Պայքար՝ հարուստ ու համեստ ֆինանսական միջոցներով. Հաշվում ենք քաղաքային հնարավոր իշխանությունների փողերը

Պայքար՝ հարուստ ու համեստ ֆինանսական միջոցներով. Հաշվում ենք քաղաքային հնարավոր իշխանությունների փողերը

Ընտրություններին մասնակցող կուսակցություններից ամենահարուստը ՀՀԿ-ն է, նրան հաջորդում է ԲՀԿ-ն, համեստ են ՀԱԿ-ի և «Բարև, Երևան»-ի ֆինանսական միջոցները

Երևանի իշխանության համար պայքարի մեջ մտած վեց կուսակցություններն ու մեկ կուսակցությունների դաշինքը մի բակից մյուսն են շտապում՝ գրավելու երևանցիների սրտերն ու վաստակելու նրանց ձայնը: Ավագանու ընտրությունների քարոզարշավի համար էլ որոշ ուժեր չեն խնայում իրենց քսակի պարունակությունը և ներդնում են բոլոր ռեսուրսները՝ ամենալավ քարոզարշավն անելու համար: Իսկ թե ինչ ռեսուրսներ ունեն, գոնե պաշտոնական մասով, ինչի՞ շնորհիվ են կարողանում գումարներ շռայլել երևանցիների աչքին ամենալավը երևալու համար, կարելի է իմանալ Կենտրոնական ընտրական հանձաժողով ներկայացրած գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրերից: Եվ այսպես, հաշվում ենք քաղաքային հնարավոր իշխանությունների փողերը:

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից ամենահարուստը և ամենաշատ անշարժ գույքն ունեցողն իշխող Հանրապետական կուսակցությունն է, երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստանը»: PanARMENIAN.Net ին ԿԸՀ-ից փոխանցեցին, որ հայտարարագիր չի ներկայացրել «Առաքելություն» կուսակցությունը, քանի որ այն Արդարադատության նախարարությունում գրանցվել է բոլորովին վերջերս:

Իշխող Հանրապետական կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտարարագրել է 58 անշարժ գույք, գերակշիռ մասը տարածքներ և հողեր են, իսկ ամենամեծ շինությունը՝ միանձնյա սեփականության իրավունքով, գտնվում է Երևանի Մելիք-Ադամյան հասցեում՝ 1050 քառակուսի մետր տարածք: ՀՀԿ հայտարարագրած անշարժ գույքը գտնվում է Երևանում և մարզերում, մի քանի մարզերում երկուսից ավելի անշարժ գույք կա: ՀՀԿ-ն հայտարարագրել է 8 շարժական գույք՝ մեքենաներ՝ միանձնյա սեփականության իրավունքով: Դրանց թվում են «Նիսան պատֆայնդեր», ԳԱԶ, ՎԱԶ և ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ:

ՀՀԿ-ն չունի 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք միջոցներ: Դրամական միջոցները կազմում են 39.843.822 ՀՀ դրամ: Կուսակցության եկամուտները անդամակցության վճարներից ու նվիրատվություններից կազմում են՝ 364.539.760 դրամ, վարձակալական վճարներից՝ 26.008.960 ՀՀ դրամ, բյուջետային ֆինանսավորումից՝ 29. 530.400 դրամ և այլ եկամուտներ՝ 8.035.077 ՀՀ դրամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է ԲՀԿ պաըգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: 4 էջանոց գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի համաձայն՝ ԲՀԿ-ն ունի 53 անշարժ գույք ՝ բնակելի, հանրային տարածքներ, խանութներ, քարե առանձնատներ, հողակտորներ մայրաքաղաքում և հանրապետության տարբեր քաղաքներում: Դրանցից միայն մեկի նկատմամբ կուսակցությունն ունի վարձակալության, իսկ մնացածի՝ անհատույց օգտագործման իրավունք: Շարժական գույք, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք ԲՀԿ հայտարարագրում նշված չէ:

Կուսակցության դրամական միջոցներն են՝ 8.933.090 ՀՀ դրամ: Կուսակցությունը ունի 17.511.000 ՀՀ դրամի եկամուտ՝ օրենքով սահմանված պետական բյուջեից, 14.397.000 ՀՀ դրամ՝ կուսակցական անդամավճարների և 68.772 ՀՀ դրամ՝ կուտակված տոկոսների հաշվին:

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է ԱԻ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը: Կուսակցության գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրի համաձայն՝ ՕԵԿ-ն ունի միայն մեկ անշարժ գույք՝ Երևանի Աբովյան 43 հասցեում հայտարարագրել է շենքի 5-րդ և 6-րդ հարկերը՝ միանձնյա սեփականության իրավունքով, 765. 2 քառակուսի մետր տարածքով: Որպես շարժական գույք հայտարարագրված է ՎԱԶ 21 07 և ՕՊԵԼ Վեկտրա V մակնիշի մեքենաներ:

Կուսակցութան եկամուտներն են՝ պետական բյուջեի ֆինանսավորումից և նվիրատվություններից, համապատասխանաբար՝ 4.633.400 ՀՀ դրամ և 8.650.000 ՀՀ դրամ: ՕԵԿ-ն ունի 1.036.000 ՀՀ դրամ դրամական միջոցներ: 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք ՕԵԿ հայտարարագրում նշված չէ:

Հայ Յեղափոխական դաշնակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, 01.01.2012-01.01.2013-ի համար հայտարարագրել է 35 անշարժ գույք, որոնց նկատմամբ ունի միանձնյա սեփականության իրավունք: Դրանց թվում են` շենքեր, բնակարաններ, տներ, տարածքներ, առևտրի օբյեկտներ, գրասենյակ և այլն, դրանք գտնվում են Երևանում, Սյունիքում, Արագածոտնում և այլ մարզերում:

Կուսակցության հայտարարագրում չկա նշված շարժական և թանկարժեք գույք, դրամական միջոցներ, փայաբաժին և բաժնեմաս, եկամուտներ:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ընտրական ցուցակի առաջին համարը Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանն է, 01.01.2012-01.01.2013-ի համար հայտարարագրել է միայն մեկ անշարժ գույք՝ Սարյան 38 հասցեում՝ 297. 04 քառակուսի մետր տարածքով՝ միանձնյա սեփականության իրավունքով: Շարժական և 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք ՀԱԿ հայտարարագրում չկա: Կուսակցությունն ունի 2.162.800 ՀՀ դրամ: Անդամակցության վճարների, նվիրատվությունների, բյուջետային ֆինանսավորման հաշվին գոյացած եկամուտները կազմում են 5.259.700 ՀՀ դրամ:

«Բարև, Երևան» դաշինքի մեջ են մտել չորս կուսակցություն` «Ժառանգություն», «Ժողովրդավարական Հայրենիք», «Ժողովրդավարական ուղի» և «Շրջադարձ»: Ընտրական ցուցակը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության հայտարարագրում չկան նշված անշարժ և շարժական գույք: Բացակայում են նաև թանկարժեք գույքը, դրամական միջոցները, փայաբաժինը և բաժնեմասը: Կուսակցության եկամուտները գոյանում են նվիրատվոթյուններից և բյուջեի ֆինանսավորումից, համապատասխանաբար` 25.666.00 ՀՀ դրամ և 4.387.00 ՀՀ դրամ:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ևս մեծ ֆինանսկան միջոցներ չունի, նրանց հայտարարագրում ևս նշված չեն անշարժ և շարժական գույք, թանկարժեք գույք, դրամական միջոցներ, փայաբաժին և բաժնեմաս: Կուսակցության եկամուտները գոյանում են նվիրատվոթյուններից և կուսակցությանն անդամավճարից, համապատասխանաբար` 250.000 ՀՀ դրամ և 290.000 ՀՀ դրամ:

«Բարև, Երևան» դաշինքի մյուս կուսակցությունները` «Ժողովրդավարական ուղի»-ն և «Շրջադարձ»-ը առհասարակ որևէ բան չունեն հայտարարագրած:

Մարի Թարյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---