Ղրիմի թաթարներն օգնության են կանչում Թուրքիային ու Ադրբեջանին

Ղրիմի թաթարներն օգնության են կանչում Թուրքիային ու Ադրբեջանին

Մայդանը հրահրում է Ուկրաինայի եթե ոչ փլուզումը, ապա ֆեդերալիզացիան, ինչն, անկասկած, լավագույն ելքը չէ իրավիճակից

Ղրիմի թաթարները, որոնց ստալինյան արտաքսումից հետո Միխաիլ Գորբաչովը վերադարձրեց հայրենիք 1989 թվականին, լրջորեն մտածում են, որ Ղրիմի Հանրապետությունը կարող է անջատվել Ուկրաինայից ու մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Մտահոգության գլխավոր հիմքն այն է, թե Ռուսաստանը երբեք չի տա ուրիշին Սևաստոպոլում տեղակայված Սևծովյան նավատորմի բազան: Կա ևս մեկ բան՝ Ղրիմը Ռուսաստանի անվտանգության բաղադրիչներից մեկն է հարավում: Աչքի ընկավ Ղրիմի թաթարների Գերագույն մեջլիսի ղեկավար Ռեֆատ Չուբարովը, որը հայտարարեց, որ եթե իրենց կարծիքը հաշվի չառնվի Ռուսաստանին միանալու հարցում, Ղրիմի թաթարները կդիմեն Ադրբեջանին ու Թուրքիային, ինչպես նաև թրքալեզու աշխարհին, օգնության ակնկալիքով:

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընտրությունը եթե ինչ-որ չափով արդարացված է, քանի որ 1441-1783 թթ. Ղրիմի խանությունն Օսմանյան կայրսության մաս էր կազմում, ապա Ադրբեջանն այստեղ միանգամայն ավելորդ է: Թեև եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին Բաքուն փորձում է առաջին ջութակի դերը ստանձնել թրքալեզու աշխարհում, ապա այս դիմումը միանգամայն համապատասխանում է տարածաշրջանում իրադարձությունների զարգացման տրամաբանությանը:

Մի քիչ պատմություն: XVI դարից ի վեր Ղրիմի խանությունը մշտական պատերազմներ էր վարում, հիմնականում զավթողական, Մոսկովյան պետության ու Ռեչ Պոսպոլիտայի դեմ, ինչն ուղեկցվում էր ռուս, ուկրաինացի և լեհ խաղաղ բնակչության գերեվարումներով: Ստրկության մեջ հայտնված մարդիկ հետո վաճառվում էին Ղրիմի ստրկական շուկաներում, որից ամենախոշորը Ղաֆայի (Թեոդոսիա) շուկան էր, և տարհանվում Թուրքիա, Արաբիա, Մերձավոր Արևելք: 1571 թվականին 40-հազարանոց թաթարական զորքը խան Դևլեթ Առաջին Հերայի գլխավորությամբ հասավ Մոսկվա և, վրեժ լուծելով Կազանի գրավման համար, հրկիզեց քաղաքի արվարձանները, որից հետո ողջ քաղաքը, բացառությամբ Կրեմլի հրի մատնվեց: Սակայն արդեն հաջորդ տարի 40-հազարանոց հորդան, որը հույս ուներ թուրքերի, չերքեսների հետ վերջնականապես վերջ տալ Մոսկվայի թագավորության անկախությանը, ջախջախիչ պարտություն կրեց, ինչը ստիպեց խանին չափավորել իր քաղաքական նկրտումները: 1736 թվականին ռուսական զորքերը ֆելդմարշալ Քրիստոփոր Մինիխինի գլխավորությամբ հրկիզեցին Բախչիսարայը և դատարկեցին նախալեռնային Ղրիմը: 1783 թվականին Օսմանյան կայսրության հանդեպ Ռուսաստանի հաղթանակից հետո Ղրիմը սկզբից զավթվեց, իսկ հետո անեքսիայի ենթարկվեց Ռուսաստանի կողմից: Միևնույն ժամանակ ռուսական կայսրության քաղաքականությունը բավականին ճկուն էր. ամբողջ թաթարական հոգևորականությունն ու տեղի ազնվականությունը հավասար իրավունքներ ստացավ ռուս ազնվականների հետ:

Ղրիմի յուրացումն ինտենսիվ էր ընթանում, հատկապես խոշոր քաղաքներում՝ Սիմֆերոպոլում, Սևաստոպոլում, Թեոդոսիայում, քանի որ ռուսական կառավարությունն այնտեղ էր վերաբնակեցնում մարդկանց Կենտրոնական Ռուսաստանից ու Մալոռոսիայից: Փոխվեց թերակղզու բնակչության էթնիկ կազմը՝ ավելացավ ռուսների ու ուկրաինացիների քանակը: Այժմ Ղրիմում մոտ 2,5 մլն մարդ է բնակվում, մեծ մասը ռուսներ են: Նրանց հաջորդում են քանակով ուկրաինացիները և 260 հազար Ղրիմի թաթարները, կազմելով բնակչության 12 տոկոսը: Հայերը Ղրիմում մոտ 5 հազար են, առաջին վերաբնակները հաստատվել են Ղրիմում 16-րդ դարում:

1941 թվականի դեկտեմբերին գերմանական օկուպացիայի ժամանակ Ղրիմում ստեղծվեցին մահմեդական թաթարական կոմիտեներ: Սիմֆերոպոլում աշխատանքը սկսեց կենտրոնական «Ղրիմի մահմեդական կոմիտեն»: Նրանց կազմակերպումն ու գործնեությունն անցնում էր գեստապոյի անմիջական ղեկավարությամբ: 1942 թվականի սեպտեմբերին օկուպացիոն վարչախումբն արգելեց օգտագործել Ղրիմ բառն անվանման մեջ և կոմիտեն կոչվեց «Սիմֆերոպոլի մահմեդական կոմիտե», իսկ 1943 թվականից՝ «Սիմֆերոպոլի թաթարական կոմիտե»: Սկզբնական ծրագիրը ենթադրում էր Ղրիմի թաթարների կառավարության ստեղծում Գերմանիայի հովանու ներքո: 1941 թվականի դեկտեմբերին Թուրքիայի Ղրիմի թաթարների համայնքի ներկայացուցիչներ Մուստաֆա Էդիգե Ղիրիմալն ու Մյուստեջիթ Ուլկյուսալը այցելեցին Բեռլին՝ հույս ունենալով համոզել Հիտլերին, որ անհրաժեշտ է ստեղծել Ղրիմի թաթարների պետություն, սակայն նրանց առաջարկը մերժվեց: Նացիստները ծրագրում էին Ղրիմը միացնել Ռայխին և այնտեղ գերմանացիների բնակեցնել:

1941 թվականի հոկտեմբերից սկսվում է կամավորական ջոկատների հավաքագրումը ղրիմի թաթարներից ինքնապաշտպանության համար, որոնց հիմնական խնդիրը պայքարն էր պարտիզանների դեմ: Թաթարների միավորումներն օգտագործվում էին ռազմական և պետական օբյեկտների պաշտպանության համար, 1944 թ. նրանք ակտիվ դրմադրեցին Ղրիմի ազատագրմանը Կարմիր բանակի զորամիավորումների կողմից: Օկուպանտների հետ Ղրիմի թաթարների համագործակցության մեղադրանքը առիթ հանդիսացավ այդ ժողովրդներին Ղրիմից արտաքսելու համար: 1944 թվականի մայիսի 18-ին սկսվեց գերմանացի օկուպանտների հետ համագործակցած ժողովրդների բռնագաղթը Ուզբեկստան ու Ղազախստանի և Տաջիկստանի հարակից շրջաններ: Փորք խմբեր ուղարկվեցին նաև Ուրալ, Կոստրոմայի մարզ:

Ընդամենը Ղրիմից բռնագաղթվեց 228 543 մարդ, որից 191 014 թաթարներ էին՝ շուրջ 47 հազար ընտանիք: Յուրաքանչյուր երրորդ մեծահասաակ թաթարից ստորագրություն վերցրեցին որ նա ծանոթ է որոշմանը, որի համաձայն հատուկ բնակության վայրից փախչելու համար նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում, ինչպես քրեական հանցագործության համար:

Այժմ, օգտվելով անկայուն իրավիճակից Ուկրաինայում, որը, եթե իրերն իրենց անուններով կոչենք, քաղաքացիական պատերազմի շեմին է կանգնած, Ղրիմի թաթարների հայտարարությունը թուրք եղբայրներին բողոքելու մասին սադրիչ է հնչում: Ռեֆատ Չուբարովը, մեկնաբանելով Ղրիմի Գերագույն ռադայի նախագահության անդամների հայտարարությունը իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի օգնությանը դիմելու անհրաժեշտության մասին, հայտարարեց, որ առանց Ղրիմի թաթարների կարծիքը հաշվի առնելու նրանք իրավասու չեն նման հայտարարություններ անել: Ինչպես վերջերես շատ ընդունված է դարձել Արևմուտքում, փոքրամասնությունն իր կամքն է թելադրում մեծամասնությանը, և հաղթում է:

Եվ վերջին մեջբերումը Չուբարովից. «Ոչ ոք չպետք է կասկածներ ունենա, որ Ուկրաինան, հաղթահարելով ճգնաժամը, արժանի տեղը կզբաղեցնի ազատատենչ եվրոպացի ժողովրդների շարքում: Եթե ընդունենք, որ չկա չարիք առանց բարիքի, ապա մեր դեպքում բարիքն այն է, որ ճգնաժամի արդյունքում Ղրիմի քաղաքական գործիչներից շատերը, որոնք փայփայում են Ղրիմը Ռուսաստանին վերադարձնելու գաղափարը, բացահայտեցին իրենց իսկական դեմքը»:

Ահա այսպես, Մայդանը հրահրում է Ուկրաինայի եթե ոչ փլուզումը, ապա ֆեդերալիզացիան, ինչն, անկասկած, լավագույն ելքը չէ իրավիճակից: Ղրիմի Հանրապետությունը, որն առանց մտածելու Նիկիտա Խրուշչովը Ուկրաինային հանձնեց, այնուամենայնիվ կվերադարձվի Ռուսաստանին՝ անկախ Թուրքիայի (Ադրբեջանի) դիմադրությունից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---