Սպորտի մյուս կողմը. Հայկական ձյուդո` դպրոցների բացակայությունից մինչև 40 հազար դրամ աշխատավարձ

Սպորտի մյուս կողմը. Հայկական ձյուդո` դպրոցների բացակայությունից մինչև 40 հազար դրամ աշխատավարձ

Խիթարյան. Մարզաձևի զարգացման համար պետք է լինի պետական մոտեցում

Ձյուդոն, համեմատած մի շարք մարզաձևերի հետ, Հայաստանում ավելի երիտասարդ է: Չնայած դրան, այն արագ տարածվեց մեր երկրում, և այս մարզաձևով սկսեցին զբաղվել շատ պատանիներ:

PanARMENIAN.Net - Արդյունքն էլ չուշացավ, և արդեն 2003 թվականին Արմեն Նազարյանը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի:

Հայկական ձյուդոն, սակայն, այս տարիների ընթացքում ունեցավ միայն երկու դեմք` Նազարյան ու Հովհաննես Դավթյան: Այս մարզիկները շատ հաջող են հանդես եկել ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի առաջնություններում ու Գավաթի խաղարկություններում, հռչակվել չեմպիոններ ու նվաճել տարբեր կարգի մեդալներ: Նրանք երկուսն էլ մասնակցել են ինչպես Պեկինի, այնպես էլ Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

Սակայն վերջին ժամանակներս պատկերը փոխվել է: Ոչ միայն այս երկու մարզիկները, այլև հայ մյուս ձյուդոիստները մեծահասակների առաջնություններում չեն կարողանում մրցանակային տեղեր գրավել: Այս տարի մեր ձյուդոիստները ձախողեցին Եվրոպայի առաջնությունը. միայն Նազարյանը կարողացավ հաղթել մեկ մրցակցի, մյուսները պարտվեցին առաջին իսկ գոտեմարտում:

Խնդիրները շատ են ու բազմազան: PanARMENIAN.Net ը զրուցեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանի և Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի հետ:

Թիմում բացերը շատ են, որոնք պետք է շտկվեն.

«Շատ բացեր ունենք, որոնք պետք է շտկվեն: Այսօր թիմի հիմնական կորիզը կազմում են երիտասարդ մարզիկները, ովքեր իրենց տարիքային խմբում արդյունք են ցույց տվել և արդեն հրավիրվել են մեծահասակների հավաքական: Բացի այդ, մեր մարզաձևում փոխվել են կանոնները: Կա մարզիկ, ով շուտ է հարմարվում, մի ուրիշը` ոչ, որոշներն էլ ընդհանրապես չեն հարմարվում: Որպես հավաքականի մարզիչ ասեմ, որ մեր տղաներն ունեն հոգեբանական խնդիրներ` կապված հենց այդ կանոնների փոփոխության հետ: Նրանց մոտ վախ է առաջանում հնարք կատարելու, բռնվածքների հետ կապված, մտածում են` նկատողություն չստանան ու, այսպես ասած, աչքները վախենում է»,- նշեց Բաբայանը:

Ըստ նրա, իրենք պետք է աշխատեն հոգեբանական ու տակտիկական խնդիրների վրա, փոխեն մարտավարությունը, որպեսզի կարողանան հաղթանակի հասնել:

Խիթարյանը, հավելելով Բաբայանին, ասաց, որ թիմի հետ հոգեբան չի աշխատում, մարզիչը նաև հոգեբանի դերում է հանդես գալիս:

«Իրականում ամեն ինչ կախված է մարզիկից, եթե նա չի հավատում իր հաղթանակին, նույնիսկ աշխարհի լավագույն հոգեբանը չի կարող օգնել նրան: Մարզիկին հոգեբանորեն պատրաստում են մարզիչները, որոնք շատ լավ են ճանաչում իրենց սաներին: Իսկ եթե մեր թիմերն ունենան հոգեբաններ, ապա նրանք ոչ թե մրցումներից առաջ պետք է զրուցեն տղաների հետ, այլ միշտ պետք է լինեն թիմի հետ»,- կարծում է նա:

Նախապատրաստական առաջին փուլում պետք է բացահայտվեն նոր անուններ.

Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո մարզիկներն աստիճանաբար սկսում են պատրաստվել Ռիո դե Ժանեյրոյի խաղերին: Ֆեդերացիաները կազմում են քառամյա ցիկլի պլանները, թիմում ընդգրկում են նոր անդամների: Ձյուդոյի ֆեդերացիան ևս նախապատրաստական շրջանը բաժանվել է փուլերի ու դրանցից առաջինը փնտրտուքների շրջանն է` նոր ձյուդոիստների, թիմում առկա խնդիրների և թերությունների հայտնաբերումը:

«Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս շրջանում էլ մեդալներ լինեին, բայց գերակա խնդիրը սա չէ: Մենք անընդհատ նոր ուժեր ենք ընդգրկում: Եթե նախորդ Օլիմպիական ցիկլում մենք հիմնական շեշտը դրել էինք երկու ձյուդոիստների վրա` Արմեն Նազարյանի և Հովհաննես Դավթյանի, ապա հիմա փորձարկում ենք բոլոր նրանց, ովքեր հավաքականի հիմնական հավակնորդներն են, բոլորին տրվում է հնարավորություն ընդգրկվել կազմի մեջ, որն արդեն մյուս տարվանից կսկսի նախապատրաստվել Օլիմպիական ցիկլին»,- պարզաբանեց Խիթարյանը:

Ըստ ֆեդերացիայի փոխնախագահի, ամբողջ գումարը ծախսվում է 18-20 հոգու վրա, ինչն էլ, բնականաբար, չի հերիքում:

Պետությունը պետք է շահագրգռված լինի մարզաձևերի զարգացմամբ, պետք է լինի պետական մոտեցում.

Ձյուդոյի ֆեդերացիան պետությունից ստանում է 71 մլն դրամ, ինչը, ըստ Խիթարյանի, հենակետային մարզաձևերին տրամադրվող գումարից ամենաքիչն է:

Համեմատության համար նշենք, որ Վրաստանի պատանիների հավաքականի բյուջեն կազմում է 180 հազար եվրո, իսկ Ռուսաստանի ողջ բյուջեն 46 մլն եվրո է:

«Դժվար է առանց մեծ ներդրումների արդյունք սպասել: Մենք Հայաստանում չունենք բավարար նյութատեխնիկական բազա, չունենք նույնիսկ ձյուդոյի մեկ մասնագիտացված դպրոց: Սրանք խնդիրներ են, որոնք միայն ֆեդերացիայինը չեն, պետք է լինի պետական մոտեցում»,- նշեց նա:

Ըստ նրա, մյուս երկրներում մանկապատանեկան դպրոցների երեխաները պատրաստվում են ոչ թե ֆեդերացիայի, այլ մարզադպրոցի և քաղաքապետարանի հաշվին, իսկ Հայաստանում սա մի տոկոս էլ չի կազմում:

«Նույնիսկ Երևանից Գյումրի կամ Վանաձոր գործուղման գումարը չի տրամադրվում: Իսկ այլ երկրներում ամեն ինչ դպրոցների հաշվին է արվում, մինչև այն պահը, երբ մարզիկը հասնում է այն մակարդակին, որ Եվրոպայից կամ էլ աշխարհից մեդալ է նվաճում: Սա արդեն դառնում է ֆեդերացիայի խնդիրը»,- ավելացրեց նա:

Ձյուդոյի ֆեդերացիան բացի պետական միջոցներից փորձում է գումարներ հայթհայթել նաև տարբեր հովանավորներից. «Սակայն մենք միայն պետական միջոցներն ենք կարողանում պլանավորել: Օրինակ, մեր մարզիչները ստանում են մոտավորապես 40 հազար դրամ: Անզեն աչքով իսկ նկատելի է, որ այդքան գումար ստացող մարդը չի կարող ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը: Չկան մասնագիտացված դպրոցներ: Գնացեք գյուղեր ու կտեսնեք, որ ընդհանրապես դպրոցներ չկան, իսկ լավ մարզիկները հենց գյուղերից են դուրս գալիս: Քաղաքի երեխան այնքան զբաղմունք ունի, որ շատ դժվար է նրան հասցնել շատ բարձր մակարդակի: Պետությունը պետք է շահագրգռված լինի մարզաձևի զարգացման մեջ, մարզիկը, նրա մարզիչը չպետք է ունենան խնդիրներ»:

Ձյուդո մարզաձևի մյուս խնդիրները PanARMENIAN.Net ը ձեր ուշադրությանը կներկայացնի հաջորդ շաբաթ:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---