«Հայ երաժշտության վերջին հանճարի»՝ Առնո Բաբաջանյանի 93-ամյակն է

«Հայ երաժշտության վերջին հանճարի»՝ Առնո Բաբաջանյանի 93-ամյակն է

Նրա երգերը, կարելի է ասել, դատապարտված էին հաջողության ինչպես Միության ամեն մի անկյունում, այնպես էլ արտերկրում

Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն իրականում 1921 թվականի հունվարի 21-ն է: Բայց քանի որ այդ օրը 1924 թվականին մահացավ Վլադիմիր Լենինը, Բաբաջանյանի հայրը որոշեց որդու ծննդյան օրը նշել հաջորդ օրը՝ հունվարի 22-ին: Դժվարին ժամանակներ էին և հարևաններն ուղղակի կարող էին համապատասխան մարմիններին մատնել, որ համաժողովրդական սուգի օրը Բաբաջանյանների տանն ուրախություն է:

PanARMENIAN.Net - Բանաստեղծ Անդրեյ Դեմենտևը մի անգամ ասել է. «Շատ եմ աշխատել Բաբաջանյանի հետ, նա այնքան էր սիրահարված կյանքին, այնքան հումորով ու մարդկային էր, որ երաժշտությունն ինքն էր ծնվում այդ բարությունից: Նա գեղեցիկի բնատուր զգացողություն ուներ: Առնո Բաբաջանյանը մնաց մեր հիշողությունում որպես լույսի և ուրախության կոմպոզիտոր»:

Ապագա կոմպոզիտորի ընտանիքում չկային պրոֆեսիոնալ երաժիշտներ, ճիշտ է՝ հայրը, որը մաթեմատիկա էր դասավանդում դպրոցում, հիանալի ֆլեյտա էր նվագում: Արդեն 3-4 տարեկանում Առնոն փորձում էր նվագել հին հարմոնիկայի վրա և տարիներ անց սիրում էր պատմել իր առաջին հանդիպման մասին իսկական կոմպոզիտորի հետ, որը կայացել էր մանկապարտեզում. «Մի անգամ մեզ մոտ մի այցելու եկավ: Այդ մարդը մեզ խնդրեցերգել, հասկանալու համար, թե ով երաժշտական լսողություն ունի: Ես էլ երգեցի, ծափ տվեցի ռիթմի համար: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պետք է երաժշտությամբ զբաղվեմ: Իսկ հետո իմացա, որ այդ մարդն Արամ Խաչատրյանն էր»:

Իր առաջին՝ «Պիոներական քայլերթ» ստեղծագործությունը նա գրել էր 9 տարեկանում: 1928-ին Բաբաջանյանը հայտնվեց Երևանի կոնսերվատորիային կից շնորհալի երաժիշտների խմբում, 1933-ին երիտասարդ երաժիշտների հանրապետական մրցույթում ստացավ առաջին մրցանակը՝ հիանալի կատարելով Բեթհովենի «Չորրորդ սոնատն» ու Մենդելսոնի «Ռոնդո կապրիչիոզոն»:

Առնո Բաբաջանյանը հայ երաժշտությունում մի ամբողջ աշխարհ է: Կարելի է անվերջ խոսել նրա տաղանդի, եզակի լինելու, հիանալի երաժշտության ու ոչ պակաս՝ կատարողական արվեստի մասին: Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում Կոնստանտին Իգումնովի դասարանում, որը նրան վիրտուոզ դաշնակահարի ապագա էր կանխագուշակում: Նրա երգերը, կարելի է ասել, դատապարտված էին հաջողության ինչպես Միության ամեն մի անկյունում, այնպես էլ արտերկրում:

«Առաջին սիրո երգը» ֆիլմի համար գրած Բաբաջանյանի երաժշտությունը խորհրդային կինեմատոգրաֆում ջազի բացահայտում դարձավ: Իսկ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի համար գրված երգերն ամբողջ երկիրն անգիր գիտեր: Պատմում է Մարտին Վարդազարյանը. «Մոսկվայում ռուս կոմպոզիտորները հարցնում էին Բաբաջանյանին, թե ինչպես նրան հաջողվեց այդպիսի «ռուսական» մեղեդի գտնել ֆիլմի համար: Նա պատասխանել է. «Որտեղի՞ց եմ գտել…Ինքս եմ հորինել»: Եվ հետո. «Առնո Բաբաջանյանը Երևանում էր: Հիվանդ պառկած էր, նրա համար մագնիտոֆոն բերեցինք, չորս տակտ լսեց ու ասաց. Մալխաս»: Ամենահետաքրքիրն այն է, որ նա ճանաչեց իր «Նոկտյուրնը»:

1983-ի ձմեռն էր՝ քայլում էինք օպերային թատրոնի աֆիշների մոտով և չգիտես ինչու խոսեցինք Առնոյի մասին: Ծանոթս ասաց, որ երեկ նրան հերթական անգամ վիրահատել են և դեռ ոչինչ հայտնի չէ: Դա նոյեմբերի 11-ին էր: Պատմում է ճարտարապետ Լևոն Իգիթյանը. «Այդ օրը Կամերային թատրոնում պրեմիերա պետք է լիներ: Սպասում էին Ռոբերտ Ամիրխանյանին: Նա եկավ կես ժամ ուշացումով, ոչ մի բան չասաց, դաշնամուրին մոտեցավ և սկսեց նգավել Բաբաջանյանի գործերից: Դահլիճն ոտքի կանգնեց՝ բոլորը հասկացան, որ Առնո Բաբաջանյանը վախճանվել է: Ամիրխանյանն ավարտեց նվագել արտասովոր մի լռությունում: Դահլիճը դանդաղ դատարկվեց…»: Բաբաջանյանն երկար տառապեց հիվանդությունից, նրա ապրած ամեն մի տարին ճակատագրի նվեր էր: Կարծես, այս աշխարհը չէր ուզում հրաժեշտ տալ նրան, քանի դեռ չի գրել գոնե այն, ինչ պետք է գրեր: Նման կարգի կոմպոզիտորի մասին գրելը միշտ դժվար է. թվում է, թե բառերը չեն հերիքում փոխանցելու այն զգացմունքները, որոնք համակում են քեզ, երբ լսում ես նրա թովիչ երաժշտությունը: «Իմ սիրտը լեռներում է», «Սերենադ», «Էլեգիա», «Նոկտյուրն»՝ նրա բոլոր ստեղծագործությունները: Իսկ նա շատ բան է գրել, և ոչ միայն երգեր, այլև լուրջ ստեղծագործություններ՝ Շոստակովիչի հիշատակին նվիրված լարային քառյակը, կամերային ստեղծագործություններ: Երբ նա վախճանվեց, Երևանի երաժշտասեր հանրությունը ցավով արձանագրեց. «Վախճանվեց հայ երաժշտության վերջին հանճարը»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---