գիշեր գնում ենք Վրաստան՝ հորիցս թաքնվելու: Ասել է՝ եկավ, սպանելու է մորս տնից գնալու համար: Բայց չի հասկանում, որ ինքն է մեզ թողել: Ընկերուհիներիս հայրերն էլ էին իր հետ 6 տարի առաջ նույն օրը գնացել: Հիմա նրանք գեղեցիկ վերանորոգված տուն ունեն, նորմալ շոր, ուտելիք, հայրերը տարին մի քանի անգամ գալիս են…Հիմա ընկերուհիներս համալսարանի համար են պարապում…», - պատմում է Արմինեն ու լվացքից մնացած ու արդեն սևացած ջուրը տանում թափելու:

Փոքրամարմին, նիհար աղջիկ է: Համեստ ու հոգնած քայլվածքով: Վերադառնում է: Նուրբ, սիրունիկ դիմագծեր ունի ու հատկապես այն ժամանակ, երբ նկատում է, որ իրեն եմ նայում ու ժպտում է: Ավելի է մոտենում ու իր բարակ ու փոքր ձեռքերով շարունակում լվացքը: Միայն ձեռքերն են, որ ընդհանուր երեխայական նկարագրին չեն համապատասխանում, որովհետև մեծի ձեռքեր են՝ ինչ-որ բան կտրատելիս դանակից, տաք ջրից մնացած սպիերով:

Եղբայրը ՝ Լևոնն էլ սպիեր ունի, բայց կռիվներից մնացած: Ամեն անգամ երբ ընկերները գալիս են, կանչում` վերադառնում է փոշոտ, կեղտոտ ու նոր սպիերով: «Ինչ դպրոց: Ինչի համար սովորեմ: Այս կյանքում ամեն ինչ ուրիշ ձև է», - ասաց նա ու թեև հրաժարվում էր խոսել, պատասխանեց, թե դպրոցն ինչով է խանգարում ու հատկապես երբ ասացի, որ հաստատ չի վնասի: «Երևաց, որ քեզ չի վնասել: Ուզում ես իմանաս ոնցա՞ վնասում: Իմացի՝ երբ ամեն օր նույն շորով ես գնում, ընկերներդ պակասում են ու բախտդ բերում է, եթե շորիդ նման գոնե մեկը մնում է կողքիդ: Երբ մի օր դաս սովորած չես լինում, ուսուցիչն ավելի կոպիտ է ու արդեն ընտանիքդ է սկսում վիրավորել: Թեկուզ ամենավատ, բայց իմ ընտանիքն է: Ու նա ավելի զզվելի է դառնում, երբ տեսնում ես մյուս դասը չսովորածին, բայց ունևորին բան չի ասում: Դու կուզես ամեն օր այ սենց դպրոց գնաս: Ես որ չեմ ուզում»: Ասաց ու գնաց իրեն կանչելու եկած ընկերների հետ:

Արմինեն, որ լսում էր, միաժամանակ հասկանում ու չէր ընդունում եղբոր սխալը, սրտի խորքում ուզում էր, որ գոնե նա իրեն ու Գոռին հայրություն անի. «Մեր հարևաններն ասում են, որ եթե հայր լիներ գլխին, այսպես չէր մեծանա: Երևի մինչև Գոռը հասնի այս տարիքին ու նույն խնդիրներն ունենա, Լևոնն արդեն մեծ կլինի ու հոր պակասը կլրացնի»:

Երեխաներն ապրում են Արարատի մարզի գյուղերից մեկում: Արարատի մարզպետարանի կրթության բաժնում պնդում են, որ իրենց մարզում բոլոր երեխաները դպրոց են գնում:

Արմինեն, Լևոնն ու Գոռը փոխված անուններ են` աղջկա խնդրանքով:

Անի Ավետյան / PanARMENIAN News