Ո՞ւր կհասնի Ռուսաստանը՝ ԱՊՀ երկրների հետ մուտքի արտոնագրեր սահմանելով

Ո՞ւր կհասնի Ռուսաստանը՝ ԱՊՀ երկրների հետ մուտքի արտոնագրեր սահմանելով

2020 թվականին Ռուսաստանի աշխատունակ բնակչությունը կկրճատվի 8-9 տոկոսով, և լավագույն դեպքում կկազմի 79-80 մլն մարդ

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը շատ աշխույժ և դրական կերպով արձագանքեց ԱՊՀ երկրների հետ մուտքի արտոնագրերի ռեժիմին անցնելու մասին նախաձեռնությանը: Ըստ նրա, դա գործուն միջոց կդառնա ապօրինի ներգաղթի դեմ պայքարում: Նա հայտարարեց, որ թեև Ռուսաստանում աշխատուժի պակաս կա, սակայն, առաջին հերթին պետք է աշխատանքով ապահովվի տեղի բնակչությունը:

PanARMENIAN.Net - «Ես կողմ եմ, որ մուտքի արտոնագրեր ներմուծվեն: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ մարդիկ, որոնք այստեղ արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում ու բարեխղճորեն աշխատում են, ներքաշված չեն կոռուպցիայի և այլ հանցագործությունների մեջ, կարող են ստանալ ապրելու և աշխատելու նորմալ իրավունք»,- հայտարարել է Լուկինը: Սակայն, ըստ նրա, այն փոքրամասնությունները, որոնք «Աստված գիտի, թե ինչով են զբաղված», պետք է արտաքսվեն:

Միջին Ասիայի և Անդրկովկասի երկրների հետ մուտքի արտոնագրերի ռեժիմ սահմանելու օգտին ստորագրահավաքի նախաձեռնողը ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին է: Խնդրագիրը, որը զետեղվել էր Ռուսաստանյան հասարակական նախաձեռնության կայքում դեռ սեպտեմբերի 27-ին, «մշակվել է ներգաղթյալների մուտքը սահմանափակելու համար, որոնք ՌԴ են ժամանում Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Հայաստանից, Ադրբեջանից ու Թուքմենստանից»:

Իսկ հոկտեմբերի 14-ին Նավալնին, օգտվելով հնարավորությունից (իրադարձությունները Բիրյուլովոյում), գովազդեց իր խնդրագիրը՝ հայտարարելով, որ ՌԴ քաղաքացիների 84 տոկոսը՝ մոտ 100 մլն մարդ, կողմ է այդ միջոցին: Դաշնային մակարդակով խնդրագրի քննարկման համար հարկավոր է ոչ պակաս, քան 100 հազար մարդու ստորագրություն: Վերջին տվյալնելով, խնդրագիրն արդեն ստորագրել է 20 հազար հոգի:

Ի դեպ, փորձագետները դեմ են ԱՊՀ երկրների հետ վիզային ռեժիմին՝ միանգամայն հիմնավորված կերպով գտնելով, որ նախաձեռնությունն ուղղակի կյանքի չի կոչվի, կամ ևս մեկ «կերաման» կդառնա ու կհարվածի ռուսաստանցիների դրամապանակին: Հսկայական ծախսեր կպահանջվեն. «Հավաքարարին հարկ կլինի վճարել ոչ թե 20-25 հազար, այլ 40 հազար: Որտեղի՞ց մենք կվերցնենք այլ աշխատուժ: Նրանք, ովքեր պահնորդական ծառայությունում են աշխատում՝ մաքուր և տաք վայրերում, չեն գնա որպես հավաքարար բակերն ավլելու, նույնիսկ բարձր աշխատավարձի դիմաց»: Իսկ առևտրով զբաղված ներգաղթյալները կբարձրացնեն գները: «Հանցագործները գտնում են ցանկացած վիզա գտնելու միջոցները…Միջոցները, որ ներգաղթյալները կվճարեն մուտքի արտոնագրի համար, կանցնեն ռուս հարկատուներից կաշառակերների գրպանները, որոնք միևնույն է՝ ում ասես տալու են այդ թույլտվությունները», գրում է mr7.ru-ն:

Հիշեցնենք, որ մուտքի արտոնագրերի ներմուծմանը դեմ է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Արդեն գրել ենք, որ եթե աշխատանքային միգրանտները հրաժարվեն Ռուսաստան մեկնելուց, ապա երկիրը շատ ծանր վիճակում կհայտնվի: Իսկ եթե ԱՊՀ-ից գործարար ներգաղթյալները որոշեն փակել ՌԴ-ում իրենց բիզնեսը կամ դուրս բերել ակտիվները, ապա ծանր վիճակը կարող է աղետի վերածվել:

Անդրադառնանք վիճակագրությանը: 2013 հունվարի 1-ի դրությամբ, ըստ «Ռոսստատի», Ռուսաստանում կար 143 347 059 մշտական բնակիչ, թեև ժողովրդագիրները գտնում են, որ այդ թիվը մի փոքր ուռճացված է: 143 347 059 բնակչությունից աշխատունակ է 87 մլն: 2013 թվականի սկզբին գործազրկության մակարդակը Ռուսաստանում կազմել է 6,0 կամ 4,447 մլն մարդ: Ընդ որում, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ գործազուրկների քանակն աճել է 17,0 տոկոսով կամ 652 հազարով:

Ինչպես դեռ օգոստոսին հայտարարել էրՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը, ըստ գերատեսչության կանխատեսումների, 2020 թվականին Ռուսաստանի աշխատունակ բնակչությունը կկրճատվի 8-9 տոկոսով և լավագույն դեպքում կկազմի 79-80 մլն մարդ:

Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ «բնիկ ռուսաստանցիները, հիմնականում, ամենևին ցանկություն չունեն կեղտոտ աշխատանք կատարելու («նրանք, ովքեր պահնորդական ծառայությունում են աշխատում՝ մաքուր և տաք վայրերում, չեն գնա որպես հավաքարար բակերն ավլելու»), ապա հեռանկարը պետք է առնվազն անհանգստացնի ՌԴ իշխանություններին:

Ճշմարտության դեմ չմեղանչելու դեպքում մուտքի արտոնագրերի ներմուծման կողմնակիցները պետք է խոստովանեն, որ այդ միջոցը չի օգնի ապօրինի ներգաղթի դեմ պայքարին, այդ թվում քանի դեռ Ռուսաստանում արմատախիլ չի արվել համատարած կաշառակերությունը: Հազիվ թե տեղական ու շրջանային իշխանությունները չգիտեն, որ իրենց ենթակա տարածքում, օրինակ, նկատվում է ապօրինի ներգաղթյալների զանգվածային կուտակում, սակայն կախարդական «առատաձեռնությունը» գործնականում Ռուսաստանում լուծում է ցանկացած խնդիր: Նույն միջոցով, միայն ավելի մեծ ու յուղոտ մասնաբաժնով, հնարավոր կլինի գործել նաև մուտքի արտոնագրերի ներմուծման դեպքում: Այնպես որ, ըստ ավանդության, վիզային ռեժիմի կողմնակիցներն առաջարկում են պայքարել ոչ թե պատճառի, այլ հետևանքների դեմ:

Եվ, մյուս կողմից, հաշվի առնելով վերոնշյալ թվերը, եթե հաշվի առնենք, որ մուտքի արտոնագրերի ռեժիմը կսահմանվի նաև Ռուսաստանի համար հիմնական աշխատավորական և մտավոր ուժի մատակարար հանդիսացող երկրների համար, ապա Ռուսաստանին ծանր տարիներ են սպասում, ինչի մասին այդ երկրի իշխանությունները պետք է մտածեին «դեռ երեկ»:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net, Photo: www.creative.su
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---