Հայկական դրամի պատմությունից. ԽՍՀՄ շրջանի դրամաշրջանառությունը

Հայկական դրամի պատմությունից. ԽՍՀՄ շրջանի դրամաշրջանառությունը

Մինչև 1993 թ. նոյեմբերի 22-ը, երբ Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, դրամաշրջանառությունն իրականացվում էր ԽՍՀՄ դրամանիշերի միջոցով

1924 թ. Խորհրդային Միության կազմավորման հետ, որի կազմում ընդգրկվեց նաև Անդրկովկասը, կառավարությունը որոշեց փոխանակել բոլոր դրամանիշերը ԽՍՀՄ միասնական դրամանիշերով:

PanARMENIAN.Net - Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում շրջանառվում էին 1,3,5,10 անվանական արժեքով թղթադրամներ, ինչպես նաև Խորհրդային Ռուսաստանի ոսկե դրամը` 1 չերվոնեց անվանական արժեքով: Ստեղծվել էր երկարժութային համակարգ՝ ոսկով ապահովված չերվոնեցներ և խորհրդային դրամանիշեր, որոնք արժեզրկվում էին:

1924 թվականին թողարկվում են նոր գանձապետական տոմսեր 1, 3 և 5 ռուբլի ոսկով անվանական արժեքով, որոնք որպես մանրադրամ էին ծառայում չերվոնեցների համար:

Երկար ընդմիջումից հետո 1924 թ. ԽՍՀՄ տարածքում շրջանառության մեջ են դրվում մետաղադրամներ: ՌԽՍՖՀ մետաղադրամների հետ միաժամանակ, որոնք հատվում էին 1921-1923 թթ., շրջանառության մեջ են մտնում նաև ԽՍՀՄ մետաղադրամները, որոնց թողարկումը սկսվել է 1924 թ.: ՌԽՍՖՀ մետաղադրամները թողարկվել են 10,15, 20 կոպեկ անվանական արժեքով (բիլոնային ձուլվածք) և 50 կոպեկ, 1 ռուբլի (արծաթ) անվանական արժեքով: ԽՍՀՄ մետաղադրամները թողարկվել են 1, 2, 3, 5 կոպեկ անվանական արժեքով (պղինձ), 10, 15, 20 կոպեկ անվանական արժեքով (բիլոնային համաձուլվածք) և 50 կոպեկ, 1 ռուբլի (արծաթ) անվանական արժեքով: 1925-1928 թթ. շրջանառության մեջ դրվեց նաև ամենափոքր անվանական արժեքով պղնձե մետաղադրամը՝ կես կոպեկը:

Պղնձե մետաղադրամների թողարկումը դադարեցվեց 1925 թվականին: 1926 թվականից 1, 2, 3 և 5 մետաղադրամները հատվում էին ալյումինե բրոնզից շատ ավելի փոքր քաշով: 1927 թվականին դադարեցվեց նաև արծաթե մետաղադրամների թողարկումը, իսկ բլիոնայինները թողարկվեցին մինչև 1931 թվականը: 10, 15 և 20 կոպեկ անվանական արժեքով մետաղադրամները թողարկվում էին մելխիորից, իսկ հետագայում՝ պղնձի և նիկելի համաձուլվածքից:

1926-1932 թթ. շրջանառության մեջ դրվեցին ԽՍՀՄ Պետական բանկի տոմսերը՝ 1, 2, 3 և 5 չերվոնեց անվանական արժեքով, իսկ 1928-1934 թթ՝ 1, 3 և 5 արժեքով գանձապետական տոմսերը:

1928 թվականի 2 չերվոնեց անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ

1937 թ. թողարկվեց թղթադրամների նոր սերիա 1, 3, 5 և 10 չերվոնեց անվանական արժեքով, իսկ 1938 թ.՝ 1, 3 և 5 ռուբլի անվանական արժեքով թղթադրամների սերիան:

1938 թվականի 1 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ

1947 թվականին դրամաշրջանառության առողջացման և դրամական միջոցների ավելցուկի ոչնչացման նպատակով դրամական բարեփոխում իրականացվեց դենոմինացիայի տեսքով՝ առգրավմամբ: Նշենք, որ շատերն այս դրամական բարեփոխումը չեն համարում դենոմինացիա, քանի որ արդյունքում գները, աշխատավարձերն ու այլ վճարումներ մնացին անփոփոխ, և գտնում են, որ այն միտված էր միայն առգրավման: Այդպես 10 հին ռուբլու դիմաց կարելի էր ստանալ նոր թողարկման 1 ռուբլի: Առկա դրամական միջոցների փոխանակումը կատարվեց մեկ շաբաթվա ընթացքում: Դրամաշրջանառության մեջ մտցվեցին ԽՍՀՄ Պետական բանկի նոր տոմսեր՝ 1, 3, 5, 10, 25, 50 և 100 անվանական արժեքով:

1947 թվականի 1 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ

1961 թ. ԽՍՀՄ-ում դրամական ռեֆորմ իրականացվեց գների մասշտաբի փոփոխությամբ: ԽՄԿԿ ԿԿ-ն անվանեց այդ բարեփոխումն «ամենամարդկայինը պատմության մեջ»: 1961 թվականի փետրվարի սկզբին կանխիկ դրամի 90 տոկոսն արդեն փոխանակված էր նոր թղթադրամներով: Պետական խանութներում գները նվազեցին 10 անգամ, թեև կոլտնտեսային շուկաներում նման գնանկում տեղի չունեցավ: 1961 թվականի դրամական բարեփոխման հետաքրքիր դրսևորում էր այն, որ ողջ մանր մետաղադրամի արժեքը 1, 2, 3 կոպեկ անվանական արժեքով չնվազեց, այլ շարունակեց շրջանառվել նույն կատարմամբ և նույն անվանական արժեքով: Այդպիսով, այն բնակիչները, որոնք մանր մետաղադրամ էին հավաքում, շահեցին՝ մետաղադրամների արժեքն ավելացավ 10 անգամ:

1961 թվականի դրամական բարեփոխման արդյունքում դրամաշրջանառության մեջ դրվեցին 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ և 1 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամներ և 1, 3, 5, 10, 25, 50 և 100 ռուբլի անվանական արժեքով թղթադրամներ:

1961 թվականի 1 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ

1991 թվականին իրականացվեց կոնֆիսկացիոն դրամական բարեփոխում, որը հետագայում ստացավ Պավլովյան անվանումը՝ ԽՍՀՄ ֆինանսների նախարար Վալենտին Պավլովի պատվին: Հունվարյան երեք օրվա ընթացքում քաղաքացիները կարող էին փոխանակել 50 և 100-ռուբլիանոց թղթադրամները նորերով: Փոխանակել կարելի էր միայն մինչև 1000 ռուբլի կանխիկ գումար: Խնայբանկում ավանդից կարելի էր ստանալ միայն 500 ռուբլի նոր թղթադրամներով: Այդ իրադարձությունից մոտ երկու շաբաթ առաջ Պավլովը հանդես եկավ հայտարարությամբ, որ ոչ մի դրամական ռեֆորմ չի լինելու: Ըստ իշխանությունների հայտարարության, դա պետք է սառեցներ ոչ աշխատանքային եկամուտները, վերավաճառողների, կաշառակերների, ստվերային բիզնեսի միջոցները ու կասեցներ դրամանենգ միջոցների շրջանառությունը, որի նպատակն էր նվազեցնել դրամական զանգվածն ու կասեցնել գնաճը: Միաժամանակ Խնայբանկի ավանդներն սառեցվեցին, իսկ ապրիլի 1-ին ամբողջ երկրի տարածքում բարձրացան գները: Սառեցված ավանդներին ավելացվեց 40 տոկոս, սակայն կանխիկ միջոցներ կարելի էր ստանալ միայն հաջորդ տարի:

Այդ ժամանակ դրամաշրջանառության մեջ դրվեցին 1, 3, 5, 10, 50, 100, 200, 500 և 1000 ռուբլի նոր նմուշի թղթադրամներ:

1991 թվականի 100 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ

1992 թվականին դրամաշրջանառության մեջ դրվեցին 50, 200, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքով նոր նմուշի թղթադրամներ, որոնք 1961 թ. նմուշի թղթադրամների հետ միասին, բացի 50 և 100 ռուբլի թղթադրամներից, ինչպես նաև 1991 թ. թղթադրամների հետ սպասարկում էին դրամաշրջանառությունը:

1992 թվականի 1000 ռուբլի անվանական արժեքով ԽՍՀՄ թղթադրամ

Ընդհուպ մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը, երբ Հայաստանում շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, դրամաշրջանառությունը սպասարկում էին ԽՍՀՄ դրամանիշերը:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---