Երևանն իմ քաղաքն է

Երևանն իմ քաղաքն է

Երեկոյան Երևանը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին և օրվա ժամին: Այստեղ կարևորն ոչ թե ճարտարապետությունն է, այլ հյուրընկալությունն ու բարեհամբույր վերաբերմունքը

1993 թվական. պատերազմ, ցուրտ, խավար, ավերածություններ: Սարսափելի էին հացի հերթերը, անվերջ թվացող խավարը, անհաջողությունները ռազմաճակատում: Երբեմն թվում էր, թե անհոգ կյանքը մնաց հեռու հեռվում, հեռացավ անդարձ՝ թողնելով միայն հիշողություններ: 1994-ին հիշողությունների համար էլ տեղ չմնաց, բոլոր մտքերն այն մասին էին, թե ինչպես գոյատևել, ինչպես չկոտրվել: Այն ժամանակ մեզ թվում էր, որ դա երբեք չի վերջանա, և մեր կյանքն անցնելու է թաց, անհասկանալի գույնի հացի հերթերում, սպասելով կես ժամով տրվող էլեկտրաէներգիային: Բայց Աստծո կամոք մենք հերթական անգամ վերապրեցինք: Իսկ գուցե դա արեց ոչ թե Աստված, այլ մենք ինքներս՝ հասկանալով, որ կարող ենք կորչել, անհետանալ, ինչպես շատ շատերը մեզանից առաջ: Սկսվեց ծանր, դանդաղ վերադարձը դեպի կյանք: Մենք հաղթեցինք և վերջին հազար տարում առաջին անգամ հետ նվաճեցինք մեր տարածքները: Վերջապես հայերը հասկացան, որ կարելի է հաղթել և ստիպել հաշվի նստել մեզ հետ:

PanARMENIAN.Net - Վերջերս, թափառելով գիշերային Երևանով, հիշեցի 1993-95 թթ. ձմեռները՝ սարսափելի, մութ, վտանգավոր, երբ փողոցներում գիշերները կրակոցներ էին հնչում:

1924 թվականին Հայաստանի ժողովրդական նախարարների խորհուրդը քննարկում էր ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի Երևանի վերակառուցմանը ծրագիրը:

«Արդյունաբերությունն այստեղ կլինի» ,-ասաց ակադեմիկոսն ու նշեց ցուցափայտով ամայի կայարանամերձ շրջանը: Այն ժամանակ անգամ զվարճալի էր խոսել Երևանի արդյունաբերության մասին՝ ոչ մի տեղից ծուխ անգամ դուրս չէր գալիս …

«Ձեր առջև 200 հազար բնակիչների համար նախատեսված քաղաք է,- ասաց ակադեմիկոսը,- ձեր առջև մայրաքաղաք է: Ահա վարչական շրջանը: Սա քաղաքի երևակայական կենտրոնն է: Երևակայական հրապարակը:- Նախարարների խորհրդի անդամների հայացքները գամված էին ցուցափայտին:- Մշակույթի, արվեստի, հանգստի թաղամասը»,- ասաց ակադեմիկոսը…: Թամանյանը գծագրեց քաղաքի նախագիծը, իսկ հետո, կարծես, ամեն ինչ ինքն իրեն ստացվեց…

Իսկ Երևանն այն ժամանակ հետամնաց, սովորական ասիական մի քաղաք էր նեղլիկ փողոցներով, կառուցապատված աղյուսի, հաճախ նաև կավաշեն տներով: Քաղաքը մեծ տարածք էր զբաղեցնում, բայց սակավաթիվ բնակչություն ուներ…Բանկչության մեծ մասը պարսիկներ էին, հայեր: Որոշ առումով Երևանն իրոք նման էր «կավե անոթի»՝ կոմս Պասկևիչի պատկերավոր արտահայտությամբ:

Անցավ 70 տարի ու հին Երևանի մասին հիշեցնում են արդեն միայն կիսավեր առանձնատները քաղաքի կենտրոնում, որոնք, ցավոք, ծրագրված կերպով ոչնչացվում են, իսկ նրանց տեղում անշունչ տուփեր են հայտնվում: Թեև, քաղաքի հոգին մարդիկ են, ոչ թե շենքերը: 70-ականներին Երևանում ծաղկում էին մշակույթը, գիտությունը, հասարակությունը:

Աստիճանաբար անցյալն է անցնում «քաղաքի տղա» հասկացությունը՝ նրանք Երևանը Երևան դարձրեցին: Այն տարիներին նրանք հավաքվում էին սրճարաններում, հիմնականում, առավոտյան, այսինքն ժամը 12-ին մոտ: Մինչ այդ բազմաթիվ սրճարաններ գնալն անիմաստ էր, քանի որ բոլորը քնած էին կամ զբաղված: Զարմանալի է, բայց նրանք բոլորը հասցնում էին սովորել, աշխատել: Ընդ որում քաղաքի տղաները դարձան Երևանի մտավորականները, որոնք հետո անողոքաբար ոչնչացվեցին ծանր տարիներին: Ով հեռացավ, ով մահացավ: Չէին խմում, չէ, ուղղակի լուռ հեռանում էին ասպարեզից: Ի դեպ, 1988 թվականին մարդկանց հանրահավաքների էին հավաքում նույնպես քաղաքի տղաները, գուցե, եթե նրանք չլինեն, չէին լինի ոչ դրանք, ոչ էլ այն ամենը, ինչ հաջորդեց դրան:

Չխոսենք տխուր բաներից, ավելի լավ է զբոսնենք Երևանով: Երեկոյան Երևանը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակին և օրվա ժամին: Այստեղ կարևորը ճարտարապետությունը չէ, այլ հյուրընկալության ու բարեհամբույր վերաբերմունքի այն առանձնահատուկ հոգին, որ թևածում է քաղաքում: Դա է պատճառը, որ երեկոյան ժամերին երևանցիները չեն սիրում տանը նստել՝ միշտ կարելի է ինչ-որ տեղ գնալ, օրվա ցանկացած ժամի նստել ընկերների հետ սրճարանում, սուրճ խմել կամ ավելի թունդ ինչ-որ բան, երաժշտություն լսել: Թվում է, թե բոլորն իրար ճանաչում են՝ չես հասցնում սեղանի մոտ տեղավորվել, արդեն ինչ-որ մեկը ձայն է տալիս: Մոտ են քաշվում աթոռները ու սկսվում է սովորական երևանյան զրույցը՝ ամառը գուցե մինչև լույս, իսկ ձմռանը՝ կեսգիշեր:

Մոնումենտից, այսինքն՝ Հաղթանակի զբոսայգուց, մի հրաշալի տեսարան է բացվում, իսկ եթե «Սատանի անիվը» նստես, ապա ամենաբարձր կետից բացվող տեսարանն ուղղակի ցնցող է՝ աղտոտ մշուշի մեջ քաղաքի վրա ճախրում է Արարատը և թվում է, թե ամեն ինչ շատ պարզ է՝ ահա կիջնես Աբովյանով, կհասնես քաղաքի ծայրն ու ահա՝ Լեռը: Դա ցնցող, բայց անցողիկ զգացողություն է՝ ծանր ու դառնությամբ լի, որովհետև գիտես, որ այդ ամենը լոկ հեքիաթ է, միրաժ, և իրականություն չի դառնա: Եվ որքան էլ մեզ համոզեն որոշ տաք գլուխներ, որ մեր սերունդն արդեն կբարձրանա Հայոց լեռը, լրջորեն ոչ ոք դրան չի հավատում: Իսկ կատակով ասում են, որ անգամ լավ է, որ Արարատն անհաս է, թե չէ ամենուր տոնավաճառներ ու սրճարաններ կբացեին: Յուրաքանչյուր մարդ, ամեն մի ազգ միշտ ինչ-որ անհաս բանի է ձգտում: Մեր համար այդ անհաս գագաթն Արարատն է…Իսկ Երևանը, հուսանք, նույնը կմնա՝ մի փոքր գավառական, արևելաեվրոպական, երբեմն դաժան, բայց միշտ սիրված:

Քաղաքի կենտրոնը գրեթե անճանաչելի է՝ քանդվում են վերջին հին տները: Ճակատային մասերն են ափսոս, գուցե արժեր դրանք պահպանել: Իսկ գուցե՝ ոչ…դրանք չեն համադրվում Հյուսիսային պողոտայում աճող պերճաշուք շենքերի հետ: Բայց հիմա արդեն դրանց մնացորդները ոչ թե թախիծ, այլ կարոտ են առաջացնում: Չնայած պատկառելի տարիքին՝ Երևանը, այնուամենայնիվ, բավականին երիտասարդ քաղաք է և, հավանաբար, քաղաքի այրերի մտահղացմամբ, սև շենքերն արդեն չեն համապատասխանում մայրաքաղաքի ընդհանուր պատկերին, որն արդեն շատ հեռու է թամանյանական իդեալից: Գուցե այսպես իրոք ավելի լավ է: Ուղղակի մենք՝ հայերս, չափից շատ ենք պահպանողական, մեզ համար ինչ-որ բան քանդելը կամ փոխելը գրեթե հավասարազոր է դավաճանության:

Մենք անցանք պատերազմի, շրջափակման, սովի, ցրտի ու խավարի միջով, և այդ ամենը բոլորովին վերջերս՝ 25 տարի առաջ: Բայց Երևանը մնաց նույնը: Ճիշտ է, քաղաքի աուրան մի փոքր փոխվել է, ավելի շատ են նորաբնակները: Հուսանք, նրանք էլ արդեն հաջորդ սերնդում իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն մեր հինավուրց մայրաքաղաքում ու կասեն՝ «Երևանն իմ քաղաքն է»:

Այս սեպագիր արձանագրությունն արդեն 2795 տարեկան է…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---