Արցախի հանդեպ սերն ու սպասումներն աշխարհին նայում են ինքնաձիգիս փոքրիկ կիսաշրջանից. Մեկ օր զինվորի օրագրից

Արցախի հանդեպ սերն ու սպասումներն աշխարհին նայում են ինքնաձիգիս փոքրիկ կիսաշրջանից. Մեկ օր զինվորի օրագրից

Արցախի միակ լուծումը պինդ սեղմված է խրամատում կանգած զինվորի ուսին ու դրված ապահովիչի վրա

Տղերքն առավոտը մի քիչ շուտ են զարթնել, զինվորական բեռնատարը լցված է քնապարկերով, վառարաններով ու փայտով. դիրքեր ենք բարձրանում: Այնտեղ ծառայությունն ու առհասարակ վերաբերմունքը կյանքի նկատմամբ բոլորովին ուրիշ է: Դիրքերում դիվանագիտություն չկա, չկա ճանաչված կամ չճանաչված պետություն: Արցախի միջազգային դե ֆակտո կամ դե յուրե ճանաչումը հայ զինվորի համար մարտական դիրքում հավասար է զրոյի: Ինչքան ուզում ես հաշվիր, զրո է ու վերջ:

PanARMENIAN.Net - Ավտոմատը հենած ուսիդ, ձախ աչքդ փակ, աջ աչքիդ առաջ նշանոցի կիսաշրջանն է, կիսաշրջանի մեջ՝ հակառակորդի խրամատը: Դիրքում կանգնած զինվորի ամբողջ հայրենասիրությունը, մտածմունքները, Արցախի հանդեպ սերն ու սպասումները աշխարհին նայում են ինքնաձիգի այս փոքրիկ կիսաշրջանից: Այդ պահին նա ամբողջ հոգով թքած ունի, թե աշխարհի որ պետությունը կամ ԱՄՆ որ նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը: Արցախի հարցի միակ լուծումը տրվել է ուղիղ քսան տարի առաջ, այդ լուծումը հիմա պինդ սեղմված է ուսիս ու դրված ապահովիչի վրա: Ձգանը միշտ պատրաստ է մի քանի սանտիմետր հետ գնալու և թուրքին հիշեցնելու, որ Արցախի չլուծված հարց հայ զինվորի համար պարզապես չկա. խրամատից հետ՝ միգուցե, դիվանագիտական սեղաններին՝ հնարավոր է, սառը խրամատում՝ երբեք:

Տասնչորս խրամատային օրերից հետո իջնում եմ դիրքերից ու երկու շաբաթ լուրերին հետևած ընկերներիս քմծիծաղով հարցնում. «Հն, հարցում փոփոխություն չի՞ եղել»:

…օրը ծանր էր: Զբոսանքից հետո անվանականչն է:

-Վաշտ, հավսա՜ր, զգա՜ստ: Լսիր երեկոյան անվանականչ: Ղուլյան Աշոտ Հմայակի: Ղուլյանն ընկավ հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտում: Վարդանյան, Աբովյան, Պետրոսյան…

Արցախի Պաշտպանության բանակի շատ վաշտերի ցուցակներում կան հավերժ մտցված անուններ: Երկու տարի ամեն երեկո քնելուց առաջ վաշտի տղերքի ու քո սեփական անուն-ազգանունը լսելուց առաջ լսում ես նրա անունը: Ղուլյան Աշոտ Հմայակի: Ու հետո միայն քոնը: Ամսաթվերի տակ փոքրիկ վանդակներ են, յուրաքանչյուրի անվան դիմաց բազմաթիվ նշումներ կան. Ա-արձակուրդ, Հ-հոսպիտալ, Վ-վերակարգ…

-Ստեփանյան:

-Ե՛ս եմ:

Ներկա: Աշոտի անվան դիմաց ոչ մի նշան չկա: Նա վաշտում է արդեն քսան տարի, անբացակա ամենաերկար ծառայությունը Պաշտպանության բանակում, ամեն երեկո՝ շարքում:

Պառկում եմ քնելու, երկու շաբաթ մեջքս մահճակալ չի «տեսել», ցանկանում եմ խորը քնել, բայց չէ, չի ստացվում: Պաշտպանության բանակը երբեք խորը քնով չի անցնում, լինես շարքային զինվոր, թե բանակի հրամանատար. Համազգեստդ խնամքով ծալված, դրված է մահճակալիդ շատ մոտ:

Արցախ, 2013
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---