Ղազախստանցի բանկիրի խարդախությունը կգրանցվի ֆինանսական հանցագործությունների պատմության մեջ

Ղազախստանցի բանկիրի խարդախությունը կգրանցվի ֆինանսական հանցագործությունների պատմության մեջ

Մինչդեռ Ֆրանսիայի դատարանը որոշում է Աբլյազովի արտահանձնման հարցը, Ղազախստանը փորձում է վերադարձնել փախուստի դիմած բանկիրի ակտիվները

Ղազախստանցի խարդախ բանկիր Մուխտար Աբլյազովի գործում հերթական նոր շրջադարձն է արձանագրվել: Օրերս հայտնի դարձավ, որ Ղազախստանը շահել է դատը Աբլյազովի ընկերություններից մեկի դեմ՝ 1,5 մլրդ դոլար գումարով, այդպիսով ձեռնամուխ լինելով «ԲՏԱ բանկի» ռուսաստանյան ակտիվները վերդարձնելուն:

PanARMENIAN.Net - Ղազախստանցի բանկիրի խարդախությունը կգրանցվի ֆինանսական հանցագործությունների պատմության մեջ: Աբլյազովին բավականին հեշտությամբ է հաջողվել գողանալ 6 մլրդ դոլարը իր կառավարած ղազախական բանկից: Մի քանի տարի շարունակ ակտիվները փոխանցվել են արտերկրում նոր նախագծերի ֆինանսավորման պատրվակով: Որտեղից էլ նույն հեշտությամբ փոխանցվել են կեղծ ընկերությունների հաշվեհամարներին: Բուն նախագծերը սառեցվել են կամ բուռն գործունեության իմիտացիա է ստեղծվել: Այդպես, օրինակ, եղավ ուկրաինա-ամերիկյան գիտաարտադրական «Մաքս-Վելլ» համալիրի դեպքում, որը բացվեց 2008 թվականին: Պաշտոնապես հայտարարվեց, որ ընկերությունն ԱՄՆ ամենամեծ ֆինանսական ներդրումն է Ուկրաինայի դեղագործական ոլորտում: Այն ժամանակ ներդրումների քանակը կազմեց 8 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության նախագահը (ազգությամբ ղազախ ԱՄՆ քաղաքացի) Քեննեթ Ալիբեկը խոստացավ, որ մեկ տարի անց կհայտնվեն ընկերության առաջին դեղամիջոցները:

Սակայն ոչ մեկ, ոչ երկու տարի անց «Մաքս-Վելլն» այդպես էլ ոչինչ չարտադրեց: Ընկերությունը կարողացավ միայն սնդդային հավելումների փորձնական խմբաքանակ արտադրել: Սկանդալի արդյունքում պարզվեց, որ ընկերությունը փաստացի սնանկացել է՝ նրա բոլոր սարքավորումները և տարածքները պատկանում էին «Եվրասիա-Ուկրաինա» ընկերությանը, որն իր հերթին «Եվրասիա» մեծ հոլդինգի դուստր ձեռնարկությունն է, որի նախագահը Աբլյազովն է:

Այսինքն, ըստ էության, Աբլյազովը ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Ղազախստանում, և էլի շատ մյուս երկրներում գործել է փողերը դուրս տանելու նույն սխեմայով՝ ստեղծել ինչ-որ բան, որի համար կարելի է մեծ վարկ վերցնել, վարկերը չվերադարձնել, արտադրանք չտալ:

Ի դեպ, Աբլյազովն ինքն իրեն խարդախ չէր համարում: Եվ նույնիսկ պատրաստ էր դատավարություն սկսել Ղազախստանի հետ՝ հայտարարելով, թե վերջինս վնասում է ֆինանսիստի իր հեղինակությանը: Այն բանից հետո, երբ նա հեռացվեց «ԲՏԱ բանկի» կառավարումից, «քանի որ նրա գործունեությունը չէր համապատասխանում բանկի ներդրողների ու ավանդատուների շահերին, ինչպես նաև գործող օրենսդրության պահանջներին», Աբլյազովը արդեն Մեծ Բրիտանիայում դատական գործ հարուցեց Ղազախստանի հետ:

2009 թվականին նա, իսկ ավելի ճիշտ Նիդերլանդներում գրանցված նրա «KT Asia» ընկերությունը, որը «փաստացի առևտրային գործունեություն չէր վարում», հայց ներկայացրեց Ղազախստանի դեմ: Հայցի գումարը գնահատվում էր 1,5 մլրդ ԱՄՆ դոլար:

Հայցվորը հայտարարում էր հանրապետության կողմից «ԲՏԱ բանկ» ԲԸ բաժնետոմսերի մինորիտար փաթեթի ենթադրյալ ազգյանացման մասին, որը ձևականորեն պատկանում էր գրանցված «KT Asia» ընկերությանը: Ղազախստանին հաջողվեց ապացուցել, որ գրանցված «KT Asia» ընկերությունը Աբլյազովի ընկերությունների շարքին էր պատկանում, որոնք օգտագործվում էին «գրպանային» ակտիվները մի ընկերությունից մյուսը տեղափոխելու համար:

Բացի այդ Ղազախստանը կարողացավ ապացուցել, որ «KT Asia»-ն գնել է «ԲՏԱ բանկի» բաժնետոմսերը շուկայականից 7 անգամ ցածր գնով՝ փոխառություն վերցնելով երկու վաճառող ընկերություններից, որոնք պատկանում էին Աբլյազովին: Փոխառության գումարը, ինչպես և տոկոսները, հետագայում այդպես էլ չվճարվեցին: Փոխարենը պարտքը չեղյալ հայտարարվեց ու Աբլյազովը լուծարեց այդ երկու ընկերությունները՝ նպատակ ունենալով ազատել «KT Asia» ընկերությանը պարտքից:

Մինչդեռ Ֆրանսիայի դատարանն որոշում է Աբլյազովի արտահանձնման հարցը, Ղազախստանը փորձում է վերադարձնել փախուստի դիմած բանկիրի ակտիվները: Արտահանձնման հայցով դիմել են միանգամից մի քանի պետություններ՝ Ղազախստանը, Ուկրաինան ու Ռուսաստանը: Խնդրահարույց կարող է լինել առնվազն 250 մլն ԱՄՆ դոլարը:

Ըստ Անգլիայի Բարձր դատարանի որոշման, Աբլյազովից և նրա հանցակիցներից պետք է գանձվի շուրջ 4 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ որոշման պատճառով բոլոր ակտիվները, որոնք անմիջապես կամ անուղղակի կերպով պատկանում էին Աբլյազովին և նրա հետ աֆիլացված ընկերություններին, պետք է փոխանցվեն կառավարիչ նշանակված ընկերության վերահսկողությանը:

Սակայն դա իրականացնելն այնքան էլ հեշտ չէր: Աբլյազովի երկու խոշոր ռուսական ակտիվները՝ «Լոգոպարկ Տոլմաչովո» ՓԲԸ-ն և «Պիշմա» ԲԲԸ-ն, անցան մասնավոր անձի կառավարմանը: Այն հանձնվեց ուկրաինացի գործարար Սերգեյ Տիշչենկոյի վերահսկողությանը, որը հանդիսանում է «Ֆակտոր» ընկերությունների խմբի սեփականատերը: «Լոգոպարկ Տոլմաչովո» ՓԲԸ-ն ստեղծվել էր «Եվրասիա լոգիստիկի» կողմից 2007 թվականին Նովոսիբիրսկի Տոլմաչովո օդանավակայանի շրջանում խոշոր ինդուստրիալ պարկի շինարարության համար՝ 906 հազար քմ մակերեսով: Այժմ շահագործման է հանձնվել առաջին հերթը 45 հազար քառակուսի մետր մակերեսով: «Լոգոպարկ Տոլմաչովո»-ն առաջարկում է վարձակալության համար «A» դասի որակյալ պահեստային տարածքներ էկոնոմիկայի տարբեր ճյուղերի ընկերությունների համար, որոնք պահեստային հզորությունների կարիք ունեն: «Պիշմա» ԲԲԸ-ն խոշորագույն նախագիծ է Ուրալում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 280 հազար քմ:

Ղազախստանի «ԲՏԱ բանկը» օպերատիվ արձագանքեց՝ հայտարարելով, որ «բանկը իր անունից կամ իր շահերի համար ոչ մի լիազորություններ չի տրամադրել պարոն Տիշչենկոյին, ինչպես նաև նրան պատկանող «Ֆակտոր» ընկերությունների խմբին»: Եվ եթե Տիշչենկոն համառի ակտիվները վերահսկելու իր իրավունքի հարցում, ԲՏԱ-ն դատի կտա «Ֆակտոր» ընկերությունների խմբին: «Եթե բանկի հետ առնչություն չունեցող անձինք (այդ թվում պարոն Տիշչենկոն կամ նրան պատկանող «Ֆակտոր» ընկերությունների խումբը), խախտելով դատարանի բոլոր որոշումներն ու դատավճիռները, ապօրինաբար իրավունք է ձեռք բերել բանկին փոխանցման ենթակա Աբլյազովի կամ բանկի հայցերով այլ պատասխանողների ակտիվներ, ապա բանկը կպայքարի դրանք վերադարձնելու համար և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում նաև դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար»,-ասվում է «ԲՏԱ Բանկի» մամլո հաղորդագրության մեջ:

Ի դեպ, Աբլյազովի ակտիվների հսկողության «կորուստը» տեղի ունեցավ գրեթե միաժամանակ Աբլյազովի գործով ֆիգուրանտներից մեկի՝ Աբլյազովի իրավաբան Ելենա Տիշչենկոյի գործով Ռուսաստանի դատարանի որոշման հետ միաժամանակ: Դատարանը պատրաստ է ազատել նրան 439 մլն դոլարի վնասը հատուցելու դեպքում: (Ի դեպ, «ԲՏԱ բանկը» գնահատում է իրավաբանների կողմից իրեն հասցված վնասը ընդամենը 94,4 մլն դոլար):

Եթե Ելենա Տիշչենկոն համաձայնվի հատուցել վնասի այդ գումարը (թեև նրա պաշտպանությունը հայտարարում է, որ ըստ օրենքի տուժածին վնասը պետք է հատուցի խարդախության բուն մասնակիցը, ոչ թե նա, ով օգնել է օրինականացնել առևանգված գույքը), դա, հավանաբար, նախադեպ կդառնա Աբլյազովի գործում: Ըստ անկախ փորձագետների հաշվարկների, Աբլյազովին հաջողվել է Ղազախստանի օֆշորային հաշվեհամարներին փոխանցել ոչ թե 6 միլիարդ, ինչպես կարծում է քննությունը, այլ շուրջ 10 միլիարդ դոլար: Այսինքն, նա էլի պաշարներ ունի «տուժածներին փոխհատուցում» վճարելու համար: Եվ այդ դեպքում նա նույնպես կարող է հավակնել կալանքից ազատ արձակվելուն:

Թեև, սա զուտ մտորումներ են: Էքս ան Պրովանս քաղաքի բողոքարկման դատարանն առայժմ ուժի մեջ է թողել Աբլյազովի կալանքը մինչ նրա արտահանձնման մասին որոշում կայացնելը, որը հավանաբար կընդունվի դեկտեմբերին: Գլխավոր հանելուկը նույնիսկ «կարտահանձնեն-չեն արտահանձնի» հարցը չէ, այլ խարդախ բանկիրի ապագա տեղակայման վայրը: ԱՊՀ երեք երկրներից բացի Աբլյազովը նաև ազատազրկման չկրած ժամկետ ունի Մեծ Բրիտանիայում՝ 22 ամիս դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---