Հունվարի 24-ին Սևակը կդառնար 90 տարեկան

Հունվարի 24-ին Սևակը կդառնար 90 տարեկան

Սևակը աչք էր ծակում. խմում էր, մարդկանց երեսին ասում այն, ինչ մտածում էր, ու բանաստեղծություններ գրում, որոնք սոցռեալիզմի պահանջներից դուրս էին

Հունվարի 24-ին հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը կդառնար 90 տարեկան: Նա կյանքից հեռացավ 47 տարեկանում. մահն անհեթեթ էր, ողբերգական և նույնիսկ, ասում են, ոչ պատահական: Սևակավանում պոետի տունը թանգարանի ու նրա երկրպագուների ուխտագնացության վայրի է վերածվել: Նրա մահվան վայրում հուշարձան է, տան բակում՝ շիրմաքար: Երբ նայում ես հարթ մայրուղուն, ակամայից մտածում ես՝ ինչպե՞ս կարող էր այստեղ մեքենա շրջվել, նույնիսկ եթե վարորդն այնքան էլ փորձառու չէր: Չէ՞ որ նա մենակ չէր, կնոջ հետ էր և հաստատ արագ չէր քշում: Այս ամենից հետո սկսում ես քիչ-քիչ հավատալ, որ անհաճո պոետին ուղղակի «հեռացրին ճանապարհից»: Ճիշտ է դա, թե` ոչ, բայց պատմում են, որ Վիլյամ Սարոյանն Երևան ժամանելուն պես հարցրել է. «Ինչո՞ւ էն տղու գլուխը կերաք»: Խոսքը Սևակի մասին էր ու ոչ ոք չպատասխանեց, որովհետև բան չկար ասելու:

PanARMENIAN.Net - Սևակը աչք էր ծակում. խմում էր, մարդկանց երեսին ասում այն, ինչ մտածում էր, և բանաստեղծություններ գրում, որոնք չէին տեղավորվում խորհրդային գրականության սոցռեալիզմի շրջանակում: Իշխանավորներն ու ուղղակի նախանձողները նրան չէին սիրում, ինչպես և մեծն Մինասին: Երկուսի վախճանն էլ նույնը եղավ՝ անժամանակ ու ողբերգական: Գրել Սևակը սկսեց շուտ, 11 տարեկանում: «Ոչ մի իմաստ իմ բանաստեղծությունները չունեին»,- ասում էր նա հետո:

Պարույր Սևակը ծնվել է 1924-ի հունվարի 24-ին Չանախչի, այժմ՝ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում: Նրա նախնիներն Արևմտյան Հայաստանից էին, մազապուրծ էին եղել Ցեղասպանությունից: Գուցե գեների հիշողությունն էր, որ հուշեց նրան հանճարեղ «Անլռելի զանգակատունը, ո՞վ իմանա: Կորուսյալ հայրենիքի ցավը ժամանակը չի բուժում, այն յուրաքանչյուր հայի սրտում է և կապրի այնքան, քանի կա հայ ժողովուրդը:

5 տարեկանում Սևակն արդեն կարդում էր, գրում և մեկ տարուց դպրոց գնաց: 1940-ին նա ընդունվեց ԵՊՀ հայոց լեզվի և գրականության բաժին: Հայ պոեզիային ծանոթությունը նրան բերեց եզրահանգմանը, որ Չարենցից հետո նա պոեզիայումէլ անելիք չունի ու բացառապես բանասիրությամբ պիտի զբաղվի: «Երևի Չարենցն ինձ սպանել էր, հետո հարություն տալու թաքուն մտադրությամբ»,- ասել է Սևակը:

Նրա առաջին բանաստեղծությունները լույս տեսան միանգամայն պատահական և Պարույր Ղազարյանի կամքին հակառակ: Դրանք հայտնվեցին Ռուբեն Զարյանի ձեռքում, որն այն ժամանակ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիրն էր: Նա տպագրեց երեք բանաստեղծություն: Հենց այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ Պարույր Սևակ բանաստեղծը: Իրոք, Ղազարյան ազգանունով պոետը մի տեսակ չէր ընկալվում. չէ որ, մենք ընտելացել ենք կարճ, հնչեղ ու անսովոր անունների: Որպես գրական կեղծանուն նա վերցրեց Արևմտյան Հայաստանի հիանալի պոետներից մեկի՝ Ռուբեն Սևակի կեղծանունը:

Ռուբեն Սևակը ծնվել է 1885-ի փետրվարի 15-ին Սիլիվրի գյուղում, որը Ստամբուլի մերձակայքում է: Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911-14–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ. Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման: Սևակն 1914-ին ընտանիքի հետ վերադարձավ Պոլիս իր ժողովրդի կողքին լինելու համար, դարձավ Մեծ Եղեռնի զոհ. նա իր մահկանացուն կնքեց 1915-ի օգոստոսի 26-ին Դանիել Վարուժանի հետ միասին։ Ռուբեն Սևակին են պատկանում հետևյալ տողերը.

Ո՞վ կուլա այսպես խշտյակիս շեմին -Քույր, ղարիբն է, բաց… Կմախք մը կանցնի դուրսեն լալագին. -Սովն է, դւոռդ բաց… Տապա՞րն է ջախջախ դռանս կուրծքին -Ջարդն է, դուռդ բաց…

1945-ին ավարտելով Երևանի պետական համալսարանը, Պարույր Սևակն ընդունվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրա, հետո ուսումը շարունակեց Մոսկվայում՝ ընդունվելով Մ.Գորկու անվան Գրական ինստիտուտ: 1955-ին նա ավարտեց ուսումն ու մինչև 1959-ը դասավանդում էր նույն ինստիտուտում:

1960-ին Սևակը Երևան վերադարձավ արդեն որպես կայացած պոետ, որը մեծ ճանաչում ուներ և սիրված էր: 1967-ին պաշտպանեց Սայթ Նովային նվիրված թեկնածուական թեզը, որի համար միանգամից դոկտորի կոչում ստացավ: Թեզում նա գրել էր, որ Սայաթ Նովայի տաղանդը վեց հոգու կբավականացներ՝ կոմպոզիտորի, երաժշտի, երգչի ու էլի երեք բանաստեղծի…

1971-ի հունիսի 17-ին, Երևանից գյուղ վերադառնալիս, Սևակը կնոջ՝ Նելլի հետ վթարի ենթարկվեց: Նելլին տեղում մահացավ, իսկ Սևակին ծանր վիճակում տեղափոխեցին Արարատի շրջանային հիվանդանոց: Այնտեղ շտապեցին հայտնի բժիշկները, բայց հարվածը հենց քունքին էր…

Պոետի մահվան մասին անմիջապես հայտնեցին վերևներին: Հայաստանի Կոմկուսի ԿԿ-ն կարճ խորհրդակցությունից հետո որոշեց հուղարկավորել նրան հայրենի գյուղում: Իբր թե այդպիսին էր հանգուցյալի վերջին կամքը: Ժամանակակիցներից շատերն այն ժամանակ համարեցին, թե Պարույր Սևակին միտումնավոր նվաստացրին՝ զրկելով նրան Պանթեոնում թաղվելու իրավունքից:

Կյանքից հեռացած լրագրող Իոսիֆ Վերդյանի հիշողություններից. «Բանաստեղծի մոտ ընկերը, իրավաբան Աշոտ Թադևոսյանը, շատ էմոցիոնալ էր ու արագ էր մտադրությունները կյանքի կոչում, որոշեց յուրովի վերականգնել արդարությունը: Իմանալով ԿԿ որոշման մասին՝ նա շտապեց դիահերձարան և ծնկաչոք աղերսեց ու ստացավ պաթոլոգոանատոմներից… հանգուցյալ ընկերոջ սիրտը: Բժիշկը ապշել էր նման խնդրանքից և նույնիսկ լսել չէր ուզում դիահերձարան ներխուժած այդ խելագարին: Տա՞լ նրան Սևակի սիրտը, ինչո՞ւ, ինչի՞ համար: Ինչո՞ւ չկա վերևների կարգադրությունը, այս ի՞նչ աննորմալ ընկեր է:

Իսկ վերջինս անդադար խոսում էր, թե որքան էր Սևակը սիրում Կոմիտասին, Շոպենի սրտի մասին, որը լեհերը թաղեցին Լեհաստանում, Բայրոնի ճակատագրի մասին, որի աճյունի մի մասը Հունաստանում մնաց, իսկ մյուսը տեղափոխվեց Լոնդոն՝ Վեսթմինսթերյան աբբայություն… Եվ բժիշկը տեղի տվեց: Նա զգույշ տեղադրեց սիրտը ֆորմալինով սրվակի մեջ և հանձնեց այն այդ խենթ մարդուն: Աշոտ Թադևոսյանը, քողարկելով թանկարժեք բեռը, շտապեց տուն: Այժմ նրանք անբաժան էին. երկու ընկերների սրտերը: Տասը տարի Աշոտ Թադևոսյանը պահեց ընկերոջ սիրտն իր տանը, հետո ևս 15 տարի իր աշխատասենյակի սեյֆում: Եվ պահանջում էր, անվերջ պահանջում, որ նրան ըստ արժանվույն հուղարկավորեն Պանթեոնում: Նա դիմեց այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Գրողների միությանը, քաղաքապետարանին… Ի վերջո, քաղաքապետարանը խղճաց «սրտի գերուն» ու կարգադրեց Գրականության ու արվեստի թանգարանին պահպանությանն ընդունել այդ «ցուցանմուշը»: Այս պատմության մեջ ինչ-որ միստիկ բան կա, բայց այն ճիշտ է սկզբից մինչև վերջ»:

Ոչ ոքի տրված չէ գուշակելու սեփական վախճանը: Սևակի մահը հանկարծահաս էր, ինչպես պնդում են, ճակատագրի բերումով: Հազիվ թե ուժերի ծաղկուն շրջանում գրողը կտակ թողներ իր վերջին հանգրվանի մասին: Բայց այն ժամանակվա իշխանությունները որոշեցին բանաստեղծին հողին հանձնել հայրենի գյուղում՝ հավերժ գրանցում տալով նրան այնտեղ, կարծես, ցանկանում էին մեզ՝ Սևակի պոեզիայի երկրպագուներիս, զերծ պահել մեծն բանաստեղծից, նրա անմահ տողերում հավերժացած Կոմիտասից:

Որտե՞ղ գլուխ խոնարհես մեծ վշտի պահին՝ հարգանքի տուրք մատուցելով բանաստեղծին: Սևակն ու Կոմիտասը, բաժանված լինելով ժամանակի ու տարածության առումով, կարող էին հանդիպել՝ ծառերի ստվերի տակ, ժողովրդական սիրով օծված սուրբ շիրիմում… Ահա երբ կհնչի հիշատակի անլռելի զանգը Պանթեոնում… Այնտեղ, ուր հանգչում են Սարոյանն ու Սարյանը, Խաչատուրյանն ու Փարաջանովը, ժողովրդի պարծանքը դարձած մյուս հայորդիները, այնտեղ՝ մեր ազգային պանթեոնում է Սևակի սրտի վերջին հանգրվանը:

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, որը վերջերս հեռացավ կյանքից, 2009-ին պատմել էր տողերիս հեղինակին. «Ընդհանրապես այս պատմությում անհասկանալի ու անիրական շատ բան կա: Այսքան տարի է անցել, իսկ մենք մինչև հիմա չգիտենք, արդյոք իրոք այդպես է եղել, թե դա ուղղակի լեգենդ է: Գրողների միությունը որոշեց պահպանված սիրտը բժշկական փորձաքննության ենթարկել վերջնականապես պարզելու համար, թե ումն է այն: Եթե դա իրոք հանճարեղ Սևակի սիրտն է, կհուղարկավորենք այն, որպեսզի մարդը հանգստանա: Եթե ոչ… չգիտեմ ինչ կարելի է ասել: Ամեն դեպքում պետք է ամեն ինչ աստվածահաճո լինի: Իսկ ընդհանրապես այս պատմությունը կասկածելի է՝ իրականում ամեն ինչ այդպես է եղել, թե ոչ…»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---