Սեպտեմբերի 1-ն այս տարի ծնողների համար 70 000 դրամ կարժենա

Սեպտեմբերի 1-ն այս տարի ծնողների համար 70 000 դրամ կարժենա

Վերջին տարիներին պարտադիր են դարձել լանչ-բոքսը (որն օգտագործվում է նախաճաշի համար) և ջրի հատուկ շիշը, որի արժեքը 3000-5000 դրամ է

«Դպրոցական» իրարանցումն արդեն նկատելի է մայրաքաղաքի բոլոր խանութներում. ծնողները շտապում են սեպտեմբերի 1-ի առթիվ հանդերձավորել իրենց երեխաներին: Առևտրի կետերն էլ իրենց հերթին փորձել են ժամանակին նորացնել իրենց տեսականին համապատասխան հավաքածուներով: Հատկանշական է, որ այս տարի Երևանի հագուստի խանութներից շատերում միջինը 20 տոկոս զեղչ է հայտարարված, ինչը չի կարող չուրախացնել ծնողներին: Եվ նույնիսկ այդ դեպքում գները այդ առևտրի տներում բավականին բարձր են, ուստի ծնողներից շատերը ստիպված են իրենց դպրոցական երեխաների համար անհրաժեշտ ապրանքները ձեռք բերել ավելի էժան խանութներից կամ էլ տոնավաճառներից:

PanARMENIAN.Net - Պարզելու համար, թե ծնողների համար որքան կարժենան կրտսեր և միջին դասարանների աշակերտներին դպրոցի համար նախապատրաստելը, PanARMENIAN.Net ի թղթակցի կողմից անցկացվել է հարցում, որի արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն միջինը կնվազի 70 000 դրամով, ինչն ավել է անցած տարվա սեպտեմբերյան ծախսերից 10 000 դրամով:

Սկզբից խոսենք այս ոլորտում տիրող միտումների մասին: Որպես կանոն, ժամանակակից երեխան պահանջկոտ է և ոչ մի կերպ չի ցանկանում ետ մնալ իր համադասարանցիներից 10 000-30 000 դրամ արժողությամբ սիրելի հերոսների նկարներով դպրոցական պայուսակի ընտրության հարցում (կարելի է ձեռք բերել նաև 5000 դրամով, բայց շղթան երկրորդ օրը փչանում է): Այս տարիքի տղաների համար Spiderman հերոսից բացի նախընտելի են նաև սիրված ֆուտբոլային թիմերի պատկերները` Manchester United կամ Barcelona, իսկ աղջիկների համար նախկինի նման սիրելի են մնում Winx-ի փերիները, Hello Kitty-ն, Barby-ն: Հարցումը ցույց է տվել, որ ծնողների մեծամասնությունը թեև փորձում են հակազդել մանկական կուռքերի տարածմանը, վախենալով փոքր տարիքում ֆանատիզմի զարգացումից, այնուամենայնիվ, մեծամասամբ զիջում են իրենց երեխաներին:

Վերջին տարիներին պարտադիր են դարձել լանչ-բոքսը (որն օգտագործվում է նախաճաշի համար) և ջրի հատուկ շիշը, որի արժեքը 3000-5000 դրամ է:

Պայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ և այլ մանրուքներ: Սակայն որոշ ծնողներ, համախմբվելով և ընդունելով դպրոցի առաջարկը նույն պատկերով տետրեր և օրագրեր օգտագործելու մասին (այս դեպքում, ճիշտ է, դպրոցն իր բիզնեսն է անում), գտել են ելքը: 12-էջանոց տետրը կարելի է ձեռք բերել 60 դրամով (մոտ 15 հատ): Պահանջվում են նաև ընդհանուր տետրեր, որոնց արժեքը 150 դրամ է (40 էջ) և 350 դրամ (96 հատ), իսկ դրանցից նույնպես քիչ չի պահանջվում: Պետք է ձեռք բերել գրքերի կազմեր (1 հատը 150 դրամ), ինչպես նաև տետրերի կազմեր (1 հատը 20 դրամ): Անհրաժեշտ է վճարել գրքերի համար, որոնցով երեխաները պետք է սովորեն` շուրջ 10 գիրք 6000 դրամ ընդհանուր գումարով:

Գրենական պիտույքները, որոնց գները սեզոնային գործոնից ելնելով բարձրացել են, կարժենան` գրչատուփ` մինչև 1500 դրամ, օրագիր` 700 դրամ, տարբեր գրիչների հավաքածու` 850 դրամ, մատիտներ` 1000 դրամ, քանոններ և ռետիններ` 500 դրամ, մկրատ` 500 դրամ, գունավոր թղթեր` 200 դրամ, պլաստիլին` 650 դրամ:

Դպրոցականներին նոր շորեր հագցնելու համար պետք է գնել ձյունաճերմակ վերնաշապիկ կամ բլուզ 5000-8000 դրամով, տաբատ կամ կիսաշրջազգեստ` մինչև 10 000 դրամ: Շարունակենք հագցնել դպրոցականին. կոշիկ` 8000-10000 դրամ, գուլպաներ և ներքնազգեստ` շուրջ 7000 դրամ:

Վերջապես, ինչ սեպտեմբերի 1 առանց ծաղկեփնջի և շնորհավորանքների: Բայց այստեղ էլ հնարամիտ ծողները ելքը գտել են, և ծնողական կոմիտեի ջանքերի և անխուսափելի դրամահավաքի հաշվին (500 դրամ) ուսուցիչներին կնվիրեն 2-3 լավ ծաղկեփնջեր, այն դեպքում, որ յուրաքանչյուրի համար այդ ծաղկեփունջը կարժենար առնվազն 5000 դրամ:

Եվ այսպես, ուրախ դպրոցականը պատրաստ է ուսումնական տարվան, իսկ ահա վշտացած ծնողը հաշվում է ընտանեկան բյուջեին հասցված վնասը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Հրապարակվել են պաշտոնյաների հայտարարագրերը
 Ուշադրության կենտրոնում
Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ

Երևանի շենքերից մեկը կօտարվի մրցույթով․ Մեկնարկային գինը՝ 1․2 մլրդ դրամ Հաղթողը վճարելու է նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 40․6 մլն դրամից ավելի

 Բաժնի այլ նյութերը
Գնե՞լ տուն, թե՞ անշարժ գույքը դեռ կէժանանա Հայկական շուկայի սպասումները
$105 մլն-ի հետքերով Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
Լյուքս հաճույք՝ 20% զեղչով 2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները