
Կինն անդադար խոսում է՝ ինձ ու գործընկերուհուս պատմում, որ ոստիկանները իր հանդեպ բռնություն են գործադրել, որ 2 անգամ ինչ-որ մարդիկ այրել են իր տունը, հետո խլել են այն, որ այն ուրիշի են տվել ու իրեն անօթևան դարձրել: Հետո ասում է, որ սրտի հետ կապված խնդիրներ ունի, հիվանդ է, բայց շուտով կգնա Ֆրանսիա՝ հարազատների մոտ ու ամեն ինչ կկարգավորվի: Ասում է, որ որևէ մեկի օգնության կարիքը չունի:
Գոհարի ձեռքերն ու դեմքը պատված են մոխրով, հագուստը՝ մրոտած:
«Տեսքիս մի նայեք, մի քիչ էն չի, ախպերներս Ֆրանսիայում են, վիզա կուղարկեն կգնամ,-ասում է ու շտապում հրաժեշտ տալ՝ մեզ հորդորելով փոխել մասնագիտությունը ու ուրիշ գործ գտնել, որովհետև «էս երկրում սովորական մարդիկ են վտանգի մեջ, ուր մնաց լրագրողները»: «4 կողմից վախեցնում են, ձեզ էլ կհասնեն մի օր, նենց որ հիմիկվանից ասում եմ»:
Գոհարի հետ որևէ համաձայնության գալու և երեխային տեսնելու բոլոր փորձերն անցան ապարդյուն:
ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների և քաղաքապետարանի Խնամակալության և հոգաբարձության խորհրդի միջոցով հաջողվեց պարզել, որ Ադանա Կարապետյանը հաճախել է հ.18 հատուկ դպրոց, որի վերակազմավորումից հետո տեղափոխվել է Հանրապետական հ.1 հատուկ կրթահամալիր, բայց մայրը խոչընդոտել է երեխայի դպրոց հաճախելուն:
Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի միջնորդությամբ Ադանա Կարապետյանը տեղավորվել է Երևանի հ.16 ավագ դպրոցում և միաժամանակ հաճախել «Նունիոս» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված անգլերենի և համակարգչային ուսուցման դասընթացներին: Ընտանիքին տրամադրվել է նաև դրամական և նյութական օգնություն: Բայց սա էլ է կարճ տևել:
Էրեբունի վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության խորհուրդըը և Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները Գոհար Կարապետյանի հետ պարբերաբար աշխատանքներ են տարել երեխայի կրթությունն ու առողջ ապրելակերպն ապահովելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Գոհար Կարապետյանը խոչընդոտում է երեխայի դպրոց հաճախելուն և չի ապահովում երեխայի առողջ, անվտանգ ապրելակերպը: «Այժմ երեխան մնացել է նույն դասարանում»,-հայտնեցին մեզ քաղաքապետարանից:
Պարզեցինք նաև, որ այս ընտանիքին առաջարկվել է սենյակ «Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի ստեղծած կացարանում, սակայն Գոհար Կարապետյանը դարձյալ հրաժարվել է: Առաջարկվել է նաև երեխային տեղավորել ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնում: Դարձյալ ապարդյուն:
Արդյունքում՝ Խնամակալության և հոգաբարձության խորհուրդը, այսպես ասած, «ձեռք է քաշել» այս ընտանիքից: Էրեբունի վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության խորհրդից մեզ փոխանցեցին, որ դադարել են այցելել այս ընտանիքին: Խորհրդից տեղեկացրին նաև, որ ըստ Գոհար Կարապետյանի բանավոր հայտարարությունների ՝ պարզվում է, որ նա ևս մեկ երեխա ունի, որին երբևէ չեն տեսել և գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան :
Այս ամբողջ ընթացքում, երբ մենք փորձում էինք պարզել՝ իրականում ինչու է այս ընտանիքը հայտնվել կիսակառույցում, ինչու է Գոհար Կարապետյանը հրաժարվում իրեն արված բոլոր առաջարկներից և ի վերջո ինչու է նման անմարդկային պայմաններում պահում սեփական դստերը, ինչ պատմություն ասես ՝ չլսեցիք և ամենահաճախը այն, որ կինը, ըստ երևույթին, ինչ-որ հոգեկան խնդիրներ ունի, բոլոր դեպքերում մեր զրուցակիցների համոզմունքը նույն կերպ էր բացատրվում.«ինչպես կարելի է նման պայմաններում պահել սեփական երեխային»:
Նման դեպքերում միակ օղակը, որն իրավասություն ունի որևէ բան անել երեխային այդ պայմաններից դուրս բերելու համար Խնամակալության և հոգաբարձության խորհուրդն է, որը, փաստորեն, սահմանափակվել է առաջարկներով, մինչդեռ ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը հնարավորություն է տալիս այս կառույցին սահմանափակել ծնողական իրավունքը, եթե կա անհրաժեշտություն: Մասնավորապես, 63-րդ հոդվածը սահմանում է, որ ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն)։
Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։ Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի շահերից:
Այս դեպքում ստացվում է, որ համապատասխան մարմինը իր իրավասություններից բխող ամեն բան չի արել երեխային այդ իրավիճակից դուրս բերելու համար, մինչդեռ ունեցել է նման հնարավորություն:
Բոլորովին կողմ չլինելով՝ երեխային ծնողից զրկելու հեռանկարին, փաստում ենք, որ այդ երեխան ապրում է «իրեն պարտադրված, կյանքի համար ոչ նպաստավոր պայմաններում»:
Հավելենք միայն, որ այս մասին տեղյակ ենք պահել ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին: Պաշտպանի աշխատակազմը խոստացավ զբաղվել գործի քննությամբ, մասնավորապես, օգնել լուծել Ադանա Կարապետյանի դպրոց հաճախելու խնդիրը և փորձել երկրորդ երեխայի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերել:
Հ.Գ Ստեղծման օրվանից առ այսօր քաղաքապետարանի Խնամակալության և հոգաբարձության խորհուրդը մեկ անգամ է իրացրել իրեն տրված լիազորությունը: 2 տարի առաջ խորհրդի հայցով դատարանը սահմափակել է Տանյա Ղուկասյանի ծնողական իրավունքը: Երեխան այժմ գտնվում «SOS» մանկական գյուղում: