Կովկասը Ռուսաստանի խոցելի «մատույցն է»

Կովկասը Ռուսաստանի խոցելի «մատույցն է»

Ա. Կռիլով. Ռուսաստանի համար Հարավային Կովկասի առաջնային նշանակությունը պայմանավորված է նրա սահմանային դիրքով

Դեկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկեց Միջազգային կլոր սեղանը, որտեղ քննարկվում են ինտեգրացիոն և ապաինտեգրացիոն գործընթացները ժամանակակից Կովկասում: Կլոր սեղանի շրջանակում ելույթ ունեցավ Կովկասագետների գիտական ընկերակցության (ԿԳԸ) նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը «Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակն ու ինտեգրման գործընթացները ժամանակակից Կովկասում» թեմայով:

PanARMENIAN.Net - Կռիլովը հիշեցրեց, որ ԽՍՀՄ փլուզումը հանգեցրեց նոր պետությունների առաջացմանը աշխարհի քաղաքական քարտեզում: Տարածաշրջանի ժողովրդները ոչ միայն զարգացման սկզբունքային նոր հնարավորություններ ստացան, այլ նաև նոր խնդիրներ, պայմանավորված տարածաշրջանի բաժանմամբ մի քանի պետական սահմաններով: Կտրուկ աճեց տեղի ժողովրդների «բաժանված» լինելու հանգամանքը, որոնք այժմ բնակվում են թվով ավելի շատ պետություններում, քան նախկինում:

Խորհրդային անցյալին վերջ դնելու ու արևմտյան ժողովրդավարության ճանապարհով զարգանալու տարածաշրջանի պետությունների հռչակած ձգտումը հանրության հիմնական խնդիրների արագ լուծումներ չբերեց: Ի տարբերություն Արևմուտքի, Հարավային Կովկասի բոլոր երկրներում տեղի ունեցավ քաղաքական և տնտեսական վերնախավերի լիակատար սերտաճում, որի արդյունքը դարձավ տնտեսության եկամտային ճյուղերի մենաշնորհումը: Արդյունքում հասարակությունն արագ շերտավորվեց: Տարածաշրջանում այդպես էլ չձևավորվեց զգալի միջին դաս, բնակչության ճնշող մեծամասնությանն անկախ զարգացման երկու առաջին տասնամյակները բերեցին աղքատացում ու կյանքի որակի անկում»,-նշեց նա:

Միևնույն ժամանակ, հետխորհրդային շրջանն աչքի ընկավ Կովկասի տարբեր մասերի միջև տարբերությունների արագ աճով: Տարածաշրջանը զարմանալիորեն արագ կորցրեց տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքի ընդհանրությունը: Հյուսիսային Կովկասն իր ճանապարհով է զարգանում Ռուսաստանի կազմում իր վառ արտահայտված տարածաշրջանային առանձնահատկություններով: Հարավային Կովկասում ԽՍՀՄ փլուզումից 22 տարի անց ձեևավորվել են միանգամայն տարբեր հանրություններ ու պետություններ, ընդ որում ապաինտեգրման գործընթացները գերակշռում են ինտեգրման գործընթացների հանդեպ: Երեք միջազգայնորեն ճանաչված պետությունների կողքին այստեղ կան երկու «մասնակի ճանաչված» պետություններ՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը շարունակում է մնալ չճանաչված պետությունների շարքում:

Հարավային Կովկասի պետություններն ունեն ազդեցության տարբեր աստիճան և տարբեր դերակատարություն միջազգային ասպարեզում: Ադրբեջանի դիրքը պայմանավորված է նրա էներգակիրների մատակարարի դերով: Վրաստանը էներգակիրների տարանցիկ տարածք է և փորձում է առավելագույն շահը քաղել Ռուսաստանի և ԱՄՆ ու ԵՄ միջև հակասությունների վրա խաղալով: Հայաստանը փորձում է վարել բազմաբևեռ քաղաքականություն և նույնիսկ սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտարարությունից հետո վաղաժամ կլինի պնդել, թե նրա ղեկավարությունը մտադիր է հրաժարվել այդ քաղաքականությունից ու կտրուկ փոխել նախկին կուրսը:

«Հարավային Կովկասը տարածքով ոչ այնքան մեծ տարածաշրջան է սահմանափակ բնական ռեսուրսներով: Նրա կարևոր դերը համաշխարհային քաղաքականության մեջ պայմանավորված է նրանով, որ մի քանի անկախ պետությունների առաջցմամբ Անդրկովկասում ԱՄՆ-ն , ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն ստացան կարևոր ռազմաքաղաքական հարթակ, ինչպես նաև հասանելիություն Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներին՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը: ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանի նոր աշխարհաքաղաքական դերը, բախումնայնության բարձր ներքին ներուժով, պայմանավորեց նրա վերածումը աշխարհի հիմնական «անկայունության գոտիներից» մեկը: ԱՄՆ ու ԵՄ քաղաքական գործիչների համար Հարավային Կովկասի դերը շարունակում է տարբեր մնալ: ԵՄ համար առավել կարևոր են տնտեսական գործոնները, կապված էներգետիկ անվտանգության հետ, նոր շուկաների որոնման հետ և այլն: ԱՄՆ-ն նախապատվությունը տալիս է տարածաշրջանի ռազմական և ռազմավարական դիրքին Ռուսաստանի, Իրանի ու Մեծ Մերձավոր Արևելքի սահմանին: Մոտեցումների նման տարբերակումը հատկապես հստակ երևաց 2008 թվականին «Սարկոզիի առաքելության» ժամանակ»,-ասել է Կռիլովը: Նշենք, որ Ռուսաստանի համար Հարավային Կովկասում առաջնայինն այն է, որ Հարավային Կովկասը սահմանամերձ տարածք է, որը հարում է ՌԴ ազգային և քաղաքական տեսակետից ամենաբարդ մասին՝ Հյուսիսային Կովկասին: Տարածաշրջանի աշխարհագրական հարևանությունն ու ինտեգրման բարձր մակարդակը Ռուսաստանի հետ շարունակում է որոշել այն կարևոր դերը, որն այդ տարածաշրջանը ունենալու է ՌԴ քաղաքականության ու տնտեսության մեջ, որոշելու է այն մարտահրավերները, որոնց կբախվի Ռուսաստանն իր խոցելի «մատույցում»:

Հարավային Կովկասի բոլոր երեք պետությունների վիճակի բարդացումը թելադրվում է անկայունության աճով ու տարածաշրջանի հնարավոր ներքաշմամբ Մեծ Մերձավոր Արևելքի հակամարտություններին: 2014 թ. ԱՄՆ-ն ու դաշնակիցները նախատեսում են զորքերը դուրս բերել Աֆղանստանից, ինչը կարող է բերել ծայրահեղական իսլամիստական ուժերի ակտիվացմանն, այդ թվում նաև Հյուսիսային ու Հարավային Կովկասում: Տարածաշրջանի համար դրական միտում կարող է լինել ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկիզբը: Վերջին նախագահական ընտրությունները հետխորհրդային Վրաստանի առաջին օրինական իշխանափոխությունն էին, ինչը հույս է ներշնչում: Կովկասի խնդիրներն այնքան բարդ են ու բազմաթիվ, որ միամիտ կլիներ հուսալ, որ դրանք մի հրաշքով կգտնեն իրենց լուծումը: Կովկասի կայուն ու խաղաղ զարգացման ապահովումը բխում է ՌԴ և Հարավային Կովկասի պետությունների շահերից, սակայն, դեռ տարածաշրջանը նման տարածքների թվին չի հարում: Առկա խնդիրների լուծմանը կարող էր նպաստել անցումը մրցակցությունից, առավել ևս առճակատումից համագործակցության քաղաքականությանը Ռուսաստանի ու «հավաքական Արևմուտքի» միջև: Հարավային Կովկասի երկրների համար նման զարգացումն առավել շահավետ կլիներ: Ցավոք, նման հեռանկարը դեռ այնքան էլ մեծ չէ: Այս իրավիճակում քաղաքականության այս կամ այն ուղղության ընտրության խնդիրն ինտեգրման նախագծերից մեկի օգտին տարածաշրջանի պետությունների համար առավել արդիական է դառնում: Այդ հանգամանքով է որոշվում կլոր սեղանի թեմաների շրջանակը, որի ընթացքում լուսաբանվելու են ինչպես պատմական անցյալի իրադարձությունները, այնպես էլ առավել կարևոր ժամանակակից խնդիրները:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում

Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---