Կգայթակղի արդյո՞ք Ուկրաինային ԵՄ «թոշնած գազարը»

Կգայթակղի արդյո՞ք Ուկրաինային ԵՄ «թոշնած գազարը»

Թե ինչով կավարտվի սակարկությունը Ուկրաինայի հետ, դեռ հայտնի չէ՝ Յուլիա Տիմոշենկոն դիմել է Յանուկովիչին ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելու կոչով

Եվրամիությունը հորդորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին անձամբ միջամտել կալանավայրում գտնվող Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակին, քանի որ դա կարող է ձախողել Կիևի և ԵՄ միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրումը: Մեծ հաշվով, եթե անկեղծ լինենք, ԵՄ-ն իրավացի է՝ կնստի Տիմոշենկոն բանտում թե նրան ազատ կարձակեն, դրանից ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը չի փոխվի: Ամեն ինչ շատ պարզ է՝ ցանկություն կա բռնել Պուտինի ձեռքը, բայց չի ստացվում: Եվ դժվար թե ստացվի:

PanARMENIAN.Net - Բուն Արևելյան գործընկերությունը, որի նախաձեռնողներն ոչ թե եվրոպական ամենահարուստ ու զարգացած երկրներն են, այլ նորեկներ Բալթիայի երկրները, Լեհաստանն ու Ռումինիան, որոնց հեշտությամբ ղեկավարում է «հին» Եվրոպան, խաղալով Ռուսաստանի հանդեպ նրանց ատելության վրա, լուրջ կառույց համարել չի կարելի: Բայց Ուկրաինայի պարագայում այլ է: Գրավելով Ուկրաինային՝ Արևելյան գործընկերությունը կարող է որոշակի քաշ ստանալ ու ֆինանսավորում: Բայց դե ֆինանսավորման հարցը հիմա ամեն տեղ է սուղ՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում:Հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ճակատագիրը, որը Յանուկովիչի կատաղի հակառակորդն է: 2011 թվականին Տիմոշենկոն դատապարտվեց 7 տարվա ազատազրկման պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Արևմտյան երկրների կառավարությունները նրա դեմ դատավարությունը քաղաքականապես մոտիվացված համարեցին:

Իրականում ամեն ինչ այլ է: Առաջին անգամ Տիմոշենկոյին մեղադրեցին 2001 թվականին 90-ականների կեսին նրա կառավարած էներգետիկ ընկերությունում խարդախության համար: 2004 թ. նրան մեղադրեցին կաշառակերության մեջ և նույնիսկ հետախուզում հայտարարեցին Ինտերպոլի գծով: Ռուսաստանցիները մեղադրում էին նրան ռազմատեխնիկայի հետ կապված ինչ-որ մեքենայությունների համար, հետո սակայն տարօրինակ կերպով սիրեցին «սուրբ» Յուլիային: Ըստ ուկրաինացի մեղադրողների, Մոսկվայի համակրանքը Տիմոշենկոյի հանդեպ առաջացավ այն ժամանակ, երբ նա, լիազորություններ չունենալով, բազմամյա էներգետիկ պայմանագիր կնքեց ռուսների հետ, ի վնաս սեփական երկրի: Արդեն բանտում նա կասկածյալ դարձավ գործարար ու պատգամավոր Եվգենի Շչերբանի սպանության գործով: Տիմոշենկոյին անվանում էին ոչ ավել ոչ պակաս «գազի արքայադուստր»: Դժվար թե այս ամենն Եվրոպան չգիտի:

Իսկ այսպես բավականին գարվիչ է ստացվում. ԵՄ-ն փորձում է օգնել Ուկրաինային նվազեցնել կախվածությունը ռուսական գազից առաքման այլընտրանքային ուղիներ որոնելով: Մասնավորապես, քննարկվում է գազի առաքման հնարավորությունը Սլովակիայի տարածքով: Սլովակիայի գազաբաշխիչ Eustream ընկերությունը եկուշաբթի հայտարարել է, որ աշխատում է ուկրաինացի գործընկերների հետ Ուկրաինա գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի շուրջ, սակայն մանրամասներ չի ներկայացրել: Բայց դեռ պարզի չէ, թե ում գազն է առաքվելու Սլովակիայի տարածքով:

Նոյեմբեի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը կարգադրեց դադարեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Կառավարությունը հանձնարարել է նախարարություններին միջոցներ ձեռնարկել պետական նպատակային, ոլորտային ու տարածաշրջանային ծրագրերում փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք միտված կլինեն ԱՊՀ անդամ երկրների հետ առևտրի, արտադրական կոոպերացիայի և տեխնոլոգիաների փոխանակման զարգացմանը՝ «պահպանելու համար աշխատատեղերն ու լուծելու համար այլ սոցիալական հարցեր պետության տնտեսական կայունության բարձրացման հիման վրա»: Դա առաջացրեց ուկրաինացիների մի մասի վրդովմունքը, որոնք հավաքվեցին Մայդանում: Ճիշտ է, նրանց թիվն այնքան էլ մեծ չէր՝ մի քանի հազար: Իսկ Ուկրաինայի ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ծախվեց Պուտինին 20 մլրդ դոլարով:

Նոյեմբերի 12-ին Յանուկովիչին էին դիմել ուկրաինացի արդյունաբերողները՝ խնդրելով հետաձգել ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը մեկ տարով: Նրանք հայտնեցին նախագահին, որ Մաքսային միության երկրների կողմից պաշտպանիչ միջոցների կիրառումը, եթե Ուկրաինան անդամակցի ԵՄ-ին, ուղղակի «կսպանի» ուկրաինական տնտեսությունը: Վատ կլինի բոլորի համար՝ և գործատուների, և վարձու աշխատողների: «Մենք այսօր մեծ խնդիրներ ունենք ՌԴ և Ղազախստանի հետ, ուր մենք արտահանում ենք մեր արտադրության 50 տոկոսը»,-հայտարարեց պատգամավոր Վալենտին Լանդիկը, որը նաև սառնարաններ արտադրող ընկերության սեփականատեր է:

«Խոսքը գնում է Եվրոպայի հետ ասոցացման ստորագրման մասին, բայց մեզ այնտեղ ոչ ոք չի սպասում: Այնտեղի մեքենաշինության ոլորտում գործազրկությունը մեզանից ավելի մեծ է»,-ասել էր նախագահին գործարար Գեորգի Սկուդարը: «Մենք սպառնալիք ենք տեսնում առաջին հերթին բարձր ավելացված հարկով գիտատար ու տեխնիկապես բարդ արդյունաբերության համար, առաջին հերթին, մեքենաշինության»,-ընդհանուր կարծիքն ամփոփեց ձեռնարկատեր Անատոլի Կինախը: Յանուկովիչը համապատասխան եզրահանգումներ արեց. «Այս հանձնարարականներն արդեն հիմա կփոխանցվեն կառավարությանը, ես զգուշացրել եմ Ազարովին, որպեսզի վաղն արդեն քննարկվեն: Վաղը, անհապաղ»,-հայտարարել էր նա: Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Եվրամիությունը ճնշում է գործադրում Արևելյան գործընկերության մասնակից երկրների վրա՝ ընտրության առջև կանգնեցնելով նրանց եվրասիական և եվրոպական ինտեգրման միջև: «Եթե համեմատելու լինենք մեր ազնիվ ու ընկերական դիրքորոշումը ԵՄ ներկայացուցիչների գործողությունների հետ, ապա, հավանաբար, նրանք հենց «անթաքույց ճնշում» են գործադրում ֆոկուսում հայտնված պետության վրա և արվում են հայտարարություններ, թե պետք է ընտրել. կամ հետ դեպի մութ անցյալ, կամ մեզ հետ դեպի լուսավոր ապագա»,-ասել է Լավրովը: Ըստ նրա, «ոչ ոք երբեք Եվրամիությունում չարտասանեց այն արտահայտությունը, որից մենք սկսում ենք մեր դիրքորոշման շարադրումն Արևելյան գործընկերության վերաբերյալ: «Դա կոնկրետ պետության ինքնիշխան իրավունքն է: Ոչ մի եվրոպաշտոնյա նման բան չասաց: Նրանք ասում են՝ դուք պետք է ընտրություն կատարեք, բայց հօգուտ Եվրամիության, թե չէ կորած եք»,-ասել է նա:

Դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի սակարկությունն Ուկրաինայի հետ՝ Յուլիա Տիմոշենկոն դիմել է Յանուկովիչին ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրելու կոչով, նշելով, որ ոչ մի տեղ չի պատրաստվում մեկնել: Ինչևէ, Վիլնյուսի գագաթաժողովը ձախողման եզրին է և ԵՄ-ն կգոհանա միայն Մոլդովայով ու Վրաստանի հետ մշուշոտ հեռանկարով: Ուղղակի Յանուկովիչը ճիշտ համեմատեց ԵՄ խոստումներն անցյալ տարվա գազարի հետ: Հավելենք, որ գազարը նաև փտած է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---