Ազատագրած Քաշաթաղը 20 տարեկան է. Ամենահամեղ սեխերն ու ձմերուկներն աճում են Կովսականում՝ Իրանի հետ սահմանին

Ազատագրած Քաշաթաղը 20 տարեկան է. Ամենահամեղ սեխերն ու ձմերուկներն աճում են Կովսականում՝ Իրանի հետ սահմանին

Արաքսն այս տեղերում լայնարձակ է ու հանդարտ՝ դիմացի ափին կանայք սպիտակեղեն են լվանում, տղամարդիկ անասուններին են արածացնում, մի խոսքով խաղաղ է ու անդորր

Վերջին 2 օրերին Ադրբեջանում նշում են հերթական իրադարձությունը՝ «Զանգելանի շրջանի օկուպացման 20-ամյակը»: Կրկին քարոզչական նյութեր են շրջանառվում թե ահա հիմա «կգնանք, կվերադարձնենք, հայերին կկոտորենք»: Իսկ ի՞նչպիսին է իրավիճակն իրականում: Այստեղ մի փոքր նախաբան է հարկավոր. ԽՍՀՄ-ում շրջանները կամայական էին սահմանազատվում և նույնքան կամայական էլ մի հանրապետությունից մյուսին փոխանցվում: Նման օրինակները բազում են և դրանք բոլորը դանդաղ գործարկման ականներ էին, որոնք պայթեցին 1988 թվականին;

PanARMENIAN.Net - Նշենք, որ Զանգելանի շրջան գոյություն չունի, այն տարածքը, որը զբաղեցնում էր այդ շրջանը Ադրբեջանական ԽՍՀ-ում, այժմ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանն է: Դա Արցախի ամենախոշոր շրջանն է, որի տարածքը կազմում է 1,84 հազար քառակուսի կիլոմետր: Արևելքում այն սահմանակից է ԼՂՀ Հադրութի շրջանին, իսկ հյուսիս-արևելքում՝ Շուշիի ու Ասկերանի շրջաններին, հյուսիսում՝ Մարտակերտի շրջանին, հյուսիս-արևմուտքում՝ Շահումյանի շրջանին և Հայաստանի Վայոց ձորի մարզին, արևելքում՝ ՀՀ Սյունիքի մարզին, իսկ հարավում Արաքս գետով անցնում է ԼՂՀ պետական սահմանն Իրանի հետ: Ըստ 1993 թ. դեկտեմբերի 2-ի ԼՂՀ վարչական բաժանման Քաշաթաղի շրջանի մեջ մտան նաև Լաչինի, Կուբաթլիի ու Զանգելանի շրջանները: Քաշաթաղի շրջանը ժամանակին Մեծ Հայքի Արցախի ու Սյունիքի մարզերի մաս է կազմել:Այսօր շրջանում մոտ 10 հազար մարդ է բնակվում, դրանք հիմնականում փախստականներ են Ադրբեջանից: 2010 թվականին այստեղ բնակություն հաստատեցին 199 ընտանիքներ՝ 616 մարդ, իսկ 2011 թ. առաջին ամիսներին տարբեր բնակավայրերում հիմնավորվեցին ևս 50 ընտանիքներ: 2012 թ. սկզբին այդ թիվը հասավ 300-ի: Վերաբնակներին տրամադրվում են արտոնյալ վարկեր, շինանյութ, ինչպես նաև հատուցվում են տեղափոխման ու գույքի փոխադրման ծախսերը: Շրջանում գործում է 46 հանրակրթական դպրոց և 33 բուժկետ:

Հայ ձեռնարկատերերն ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեյցարիայից, Արաբական Էմիրություններից ու այլ երկրներից մտադիր են լուրջ ներդրումներ կատարել շրջանում, մասնավորապես, բնակարանաշինության ու դպրոցաշինության ասպարեզում:

Քաշաթաղում ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսությունը՝ գյուղերի մեծ մասը գետերի ափին է գտնվում և հիանալի հնարավորություններ կան բանջարաբոստանային կուլտուրաների աճեցման համար: Ամենահամեղ սեխերն ու ձմերուկները աճում են Կովսականում՝ Իրանի հետ սահմանին: Սահմանը հսկում են Ղարաբաղի և Իրանի սահմանապահները: Ըստ տեղաբնակների, խախտումներ չեն լինում, երբեմն անասուններն են հակառակ կողմն անցնում: Արաքսն այս տեղերում լայնարձակ է ու հանդարտ՝ դիմացի ափին կանայք սպիտակեղեն են լվանում, տղամարդիկ անասուններին են արածացնում, մի խոսքով խաղաղ է ու անդորր: Իրանական կողմից ճիշտ Արաքսի ափով մայրուղին է անցնում, որով Ադրբեջանից բեռներ են տեղափոխվում Նախիջևան:

Կովսականում սահմանապահ նոր ուղեկալ է կառուցվել, հինը ծառայում է որպես պահեստ, սակայն սահմանապահներին կանգնեցված հուշարձանը կանգուն է մինչ օրս, այն ոչ ոք չի պատրաստվում քանդել: Ավելին, ըստ գյուղապետի, շուտով կվերանորոգվի նաև հին ուղեկալը:

Նշենք, որ Քաշաթաղի շրջանում արդեն շահագործման է հանձնվել «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանը 2,4 ՄգՎտ հզորությամբ, շարունակվում է «Սյունիք-2» հիդրոէլեկտրակայանի կառուցումը Աղավնո գետի վրա, որի հզորությունը 3,2 ՄգՎտ կլինի: Ըստ մասնագետների, եթե օգտագործվեն Քաշաթաղի շրջանի բոլոր ջրային ռեսուրսները, կարելի է հիդրոէլեկտրակայաններ կառուցել 40 ՄգՎտ ընդհանուր հզորությամբ, ինչը մեծապես կխթանի ԼՂՀ տնտեսության զարգացումը:

Երբ ճանապարհորդում ես Լեռնային Ղարաբաղով, պարզ է դառնում, թե ինչու են Ադրբեջանում այդքան տոգորված «այս հողերը վերադարձնելու» ցանկությամբ: Այս երկրամասն իրոք բարեբեր է ու կարող է մի քանի միլիոն մարդու կերակրել: Ակամայից մտածում ես. եթե այս հողը, ինչպես պնդում են Բաքվում, ադրբեջանական է, ապա ինչո՞ւ ոչ ոք այն չպաշտպանեց, բոլորն ուղղակի փախան: Այս փաստն ավելորդ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը բուն հայկական հող է, որը վերադարձրեցին ու պաշտպանում են հայերը ու Ադրբեջանն այստեղ ոչ մի կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային հանրությանն ուղղված «տարածքները վերադարձնելու» Ադրբեջանի լացակումած աղերսանքներին, ապա համաշխարհային հանրությունը վերջերս ավելի հաճախ ու հաճախ է անտեսում այդ խնդրանքները: Այն, ինչ կորցված է պատերազմի արդյունքում, կորցրած է:

Շրջանում դեռ շատ բան կա անելու՝ պետք է կարգի բերել ճանապարհները, վերանորոգել ավերված տները, կարգավորել կենցաղը: Մինչ օրս Ղարաբաղում կանգուն են խորհրդային դարաշրջանի «ժողովրդների բարեկամությանը» նվիրված հուշարձանները: Այդպիսին կա նաև Քաշաթաղում, այն հրաշքով է կանգուն մնացել պատերազմի ժամանակ: Ի դեպ, Կովսականից Կապան ընդամենը 12 կմ է և Իրանից եկող բեռնատարները հաճախ հենց այդ ճանապարհն են ընտրում Հայաստան ուղևորվելիս:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---