Ղազախստանը մտադիր է մինչև 2050 թ. ընդգրկվել աշխարհի 30 ամենազարգացած երկրների ցանկում

Ղազախստանը մտադիր է մինչև 2050 թ. ընդգրկվել աշխարհի 30 ամենազարգացած երկրների ցանկում

Աստանան մտադիր է օգտագործել իր բնական առավելությունները, նպատակ ունենալով կառուցել կյանքի ամենաբարձր ցուցանիշներով երկիր

2014 թվականի հունվարի 17-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ուղերձով դիմել է Ղազախստանի ժողովրդին: «Ղազախստանի ուղին-2050. Միասնական նպատակ, միասնական շահեր, միասնական ապագա» վերնագրով ուղերձում նախանշված են «Ռազմավարություն 2050»-ի իրագործման նպատակներն ու խնդիրները: Գլխավոր նպատակն է, որ 2050 թվականին Ղազախստանն ընդգրկվի աշխարհի 30 ամենազարգացած երկրների ցանկում և անդամակցի Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ), որին այսօր անդամակցում է 34 երկիր: Եվս 6 երկրներ՝ Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ռուսաստանն ու ՀԱՀ թեկնածուներ են: Լավ մշակված «Ռազմավարություն 2050»-ի հիման վրա Ղազախստանն ամենաբարձր մակարդակով հայտարարեց այդ երկրների շարքում իր տեղը զբաղեցնելու ձգտման մասին:

PanARMENIAN.Net - Աշխարհում գոյություն ունի նման հավակնոտ նպատակներ մշակելու ու կյանքի կոչելու փորձ: Դա Չինաստանի, Մալայզիայի, Թուրքիայի փորձն է: «Ռազմավարություն 2050»-ը մշակվել է երկրի հնարավորությունների ու ռեսուրսների մանրակրկիտ քաղաքական, տնտեսական ու սոցիալական վերլուծության վրա, գիտականորեն հիմնավորված է ու ենթարկվել է տեղական ու միջազգային փորձաքննության: Ակնհայտ է, որ Ղազախստանը մտադիր է ռացիոնալ ու շատ հաշվենկատ կերպով օգտագործել իր բնական առավելություններն ու իր բնական պաշարներն ի սպաս դնել ամբողջ ղազախական հանրությանը, կառուցել համերաշխ քաղաքացիական հասարակություն կյանքի ամենաբարձր ցուցանիշներով: Երկրի նախագահը խնդիր է դրել ամեն տարի երկրի տնտեսությունը զարգացնել առնվազն 4 տոկոսով, որպեսզի մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ այսօրվա 13 հազար դոլարը հասնի 60 հազար դոլարի 2050 թվականին: Ընդ որում խնդիր է դրված Ղազախստանը բաց դարձնել ներդրումների համար, այդ թվում օտարերկրյա, և հասցնել այդ ցուցանիշը ՀՆԱ ամբողջ ծավալի 18 տոկոսից մինչև 30 տոկոս 2050 թվականին:Ինչպես հայտնի է, Ղազախստանը վաղաժամ իրագործեց նախորդ Ռազմավարության խնդիրներն ու անցյալ տարի տեղ զբաղեցրեց աշխարհի 50 ամենազարգացած երկրների շարքում: Դա հիմք է տալիս վստահության համար, որ «Ռազմավարություն-2050»-ը ևս հաջողությամբ կյանքի կկոչվի: Դրա համար հարկավոր է մոբիլիզացնել երկրի հասարակական ու քաղաքական ռեսուրսները, միավորել ղազախական հանրության բոլոր շերտերին ոգեշնչող գաղափարի շուրջ: Իր Ուղերձում Ազգի առաջնորդը մանրամասն շարադրել է Ղազախստանի էկոնոմիկայի զարգացման ու տարածաշրջանային և գլոբալ գործընթացներում, այդ թվում ինտեգրացիոն, նրա տեղի իր տեսլականը:

Խնդիր է դրված զարգացնել գիատատար արդյունաբերությունն ու ագրարային արդյունաբերությունը, մանրամասն շարադրված են իրականացման միջոցները: Անցած տարիներին Ղազախստանում զարգացել են էկոնոմիկայի արդիական ճյուղերը և տեսանելի ապագայի խնդիրն է բազմակի անգամ ավելացնել դրանց արտահանման ներուժն ու այդպիսով տեղ զբաղեցնել արդիական, այդ թվում բարձր տեխնոլոգիաներ արտադրող երկրների ցուցակում: Հետաքրքրական է, որ երկիրը, որի արտահանման գլխավոր հոդվածը նավթն ու գազն են, մտադիր է արդեն տեսանելի ապագայում իր արտահանման 70 տոկոսը ոչ հումքային դարձնել:

Խորը վերակառուցման ու բարեփոխման կենթարկվեն հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Կզարգանա գիտությունը, ընդ որում ամենաարդիական ճյուղերը: Այդ նպատակով ամեն տարի կհատկացվի բյուջետային միջոցների առնվազն 3 տոկոսը: Նախատեսվում է զարգացնել կրթության ոլորտը, որպեսզի նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները հաճախեն մանկապարտեզներ, իսկ բոլոր դպրոցներում ուսուցումը կազմակերպվի այն ծրագրերով, որոնք այժմ ընդունված են աշխարհի առաջատար Ինտելեկտուալ դպրոցներում: Առաջատար համալսարաններն ինքնավարություն կստանան: Ղազախստանի հասարակությունը մոտ ապագայում առնվազն եռալեզու կդառնա: Դա նշանակում է, որ երկրի քաղաքացիներն ազատ կտիրապետեն առնվազն ղազախերենին, ռուսերենին ու անգլերենին:

2017 թվականին Աստանայում կանցկացվի «EXPO» միջազգային ցուցահանդեսը, որը կցուցադրի երկրի նվաճումները տարբեր ոլորտներում: Կյանքի կոչելու համար այդ լայնածավալ խնդիրները, այդ թվում էներգետիկայի, տրանսպորտի ու հաղորդակցությունների, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում, ինչպես նաև սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում (առողջապահություն, մշակույթ, սպորտ, հումանիտար ոլորտ), նախագահ Նազարբաևը կոչ է արել հայրենակիցներին, համակիրներին ու կողմնակիցներին պարզաբանել Ուղերձի դրույթները երկրի քաղաքացիներին, իսկ կառավարությանն ու պետական մարմիններին՝ արդեն առաջիկայում մշակել Ուղերձում նախանշված ծրագրերի իրագործմանն ուղղված կոնկրետ քայլերը:

Արամ Սաֆարյան՝ քաղաքական վերլուծաբան, «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտությունների եւ վերլուծությունների հասարակական կազմակերպության ղեկավար
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---