Ջիվան Գասպարյանը. Աշխարհի մարդը, «Պոբեդան», ճապոնացիներն ու որբերը

Ջիվան Գասպարյանը. Աշխարհի մարդը, «Պոբեդան», ճապոնացիներն ու որբերը

Իմպրովիզատոր եմ, ինձ այդպես են ճանաչում:

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, նշանավոր դուդուկահար ու կոմպոզիտոր, համաշխարհային երաժշտարվեստում ներդրման համար հատուկ մրցանակի դափնեկիր, ամենահայտնի երաժիշտների հետ հանդես եկած ՅՈՒՆԵՍԿՕ-ի քառակի մեդալակիր Ջիվան Գասպարյանը դառնում է 85 տարեկան: Այս առթիվ PanARMENIAN.Net-ը որոշեց հավաքել հատվածներ վարպետի կյանքի տարբեր տարիներից:

PanARMENIAN.Net - Կյանքս շատ հետաքրքիր էր: Մանկությունս էր ծանր՝ մայրս շուտ էր մահացել, հայրս ռազմաճակատում էր, երեք երեխա որբ մնացինք: Ծանր կյանքով էինք ապրում: Բայց, ինչպես տեսնում եք, ապրեցինք…

• Երիտասարդ էի, 47 թվականն էր. Մոսկվայի Մեծ թատրոնում համերգ էինք տալիս: Դահլիճում Ստալինն էր նստած, անհանգստանում էի, իհարկե: Նվագեցի ու հենց վերջացրի՝ բեմից դուրս վազեցի: Համերգը վերջացավ, ինձ կանչեցին կողքի սենյակ ու մի կարմիր տուփ տվեցին, ասացին՝ սա քեզ՝ Իոսիֆ Վիսարյոնովիչից: Բացեցի՝ տեսնեմ «Պոբեդա» ժամացույց: Հավանել էր ելույթս, ու դրա համար ինձ «Պոբեդա» էր նվիրել: Բայց աղքատ էինք ապրում, հաջորդ օրն ընկերներիս հետ վաճառեցինք, գարեջուր ու պերաշկի առանք: Երբ վերադարձա Հայաստան, բոլորն արդեն գիտեին, որ Ստալինն ինձ «Պոբեդա» է նվիրել՝ այդ թվերին մեծ նվեր էր: Ի՞նչ իմանայի…եթե իմանայի, ինչ էր դա նշանակում, իհարկե, չէի վաճառի, իսկ եթե Ստալինն իմանար, որ ծախել եմ՝ ինձ կսպաներ, երևի:

• Ես իրոք աշխարհի մարդ եմ, ամենուրեք մի քիչ-մի քիչ ապրում եմ՝ Նահանգներում էլ, Եվրոպայում էլ, Հայաստանում էլ, նայած երբ… Բայց տունս միշտ եղել ու մնում է Երևանը: Շատ եմ սիրում հայրենիքս. ամենալավ օրերն այն են, երբ տանն եմ:

• Աշխարհում ամեն տեղ աշակերտներ ունեմ, բայց ամենամոտն ինձ թոռս է նվագում, նա ինձ շատ է լսել, դեռ մանկուց: Ջիվանին ես եմ սովորեցրել դուդուկ նվագել: Սկզբում չէր ուզում, փոքր էր, չէր հասկանում, բայց շատ էի ուզում, որ նվագի, որովհետև անունը Ջիվան է, ազգանունը՝ Գասպարյան, իմ տղան է, էլի: 14 տարեկան էր, մի շաբաթով եկավ մոտս, այդ 7 օրվա ընթացքում սովորեցրի նվագել: Նա պետք է երկրորդ Ջիվան դառնա, արդեն դառնում է: Լուրջ տղա է, տաղանդավոր է՝ լավ է նվագում, տեխնիկան, տեմբրը, ամեն ինչը տեղում է: Երբ նվագում է, ամեն նոտայի համար անհանգստանում եմ, բայց հավանում եմ: Միևնույն ժամանակ չեմ ուզում շատ գովել, մարդիկ կմտածեն՝ թոռն է, գովում է, բայց ուզում եմ փաստն արձանագրել, որ իրոք հոգով է նվագում…

• Ուզում էի դպրոց բացել ու հենց փողոցից հավաքել տաղանդավոր որբ երեխեքի, անվճար սովորեցնել նվագել: Ինչ արած, որ ծնողներ չունեն, իրենք էլ են մարդ, չէ՞: Իրենք լավն են, ուզում են ապրել: Հենց իրենք կարող են գեղեցիկ նվագել, որովհետև շատ վատ բաներ են տեսել: Լավ կյանքից ոչ ոք լավ չի նվագում: Մարդը պետք է ամեն ինչ տեսնի՝ լավն էլ, վատն էլ, որ կարողանա սրտով նվագել, լավ արտիստ, երաժիշտ դառնալ… Արտիստը պետք է հասկանա կյանքը, որ երաժշտությամբ արտահայտի այդ ամենը: Դուդուկով նվագելու համար տեխնիկան այդքան էլ կարևոր չի. հոգի է պետք:

• Միայն տաղանդը քիչ է: Այն կարևոր է, իհարկե, քանի որ առանց դրա ոչինչ չի կարող լինել, բայց այն պետք է զարգացնել, դրանով զբաղվել, աշխատել: Առանց աշխատանքի ոչնչի չես հասնի: Ես, օրինակ, օրական մի քանի ժամ աշխատում եմ, առանց դրա Ջիվան Գասպարյան լինել չի կարող: Ամեն մեկը պետք է ինքն իրեն օգնի, իր վրա աշխատի:

Կարծում եմ՝ եթե կա աշխատասիրություն, բայց չկա տաղանդ, ամեն ինչ այնքան էլ լավ չի ստացվի, ինչքան որ հակառակ դեպքում: Միայն աշխատասեր մարդն առաջինը երբեք չի լինի:

• Շատ ու տարբեր դուդուկներ ունեմ, ամեն մեկն իր գեղեցկությունն ու տեմբրն ունի: Օրինակ, երբ 10 երեխա ես ունենում, նրանք բոլորը նման չեն, չէ՞, ամեն մեկն իր բնավորությունն ունի. այդպես էլ գործիքը: Անընդհատ փնտրում եմ: Աշխարհում ինչքան ծառ կա, դրանցից պատրաստված բոլոր գործիքները փորձել եմ, բայց դրանք չեն հնչում այնպես, ինչպես վայրի ծիրանը. այն ուրիշ գեղեցկությամբ է հնչում:

• Ֆրեզնոյում էինք, Սարոյանն էլ էր այդ համերգին մասնակցում: Ելույթից հետո մի ծեր մարդ մոտեցավ, պատմեց, որ 1915-ին ամբողջ ընտանիքը կորցրել է, խնդրեց մի անգամ էլ «Դլե յամանը» նվագեմ: Հետո մի անգամ էլ, մի անգամ էլ… Լսում էր հանգիստ ու փակ աչքերով: Երբ դադարեցրի նվագս, երկար ժամանակ աչքերը չէր բացում, պարզվեց՝ մահացել է… Կինը վրա հասավ, թե՝ ամուսնուս սպանեցիր: Վիլյամ Սարոյանը կողքիս էր, ասաց՝ մեմ, Դուք սխալվում եք: Սա հրաշալի մահ է. ես կերազեի այսպես մահանալ՝ դուդուկի մեղեդու ներքո… սա երաժշտություն չէ, աղոթք է:

• Իմպրովիզատոր եմ, ինձ այդպես են ճանաչում: Կարող եմ բեմ դուրս գալ առանց պատրաստվելու, անծանոթ երաժիշտներ լինեն, իրենց նվագած 2-3 տակտը լսեմ ու սկսեմ նվագել: Ու արդյունքում մարդիկ կարող են մտածել, որ բազմիցս փորձել ենք…

• Մի անգամ Տոկիոյում համերգի էի, ամառային դահլիճ էր: Սարսափելի անձրև էր, նմանը երբերք չէի տեսել: Նստած թեյ էի խմում ու մտածում, որ, իհարկե, համերգը չի կայանա, որովհետև ո՞վ պիտի գա բաց երկնքի, այդ հեղեղի տակ համերգ լսի: Համերգին 15 րոպե էր մնացել, կազմակերպիչը մոտեցավ՝ զգուշացնի: Հարցնում եմ՝ ինչ է, լինելո՞ւ է: Ասում է՝ հա, բոլոր տոմսերը վաճառված են: Դե, միայն բեմը ծածկ ուներ. դուրս եկա, տեսնեմ՝ բոլորը սպիտակ անձրևանոցներով եկել են: Ու այդպես 2 ժամ…

Լուռ լսում էին: Ելույթս վերջացրի, սպասում էի, որ ծափ տան, դուրս գամ, բայց ձեն-ձուն չկար: Մտածեցի՝ գուցե դուրները չի եկել: Մի քանի րոպե անցավ, մեկ էլ սկսեցին ծափահարել՝ կես ժամ… պարզվեց՝ իրենք միանգամից ծափ չեն տալիս, որ ավելի երկար պահպանվի երաժշտության տված զգացումը: Մշակույթն է այդպիսին:

Չեմ կարծում, որ Հայաստանում նման բան լիներ…

Հավաքագրեց Մանե Եփրեմյանը / PanARMENIAN.Net, լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի / PanARMENIAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---