Հայաստանում 373 միլիոնատեր թոշակառու կա․ նրանք ամսական ավելի քան 1 մլն են ստանում

Հայաստանում 373 միլիոնատեր թոշակառու կա․ նրանք ամսական ավելի քան 1 մլն են ստանում

Քանի՞ տարի կպահանջվի, որ ամսական 30 հազար ու 1 մլն դրամ թոշակի միջև տարբերությունը հարթվի

Հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստին կառավարությունը հավանություն տվեց սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին փաթեթին։ Համաձայն որոշման, 2014-ի հունվարի մեկից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան 15 տոկոսով, իսկ արդեն հուլիսից՝ աշխատավարձերը, մոտ 40 տոկոսով։

PanARMENIAN.Net - Կառավարության այդ նիստին վարչապետը նշեց․ «Մենք ունենք մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի»։

PanARMENIAN.Net ը որոշեց հետաքրքրվել ու պարզել՝ քանի՞ թոշակառու ու ի՞նչ հաշվարկների արդյունքում են Հայաստանում 1 մլն դրամ ու ավելի կենսաթոշակ ստանում, ինչը մոտ 2500 դոլար է կազմում։ Ըստ սոցապնախարարությունից ստացած մեր հարցման պատասխանի, հանրապետությունում 373 նման թոշակառու կա, ովքեր, ինչպես նշել է վարչապետը, «չափազանց բարձր՝ 1 մլն դրամ ու բարձր կենսաթոշակ են ստանում» ։

Սոցապնախարարության պատասխան գրությունում ասվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն, այդ քաղաքացիների համար կենսաթոշակային ապահովության հատուկ սխեմաներ են գործում։ Այդ կատեգորիաները խմբորոշվում են այլ վճարովի աշխատանք կատարելու սահմանափակումերի առկայության, հայեցողական լիազորություններ իրականացնելու ծավալների, կայացված որոշումների հնարավոր հետևանքների հաշվառմամբ, և որպես սոցիալական երաշխիքներ, հանդիսանում են առանձին ինստիտուտների կայացմանը (առանձին պաշտոնատար անձանց անկախությունը ապահովելուն) նպաստող գործոններ:

Մասնավորապես, կենսաթոշակային ապահովության առանձին սխեմաները գործում են․

ՀՀ նախկին նախագահների համար՝ «Հայաստանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման եվ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն,

Դատավորների համար՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի համաձայն,

Սահմանադրական դատարանի անդամների համար՝ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն,

Դատախազների համար՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն,

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն,

Առանձին կատեգորիայի պաշտոնատար անձանց (նրանց ընտանիքների անդամների) համար՝ «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի և դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Կառավարության նիստին խոսելով միլիոնատեր թոշակառուների մասին, վարչապետն ասաց․ «Սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, բողոքներ ենք ստանում, երբ մարդիկ գնում և միևնույն պատուհանից մեկը ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը` 1 մլն դրամ: Այս նոր սանդղակը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները, որպեսզի դրանք փորձենք մեղմել ժամանակի ընթացքում: Այսինքն, բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը`ավելի բարձր»:

Ինչպես արդեն նշել էինք, եկող հունվարի մեկից Հայաստանում միջին թոշակը 15 տոկոսով կբարձրանա։ Ավելի կոնկրետ, 2014-ի բյուջեի նախագծով 15 տոկոսով միջին կենսաթոշակի բարձրացում է նախատեսվում։ Ավելի քան 111 900 թոշակառուի կենսաթոշակը կավելանա 25 տոկոսով, 93 հազարի համար՝ 20 տոկոսով, իսկ 170 թոշակառուի համար՝ 15-ից՝ 20 տոկոսով, ու միայն մի փոքր խմբի համար, ում կենսաթոշակը գերազանցում է 70 հարազը, այն կբարձրանա մինչև 3 տոկոս։

Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 30 հազար դրամ (73 ԱՄՆ դոլար)։

Հաշվարկնք։ Միջին՝ 30 հազար կենսաթոշակն ավելանում է 15 տոկոսով, այսինքն՝ 4500 դրամով (մոտ 11 ԱՄՆ դոլար) , արդյունքում կազմելով 34 500 դրամ (մոտ 84 ԱՄՆ դոլար)։Բարձր կենսաթոշակը՝ 1 մլն դրամը (մոտ 2.500 ԱՄՆ դոլար), բարձրանում է 3 տոկոսով, այսինքն՝ 30 հազար դրամով (73 ԱՄՆ դոլար) ու կազմում 1 մլն 30 հազար դրամ (մոտ 2.573 ԱՄՆ դոլար)։

Հարց՝ քանի՞ տարի կպահանջվի, որ հաջողվի հարթեցնել 84 ԱՄՆ դոլարի ու 2.573 ԱՄՆ դոլարի միջև տարբերությունը։

Ի դեպ, պետք է նշել, որ 2014-ի բյուջեի նախագծի համաձայն, մյուս տարվա հուլիսի 1-ից նախատեսվում է նաև բարձրացնել երկրի ղեկավարության աշխատավարձերը։ Այժմ նախագահի աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ (մոտ 985 ԱՄՆ դոլար)․ ըստ նոր նախագծի այն կդառնա 900 հազար դրամ (2220 ԱՄՆ դոլար)։ Պատգամավորների ու նախարարների աշխատավարձը կբարձրանա մինչև 600 հազար դրամ (մոտ 1470 ԱՄՆ դոլար)։

Հայաստանում միջին աշխատավարձը 2013-ի օգոստոսի դրությամբ կազմում է 149 հազար դրամ (մոտ 366 ԱՄՆ դոլար)։

Վերջում, հիշելով միջին՝ 30 հազար կենսաթոշակի մասին, փոքրիկ հավելում:

2013-ի երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում սպառողական զամբյուղի արժեքը միջինում աճել է 2,6 տոկոսով՝ հունիսի ավարտին ամսական կտրվածքով կազմելով 56 799,9 դրամ (մոտ 139 ԱՄՆ դոլար)։

Վիճակագրության համաձայն, առաջին եռամսյակում պարենային զամբյուղի արժեքն ամսական կտրվածքով կազմել է 32 090,3 դրամ (79 ԱՄՆ դոլար)։

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---