Մաքսային միություն. Տարբեր քաղաքական ուժերի տեսակետներն երբեմն համընկնում են

Մաքսային միություն. Տարբեր քաղաքական ուժերի տեսակետներն երբեմն համընկնում են

Դեռ նախորդ տարվա մայիսին ՀՀ վարչապետը կարծում էր, որ Հայաստանի համար Մաքսային միություն ընդգրկվելն իմաստազուրկ է աշխարհաքաղաքական պատճառներով

Սոցիալական ցանցերում, փողոցում, խանութում, երթուղայինում, դրսում, ներսում, մի խոսքով՝ ամենուրեք արդեն երկու օր է՝ բոլորը քննարկում են Մոսկվայում ՀՀ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, ինչպես նաև հետագայում մասնակցել ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը: Խոսակցությունները շարունակվեցին նաև երեկ, արդեն ավելի մեծ մասշտաբով։ Ոմանք որոշեցին իրենց կարծիքն արտահայտել սոցիալական կայքերում, քաղաքական որոշ ուժեր իրենց տեսակետները տարածեցին հայտարարությամբ, ոմանք էլ որոշեցին դեռևս ձեռնպահ մնալ։ Այսպիսով, արդեն կարելի է ամփոփել քաղաքական դաշտի կարծիքը Մաքսային միությանը միանալու մասին։

PanARMENIAN.Net - Քննարկումից հետո առաջիններից ընդհանուր կարծիք հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմինը։ Դաշնակցականները խնդիրը տեսնում են նրանում, որ մինչև ՌԴ-ում հանդիպումը ՀՀ իշխանություններն անհրաժեշտ տեղեկություն չէին փոխանցել հասարակությանն ու քաղաքական ուժերին:

«Կարող ենք ենթադրել, որ ՀՀ նախագահի Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել։ Սա ևս պատասխանատվություն է և այս փուլում՝ առնչվող ազգային-պետական հիմքերին։ Մեր պարագայում, ցանկացած տնտեսական ինտեգրում պետք է հստակ երաշխիքներ տա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգության պահպանման ու ամրապնդման և տնտեսական համարկման և զարգացման համար»:

ՀՅԴ-ն կարծում է, որ նման «ճակատագրական որոշումներ» կայացնելիս անհրաժեշտ է տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին։

Մեկ այլ քաղաքական գործիչ՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կնախընտրեր, որ հարցը լուծվեր հանրաքվեի միջոցով։ Այդ մասին նա ասել է երեկ նախագահի նստավայրի դիմաց ՄՄ անդամակցելու դեմ կազմակերպված բողոքի ակցիային։ Ըստ նրա, նախագահ Սարգսյանը «շատ բան կարող է հայտարարել, բացի Հայաստանի Հանրապետության ստրատեգիական կողմնորոշմանը վերաբերող հարցերից»:

Հայրիկյանի հետ համակարծիք է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով պնդում է, որ թե Մաքսային միության, թե Ասոցացման համաձայնագրի հարցերը պետք է լուծել հանրաքվեի միջոցով։

«Այս տարվա նախագահական ընտրություններին միակն եմ եղել, որ կոչ եմ արել այդ մոտեցման օգտին։ Մի լուծեք այդ հարցերը միանձնորեն։ Կա ժողովուրդ։ Ինչպես քվեարկեց այդպես էլ կլինի։ Այլապես կամ վատ է լինելու կամ էլ խայտառակվելու ենք»։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը մեզ հետ զրույցում խուսափեց մեկնաբանել նախագահների երեկվա հանդիպումը` նշելով, որ իր կարծիքը կհայտնի, երբ որոշ ժամանակ անց տեղեկատվությունն ավելի համապարփակ կլինի ու կպարզվեն մանրամասները։ Մինասյանի հետ համակարծիք է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ ԲՀԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի, երբ պարզ լինեն համակողմանի գործացկության մանրամասները։

Վերադառնալով ՀՀԿ տեսակետներին։ Ինչպես երեկ Սիվիլնեթին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Մաքսային միությանը միանալու որոշումը նորություն չէր։ Նույն Սահակյանը նախաստորագրումից մեկ օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ վստահ է՝ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի, քանի որ այն «հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարիչ հանգամանք չի առաջադրում»։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ցավում է մոսկովյան բանակցությունների արդյունքի համար։ Այդ մասին նա գրել էր Facebook-ի իր էջում.

«Միշտ առաջնորդվել եմ «դուխով» կարգախոսով, ու ես ու ընկերներս շարունակելու ենք աշխատանքը ՀՀ-ի քաղաքակիրթ զարգացման համար: Հուսամ, որ այսօրվա հայտարարությունները չեն ազդի Ասոցացման համաձայնագրի ստորագրման վրա՝ գիտակցելով նաև, որ մի բան ջարդվեց այնուամենայնիվ: Մենք սպասում ենք հարցերի պատասխանների»:

Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը դատապարտում է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ինչպես ասվում է հաղոդագրությունում, «Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի Հանրապետությունը կորցնում է անկախության անպիսի կարևորագույն ատրիբուտներ, ինչպիսիք են անկախ արտաքին քաղաքականություն ու ինքնուրույն ֆինանսատնտեսական գործառույթ իրականացնելու հնարավորությունը։ Մաքսային և Եվրասիական միությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ Ռուսաստանի կայսերապաշտական հավակնությունների իրականացում և նախկին հետխորհրդային երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ուղղված քայլ»։

Հաշվի առնելով Հայաստանի և Մաքսային միության անդամ երկրների (մասնավորապես` Ռուսաստանի) հետ առկա ռազմավարական գործակցությունը, տնտեսական մեծ ներուժը և ինտեգրման հեռանկարային հնարավորությունները, ՕԵԿ քաղխորհուրդը գտնում է, որ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերը արտահայտում են ՀՀ շահերը, ինչպես նաևհամահունչ են երկրի ազգային անվտանգության հռչակված գերակայություններին»:

«Հայաստանին և Մաքսային միության անդամ երկրներին միավորում է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` որպես ռազմաքաղաքական կարևորագույն դաշինք, որը Հայաստանի անվտանգության ապահովման գործում ունի առանցքային դերակատարում:Միաժամանակ ՕԵԿ քաղխորհուրդն ընդգծում է, որ Մաքսային միությանն անդամակցումը չի հակասում աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ ՀՀ համագործակցության խորացման գործընթացին»:

Ինչ վերաբերում է հարցի տնտեսական կողմին, ապա ինչպես մեզ ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, անհրաժեշտ է, որ քաղաքական գործոնից բացի ուշադրություն դարձվի նաև տնտեսականին, այսինքն.

«Հայաստանը բավականին բարձր գին է վճարում։ Լուրջ կորուստներ են լինելու պետբյուջեի եկամտային մասից, քանի որ գաղտնիք չէ, որ մաքսատուրքերը, որոնք գանձվում են ապրանքի ներմուծումից, այլևս չեն գործի, ինչից կտուժի պետբյուջեն: Պետք է մեզ հարց տանք՝ ինչո՞վ ենք փոխհատուցելու եկամուտների այն մասը, որոնք գնում էին ֆինանսավորելու ծախսային մասը, առաջին հերթին՝ բանակը, սոցիալական ծախսերը, առողջապահությունը և այլն։ Այնպես որ տնտեսական մասով այս պահին կարող ենք ավելի մեծ վնասներ կրել: Չեմ բացառում, որ տնտեսական օգուտներ էլ կլինեն, ամեն դեպքում մեխանիզմների ձևավորումը պետք է լինի այնպիսինը, որ դրանք շահավետ լինեն բոլոր երկրների համար»:

Վերջում միայն հավելենք, որ դեռ նախորդ տարվա մայիսին ՀՀ վարչապետը, օրինակ, կարծում էր, որ Հայաստանի համար Մաքսային միություն ընդգրկվելն իմաստազուրկ է աշխարհաքաղաքական պատճառներով՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի հետ ընդհանուր սահմաններ չկան: Բայց երևի «Հայաստանի ու ՄՄ գործակցության հատուկ ձևը», որն առաջարկվել էր մշակել, փոխել է կարծիքները:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել

Փաշինյան. Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---