Անկինոթատրոն. Կինոկոմիտասի «ամառային դահլիճից» միայն «էկրանն» է մնացել

Անկինոթատրոն. Կինոկոմիտասի «ամառային դահլիճից» միայն «էկրանն» է մնացել

Կինոթատրոնը «փակվեց հայկական ֆիլմերով», «Եռանկյունին» ամենավերջին հիշողությունն է «Կոմիտասից»

Կինոթատրոն «Կոմիտաս»: Հասցեն՝ Կոմիտաս 47: Շահագործման է հանձնվել 1963 թվականին: Քարից հասարակական կառույց: Տարածքը՝ 1-ին հարկ-781.56 քմ, կիսանկուղ՝ 87,08 քմ, արտադրական մակերես՝ 457.08 քմ, օժանդակ մակերես՝ 415 քմ: Աճուրդի է հանվել 1995 թվականի սեպտեմբերի 2-ին: Վաճառող՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն՝ Պավել Ղալթախչյան: Գնորդ՝ «R.R» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ Նշան Մունչյան: Գինը՝ 295.430.700 ՀՀ դրամ: Սեփականաշնորհման պայմանագիրը կնքվել է նույն թվականի սեպտեմբերի 11-ին:

PanARMENIAN.Net - Կինոկոմիտաս: Երևանի չգործող կինոթատրոններից այն մեկը, որի շենքին նայելով կինոթատրոն հիշեցնող ոչինչ չեք գտնի: «Կոմիտաս» և «Արագած» կինոթատրոնները ոչ մեծ դահլիճներով կինոթատրոնն էին: Այս երկու կինոթատրոնները ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի ու Հրաչ Պողոսյանի նախագծով են կառուցվել, նախ «Արագածը», այնուհետև «Կոմիտասը»: Դրանք նախատեսված էին 200-ից 500 հանդիսատեսի համար:Եթե մնացած 20 չգործող կինոթատրոնների շենքերը գոնե արտաքինից պահպանվել են, «Կոմիտասը» շենքն ամբողջությամբ ձևափոխված է:

Նախկին կինոթատրոնից մնացած միակ բանը շենքի հետնամասի մի հատվածն է՝ կարմիր տուֆից շարված: Ասում են՝ այդ մասում կինոթատրոնի դահլիճն է եղել: Բակ, որպես այդպիսին չկա: Չկան նաև կինոթատրոնի դիմացի ցայտաղբյուրն ու վարդերը: Կոմիտասի 45 շենքի բնակիչները հիշում են, որ կինոթատրոնի բակը փոքրիկ պարտեզի էր նման: «Վարդեր էին աճում ու այլ ծաղիկներ, ավելի շատ պարտեզի էր նման «Կոմիտասի» բակը»,-հիշում է այս շենքի բնակիչ Մարատ Շահբեկյանը: Մարատ Շահբեկյանը պատմում է, որ բակի երկու կողմում տեղադրվում էին ազդագրերը: Աջ կողմում այն ֆիլմերին էին, որ արդեն ցուցադրվում էին, ձախ կողմում, այն ֆիլմերը, որ շուտով ցուցադրվելու էին:

«Անուշ» (1931)-Սաֆարյան Սարգիս, «Սրբի աղջիկը»(1930)-Սաֆարյան Սարգիս

Լյովա Կարապետյանը Մարատի մանկության ընկերն է. միասին նույն բակում են մեծացել: Կինոթատրոնի հետ կապված հուշերից անպակաս են տոմսերը վերավաճառող տղաները, որոնց մասին Լյովան հիշեց առաջինը, մի պարզ պատճառով, որ բակի ամենահայտնի վերավաճառողներից մեկն ինքն էր.«Օր էր լինում՝ 2 ռուբլի աշխատում էինք: Գիտե՞ք դա ինչ մեծ գումար էր մեզ համար, գնում էինք սրճարան, պաղպաղակ ուտում ուզածներիս չափ ու մեզնից գոհ վերադառնում»:

Հատկապես ամռանը և հատկապես երեկոյան սեանսները հարակից շենքի բնակիչների առօրյայի անբաժան մասն էին:

«Բոլորը հիշում են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, բայց մենք էլ ամառային դահլիճ ունեինք»,-հպարտությամբ պատմում է Լյովա Կարապետյանը: Կոմիտասի ամառային դահլիճն, իհարկե, մի փոքր այլ էր, ավելի շուտ որոշ հնարամիտների «ձեռքի գործը»:

«16-րդը» (1929)- Կարալյան Հովսեփ, «Երկիր Նաիրի» (1930)- Սաֆարյան Սարգիս

Կինոթատրոնի աստիճանահարթակի դիմաց 45 շենքի կողապատն է: Աստիճանահարթակին աթոռներ էին դրվում, 45 շենքի կողապատին մեծ, սպիտակ սավան էր ամրացվում: Հենց մթնում էր, սկսվում էր բացօթյա ցուցադրությունը:

Հենց այս «բացօթյա դահլիճում» էլ կոմիտասցիները դիտեցին Շառլ Ազնավուրի մասին պատմող տեսաֆիլմը, որն այն ժամանակ, բնակիչների խոսքով, իսկական տոն էր. Ազնավուրը նվաճում էր աշխարհը: Դրսի հայերի մասին շատ բան չիմացող Սովետական Հայաստանի բնակիչների համար այս տեսաֆիլմը իսկական խանդավառություն էր:

Բացօթյա կինոթատրոնի համար դահլիճ դարձած ընդարձակ աստիճանահարթակը մի օր փակվեց սև ապակիներով ու կինոթատրոնը դարձավ ավտոպահեստամասերի առևտրի սրահ, որի ճակատի «Կոմիտաս» գրառումը փոխարինվեց խանութի լատինատառ անվամբ:

Մնացին հիշողությունները, որոնք այն ժամանակ դպրոցական տղաներն ու աղջիկները պատմում են նույն կերպ՝ առաջինը հիշելով՝ ոնց էին փախչում դասերից:

«Զարե» (1926)-Արուտչյան Միքայել

Լյովա Կարապետյանը պատմում է, որ մոտ 300 տեղ ունեցող դահլիճում օր կար՝ կեսը աշակերտներ էին լինում.«Հիմնականում փախնում էինք դասերից, մի քանի դասարան միասին: Մեկ էլ կտեսներիր տնօրենը եկավ, դահլիճի լույսերը վառում էին, մեզ դուրս հանում: Պատժում էին, ջղայնանում: Մի քանի օր հետո նույն տեսարանն էր»:

«Այս ամենի արդյունքը եղավ այն, որ տոմսավաճառները սկսեցին մեզ տոմս չտալ»,-հիշում է Արմենուհի Խաչատրյանը և հավելում, որ ընկերներ ունի, որոնց հետ հենց կինոթատրոնում է ծանոթացել:

«Նրանք էլ ուրիշ դպրոցի դասից փախած աշակերտներն էին»:

Հիշում են անգամ ֆիլմը, որի համար մի օր դպրոցը բոլորովին դատարկվել էր՝ «Ռոմեո և Ջուլիետ»:

«Ռոմեո և Ջուլիետ»-ը ու ևս մի ֆիլմ՝ Գնչուհի Եսենիայի մասին պատմող ֆիլմը մեր զրուցակիցներն ամենաշատ են հիշում:

«Հնդկական ֆիլմերի համար էլ էին հերթեր լինում, բայց Եսենիայի ժամանակ հերթը մի քանի օր տևեց»:

Կինոյի ու կիոնոթատրոնի հետ կապված ևս մի հիշողություն, որ ժպտալով պատմում էին մեր զրուցակիցները, պատանեկան սերն է ու դրա կապը կինոյի հետ:

«Ամենալավ հիշողություններց մեկն էլ այն է, որ եթե տղաներից մեկը սիրած աղջիկ էր ունենում՝ առաջին քայլը, որ անում էր, կինո հրավիրելն էր, բայց սա ամենահետաքրքիրը չէ, աղջիկներ կային, որ չէին համաձայնվում, ու տղաները 5-6 հատ տոմս էին առնում, տանում ու տալիս էին այդ աղջկան: Այսինքն՝ եթե ինձ հետ չես գալիս, ես քեզ տալիս եմ տոմսը, գնա ընկերուհիներիդ հետ, բայց իմացիր, որ «ինչ-որ բան կա»: Սա էլ մեր ժամանակվա սիրո դրսևորումն էր»,- պատմում ու ծիծաղում է Լյովա Կաարապետյանը:

Վերջին ֆիլմերը, ըստ մեր զրուցակիցների, «Կոմիտասում» ցուցադրվեցին 85-87 թվականներին: Կինոթատրոնը «փակվեց հայկական ֆիլմերով»: «Եռանկյունին» ամենավերջին հիշողությունն է «Կոմիտասից»:

Նյութում օգտագործվել են ազդագրեր Վիգեն Գալստյանի «Մոռացված արվեստ» գրքից

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
«Անկինոթատրոն» նախագիծ

«Մոսկվա», «Նաիրի»: Կինո գնալու համար կամ Աբովյան փողոց 18, կամ Մաշտոցի պողոտա 50: Սա մեր ընտրությունն է: Դժվար է պատկերացնել, որ 3-4 տասնամյակ առաջ այս նույն ընտրության համար Երևանում ավելի քան 2 տասնյակ հասցե կար, այսինքն այդքան կիոթատրոն: Ձեզնից ոմանք աշխատանքի, դասի գնալիս ամեն օր անցնում են այդ կինոթատրոնների կողքով: Հիմա դրանք ինչ-որ մեկի սեփականությունն են, գրասենյակ, խանութ, անգամ կուսակցության շտաբ: Շենքեր, որոնք մեզ գուցե ոչինչ չեն ասում: Բայց ժամանակին դրանք այն մեծ մշակույթի մի մասն էին, որ կոչվում էր կինոթատրոն: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է այդ մշակույթին ու այդ երկու տասնյակ չգործող կինոթատրոններին նվիրված շարք: Փաստեր, մարդիկ, հիշողություններ: Այն ամենը ինչ մենք՝ այդ կինոթատրոնները երբևէ ներսից չտեսած անկախության սերնդի ներկայացուցիչներս, կարողացել ենք լսել, հավաքել ու գրառել:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին

Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---