Ի՞նչ է նշանակում «կուտակային կենսաթոշակային համակարգ»

Ի՞նչ է նշանակում «կուտակային կենսաթոշակային համակարգ»

Աղքատ թոշակառուներ չունենալու համար Հայաստանի կառավարությունը որոշել է արմատական բարեփոխումների գնալ

Աղքատ կամ սոցիալապես անապահով թոշակառու ունենալու հեռանկարն առավել քան մտահոգիչ է դառնում, երբ ժողովրդագրական վիճակագրությունն է խոսում։ Կենսաթոշակառուների թիվը գնալով աճում է. քիչ լինելով, նրանց «կերակրող» աշխատող մարդկանց քանակը համարժեք վճարումներ չի կարող ապահովել։ Եթե հիմա ոչինչ չփոխվի, առաջիկա տարիներին երկրում կենսաթոշակների ցածր մակարդակը կպահպանվի, կամ կառավարությունը ստիպված կլինի անդադար բարձրացնել հարկերը՝ դժվար կացություն ստեղծելով ինչպես տնտեսվարողի, այնպես էլ աշխատողի համար:

PanARMENIAN.Net - Գործող բաշխիչ կենսաթոշակային համակարգը մեր օրերում արդեն անարդյունավետ է

Դա է պատճառը, որ կառավարությունը որոշել է արմատական բարեփոխումներ իրականացնել աղքատ թոշակառուներ չունենալու համար: Պետծախսերի մեկ քառորդը կամ ՀՆԱ-ի 4.2 տոկոսն ուղղվում է կենսաթոշակների և սոցիալական այլ ծախսերի վճարմանը։ Ու չնայած դրան, մոտ 500 հազար կենսաթոշակառու իրենց ստացած գումարներով այսօր շարունակում է անապահով խավ լինել: Միջին կենսաթոշակը ներկայումս մոտ 30 հազար դրամ է, և թոշակառուն դժգոհում է իր աղքատ ծերությունից:

Բանն այն է, որ գործող կենսաթոշակային համակարգը համահավասարեցնում է բոլորին` թոշակը հաշվարկելով ոչ թե աշխատավարձի չափով, այլ միայն աշխատանքային ստաժի տարիներով։ Ներկայիս կենսաթոշակային` այսպես կոչված «սերունդների համերաշխության» սկզբունքով գործող համակարգն այլևս անկենսունակ է։

Փուլային անցում կուտակային կենսաթոշակային համակարգին

Դեռ 2010-ի հուլիսին Հայաստանը հայտարարեց կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին: 2011-ի սկզբից երկրի բոլոր աշխատող քաղաքացիները կարող էին իրենց ցանկությամբ գործող` «բաշխողական» համակարգից անցնել «կուտակայինի»:

Արդեն մեկ ու կես ամսից՝ 2014-ի հունվարի 1-ից, Հայաստանը կանցնի պարտադիր կուտակային համակարգի, որը վերաբերում է 1973-ի դեկտեմբերի 31-ից հետո ծնվածներին, որոնք աշխատում են և գրանցված են աշխատավայրում: Մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարումներ կկատարեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, ևս 5% այդ աշխատողների անհատական հաշվին կփոխանցի պետությունը։ 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողի անհատական կուտակային ֆոնդին պետությունը 25 հազար դրամից ավելի չի վճարի։ Օրինակ, եթե աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ, ապա անհատն ամեն ամիս իր անձնական կուտակային հաշվեհամարին պետք է փոխանցի 5000 դրամ, նույնքան կփոխանցի պետությունը: Եթե ստանում եք 500 հազարից ավելի աշխատավարձ, օրինակ, 700 հազար, պետությունը կավելացնի միայն 25 հազար դրամ, իսկ քաղաքացին կփոխանցի 45 հազարը:

Եթե ձեռնարկատեր եք կամ նոտար, ապա կուտակումները հաշվարկվելու են ոչ թե ըստամսական, այլ տարեկան եկամուտի: Ձեռներեցները կամ նոտարները, որոնց տարեկան եկամուտը 6 մլն դրամից պակաս է, իրենց եկամուտի 5 տոկոսին կավելացնեն նաև պետության ամենամյա ևս 5 տոկոսը: Օրինակ, եթե տարեկան եկամուտը կազմում է 5 մլն դրամ, ապա 250 հազարը ձեռներեցն է փոխանցում կուտակային հաշվեհամարին, և ևս 250 հազար ավելացնում է պետությունը, այսինքն ընդհանուր առմամբ տարեկան փոխանցվում է կենսաթոշակային հաշվեհամարին 500 հազար դրամ: Եթե տարեկան եկամուտը գերազանցում է 6 մլն դրամը, պետությունն ամեն տարի ավելացնում է 300 հազար դրամ, մնացած գումարը, որն անհրաժեշտ է 10 տոկոսը լրանալու համար, փոխանցում է տնտեսվարողը:

Միաժամանակ մի քանի նախկին հարկերի փոխարեն գործելու է մեկ միասնական, ավելի պարզ հարկը 26 տոկոսի չափով: Ըստ բարեփոխումների հեղինակների, այդ գումարը լրացուցիչ բեռ չի դառնա ոչ գործատուի, ոչ աշխատակցի համար: Պարզեցվում են գործատուի գործողությունները՝ նա ավելի քիչ հաշվետվություններ կներկայացնի: Խթաններ են ստեղծվելու, որպեսզի գործատուն հարկի բեռը չդնի աշխատողի վրա, եթե աշխատողը ստանում էր, օրինակ, 100 հազար դրամ, համակարգին անցնելուց հետո կրկին այդքան ստանա։

Գյուղացիների և ինքնազբաղվածների համար, որոնք գրանցված չեն որևէ աշխատավայրում, կգործի կամավոր կուտակային համակարգ, այս դեպքում պետությունը դրամական միջոցներ չի հավելի:

Կենսաթոշակային տարիքը չի փոխվելու` բոլոր 63 տարին լրացած քաղաքացիները կշարունակեն ստանալ հիմնական բազային կենսաթոշակ, ինչը տարիների ընթացքում հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղի 100, ապա նաև 150 տոկոսին (2013-ի երկրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմում էր 56,8 հազար դրամ)։ Սա կարևոր է նրանով, որ մեզանում բավական շատ են մարդիկ, ովքեր բավարար աշխատանքային ստաժ չեն կարողացել կուտակել` թեկուզ նվազագույն թոշակ ստանալու համար, բացի այդ պետությունը շարունակելու է վճարել տարբեր խմբերի համար նախատեսված սոցիալական կենսաթոշակը։

Ինչպե՞ս են աշխատելու կենսաթոշակային ֆոնդերը

Նոր համակարգում վճարելու են մասնավոր կենսաթոշակային ֆոնդերը. հենց այստեղ են կուտակվելու աշխատավարձից պահվող, հետո որպես թոշակ վճարվելիք գումարները։ Ֆինանսական այս նոր ինստիտուտները, սակայն, գումարները գզրոցներ չեն դնի, ֆոնդերի կառավարիչները դրանք ներդնելու են արժեթղթերի շուկաներում։ Ստացվում է՝ ապագա թոշակառուն այդպես նաև մասնակցելու է տնտեսության զարգացմանը` մի կողմից նրան տալով «երկար փողեր» ունենալու հնարավորություն, մյուս՝ ստանում է տոկոսային եկամուտ այն բաժնետոմսերից կամ պարտատոմսերից, որտեղ իր փայաբաժինն ունի։ Այլ կերպ ասած, երբ թոշակի անցնի, կստանա անհամեմատ ավելի մեծ գումար, քան կուտակել էր աշխատանքային տարիներին։

Կճանաչվի այդ գումարների ժառանգման իրավունքը: Աշխատողը շուրջօրյա կարող է հսկել, թե կառավարիչն ինչպես է օգտագործում իր փողերը տվյալ օրվա դրությամբ, որքան գումար ունի կուտակած իր հաշվին։ Եթե ակտիվների կառավարիչն իր գործում թերանա, ապա քաղաքացին կարող է փոխել նրան (տարեկան միայն մեկ անգամ անվճար)։ Աշխատողը կարող է ընտրել նաև բաժնետոմսերի և պարտատոմսերի այն տեսակները` ըստ ռիսկայնության և եկամտաբերության աստիճանների, որոնք իր ակտիվների կառավարիչն իրավունք ունի գնել։ Համակարգը նախատեսել է, որ եթե անձը չկարողանա կամ ցանկություն չունենա ընտրել ակտիվի կառավարչի, ապա համակարգչային ծրագիրն ինքն է բաշխելու այդ անձանց ակտիվների կառավարիչների միջև: Կառավարիչներն առաջարկելու են առնվազն 3 տեսակի պորտֆելներ` կայուն պահպանողականից մինչև ռիսկային: Ռիսկերն այստեղ վերաբերում են ոչ թե կուտակված գումարին, այլ միայն հնարավոր եկամուտներին:

Պետությունը նախատեսում է երաշխավորման սխեմաներ, հիմնադրամն ապահովելու է կուտակային գումարների 20, իսկ պետությունը՝ մնացած 80 տոկոսի վերադարձը` հաշվի առնելով գնաճը:

Պարտադիր կուտակված գումարներն որպես թոշակ բաշխվելու են 3 տարբերակով. եթե հավաքած ամբողջ գումարը, ըստ ամիսների բաժանած կյանքի միջին տևողությանը, ավելի քիչ կլինի, քան պետության կողմից տրվող կենսաթոշակի 25%-ը, ապա կարող է միանվագ ստանալ, եթե գումարը կլինի 25%-ից մինչև կենսաթոշակի հնգապատիկը, ապա այդ գումարները ստանալու է անուիտետի տեսքով, և երրորդը` ծրագրային վճարների տարբերակը. եթե ամսական հաշվարկով հնգապատիկից ավել է լինում: Փորձը ցույց է տալիս, որ կենսաթոշակի ստացման առավել գործածական տարբերակը կլինի հենց անուիտետը. այսինքն, երբ կենսաթոշակային գումարները անձը փոխանցում է իր ընտրած ապահովագրական ընկերությանը, որը մինչև տվյալ անձի կյանքի վերջը պարտավորվում է վճարել ամեն ամիս պայմանավորված չափով:

Թոշակառուն կարող է միանվագ ստանալ իր կուտակած գումարը թոշակի տարիքին հասնելուց մեկ-երկու տարի առաջ, եթե նրա մոտ ինչ-որ հիվանդություն է հայտնաբերվել, եթե նա անաշխատունակ է ճանաչվել, 3-րդ խմբի հաշմանդամ, կամ եթե ընդմիշտ մեկնում է Հայաստանից ու հրաժարվում է քաղաքացիությունից:

Ի՞նչ է երաշխավորում պետությունը

Պետությունը երաշխավորելու է, որ թոշակի անցնելիս կուտակած գումարների գնողունակությունը պակաս չլինի այն մակարդակից, որ կունենար այդ փողը, եթե ժամանակին չպահվեր աշխատավարձից և օգտագործվեր գնումների համար: Ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում Հայաստանի քաղաքացիները պարտադիր կերպով կստանան մի շարք տարիների ընթացքում կուտակած աշխատավարձի 5 տոկոսը կազմող փոխանցված ամբողջ գումարը, բացառությամբ այն գումարի, որ փոխանցում է պետությունը նրանց անձնական կենսաթոշակային հաշվին (նույնպես 5 տոկոսի չափով):

Երկրի գլխավոր դրամատունը հսկելու է, որ կառավարիչները չչարաշահեն իրենց դիրքերը, «չպայթեցնեն ֆոնդերը»` դատարկաձեռն թողնելով մարդկանց: Կենսաթոշակային ֆոնդերը թև մասնավոր են լինելու, բայց նրանց համար գործելու են քանակային և գումարային սահմանափակումներ, թե որտեղ կարող են ակտիվների կառավարիչները հավաքագրած գումարները ներդնել:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---