
Տանկը: Բերդի պարիսպն ու հակառակ կողմում կանգնած հրամանատարի տանկը: Ու թող թուրքը մտքով անգամ չանցկացնի հետ գալ, տանկը պատրաստ կանգնած է, Շուշի չեն մտնի…
Զինվորս, իմ զինվորն ու սահմանին կանգած մյուս տղերքը… զինվորը ուրիշինը չի լինում, զինվորներս… թուրքը Շուշի չի էլ հասնի…
Մեքենան կանգնում է հյուրանոցի մոտ, իրերը տանում ենք սենյակ… Բացում ենք դուռը ու ես հայացքով վազում եմ պատուհանի մոտ. Էդ ի՞նչ թևեր էին: Մեր պատուհանից Ղազանչեցոցն է երևում, իմ տեսած ամենասպիտակ եկեղեցին: Մոռանում եմ պատերազմի մասին, Ղազանչեցոցի շուրջը պատերազմի փոշի չկա, բայց… թևերի մասին էլ եմ մոռանում: Կամ…
Ջդրդուզ: Սիրտս քիչ է մնում դուրս գա ու պարի էդ անտառների վրա… Չեմ խորանում անտառների մեջ, էնտեղ պատերազմ է, տղերքը կռվում են, ես կրակոցի ձայներ եմ լսում: «Սոն, պատերազմը չի վերջացել, էս անտառներում պատերազմ է»,- էլ մեջս պահել չի լինում, պինդ գրկում եմ Սոնային, իրեն գրկելուց միշտ հանգստանում եմ:
Աշխարհի ամենասիրուն քաղաքում ապրում են ամենահանգիստ մարդիկ, էս մարդիկ խաղաղության գինը լավ գիտեն: Հին, կիսաքանդ, երկհարկանի շենքերն էլ գիտեն խաղաղության գինը…
Շուշիում ամենասիրուն հին շենքերն են, կիսաքանդ, բայց պատմություններով լի: Շենքերը ժպտալ գիտեն, ուղղակի պետք է սիրես իրենց: Ժպտացող շենքերով քաղաքը…
Սպիտակ քաղաքում գիշերն էլ է սպիտակ լինում… Օդն այնքան շատ է, որ կարիք չկա արագ շնչելու, ուղղակի հանգիստ փակում ես աչքերդ ու քնում: Պատերզմն էլ է գիշերը քնում, գիշերը այս քաղաքում մենակ թևերն են:
Շուշիում աքաղաղի կանչելուց չեն արթանանում… Զանգերի ձայնը… Ղազանչեցոցը կանչում է: Մոտենում եմ պատուհանին: Թևերը շատ են, ծածկել են երկինքը, պտտվում են վանքի շուրջ… Հրեշտակներն արթնացել են: Շուշին աշխարհի ամենասիրուն հրեշտակներով քաղաքն է: Պատերազմի ու հրեշտակների քաղաքը…