Գործադիրը որոշել է գովազդել Հայաստանը ներդրումներ ու զբոսաշրջիկներ ներգրավելու ակնկալիքով

Գործադիրը որոշել է գովազդել Հայաստանը ներդրումներ ու զբոսաշրջիկներ ներգրավելու ակնկալիքով

Գործադիրը փետրվարի 20-ի իր նիստում հաստատել է 2014-ի համար ծրագրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումները

Հայաստանում բիզնես չեն ուզում դնել ոչ տեղի, ոչ դրսի բիզնեսմենները: Թեև Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է` Հայաստանում գործարար միջավայրը բարելավելու և դրսից ներդրումներ ներգրավելու համար։ Կենտրոնական բանկի տվյալներով` գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշները երկրում վատթարանում են, նվազում է տեղի բիզնեսմենների ներդրումներ անելու ցանկությունը, փոքր ու միջին բիզնեսներ են փակվում: Հայաստանում բիզնես սկսել չեն շտապում նաև դրսի գործարարները:

PanARMENIAN.Net - Իրավիճակը շտկելու շարունակական ջանքերից մեկով գործադիրը փետրվարի 20-ի իր նիստում հաստատել է 2014-ի համար ծրագրված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումները, որոնք նպաստելու են բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների արագ աճի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը:

Ըստ կառավարության` այս ծրագիրը պետք է նաև նպաստի Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը: Դրա համար Ազգային մրցունակության հիմնադրամն ու էկոնոմիկայի նախարարությունը պետք է մշակվեն և աշխարհին ներկայացնեն Հայաստանի ազգային բրենդը:

Հատկանշական է, որ պետական բյուջեից երկիրը գովազդելու համար հատկացրել է 150 հազար դոլար, իսկ ԱՄՆ կառավարությունը, ի դեմս իր Միջազգային զարգացման գործակալության, այդ գործի համար նվիրաբերել է 225 հազար դոլար, ինչի վերաբերյալ էլ փետրվարի 20-ին հուշագիր է ստորագրվել:

Տարբերանշանի ստեղծմամբ զբաղվելու է GK Brand ընկերությունը, որն աշխատել է աշխարհի 50 երկրում այնպիսի հանրահայտ կորպորացիաների հետ, ինչպիսիք են Shell-ը, NBC-ն, HSBC-ն և այլն: Հայաստանն աշխարհին ներկայացնելը նման բարձրակարգ ընկերությանը վստահելով ` կառավարությունն ակնկալում է երկրի բացառիկությունը և գրավչությունը պոտենցիալ զբոսաշրջիկներին ու ներդրողներին ցույց տալով` նրանց բերել Հայաստան:

Կառավարությունը վերջին 5 տարում չի կարողացել մեծ ներդրումներ հրապուրել, ինչի հետևանքով Հայաստանում ուղղակի ներդրումները նվազել են: Պաշտոնական տվյալներով, ՀՆԱ-ում դրանց մասնաբաժինը 2008-ի 41 տոկոսից` 2012-ի վերջին դարձել է 23 տոկոս, 2013-ի համար վերլուծաբանները նշում են 20 տոկոսի սահմանը:

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունվարի 29-ին պատասխանելով ներդրումների նվազման վերաբերյալ PanARMENIAN.Net ի հարցին` նշել էր, որ ներդրումներ ներգարվելը դժվարացել է բոլոր զարգացող երկրների համար` հաշվի առնելով համաշխարհային տնտեսության անկայուն վիճակը:

Ըստ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա շատ գործոններ են ազդում, սակայն ճգնաժամով այդ ցուցանիշի անկումը պայմանավորված չէ.

«Ընդհակառակը, բարվոք տնտեսական կլիմայի պայմաններում ճգնաժամը կարող էր նույնիսկ նպաստեր այս ցուցանիշի աճին: Հայաստանում դրա հիմնական տատանումը պայմանավորվել է խոշոր սեփականաշնորհման գործարքներով: Դրական միակ բացառությունն Օրանժի մուտքն էր Հայաստան: Այս տարի արդեն վաճառել ենք Որոտանի ՀԷԿ-ը, Հայռուսգազարդի բաժնետոմսերը (այն ՓԲ է, ուստի պորտֆելային ներդրում դժվար թե դիտարկվի): Այնպես որ ցուցանիշն այս տարի կաճի»:

«Գազպրոմը» ձեռք բերեց «ՀայՌուսգազարդի» 100 տոկոսը 2014-ի հունվարի 16-ին ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի միջև ստորագրված «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսի առուվաճառքի մասին պայմանագրով:

«Որոտան hիդրոէլեկտրակայանների hամալիրը» ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ hոլդինգ քամփնի» ընկերություններին վաճառվեց հունվարի 29-ին:

«Բայց կրկնում եմ` այս գործարքներն այդքան էլ պայմանավորված չեն գործարար կլիմայի բարելավմամբ: Տեսեք, թե ինչքան երաշխիքներ պահանջեցին Հայաստանից Հայռուսգազարդի հետագա ներդրումներն իրականացնելու համար: Ու եթե մեր ռազմավարական գործընկերը միայն երաշխիքների դեպքում է պատրաստ ներդրումներ իրականացնել, ապա ինչ անեն այն գործարարները, որոնք նման հարաբերություն չեն կարող հաստատել իշխանության հետ, ու իրենց ներդրումների վերաբերյալ որոշումները կատարում են տնտեսական միջավայրից ելնելով: Ահա այս խնդիրը լուծելն առաջնահերթ է»,- PanARMENIAN.Net ին ասաց Խուրշուդյանը:

Հիմա Հայաստանն աշխարհի 189 երկրի շարքում 37-րդն է` «Գործարարությամբ զբաղվելու» դյուրինությամբ` համաձայն Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի` Doing Business ամենամյա զեկույցի:

Գործարարությամբ զբաղվելու դյուրինությունը հաշվարկում են 10 չափանիշով, որից 6-ով Հայաստանն անցած տարի հետընթաց է արձանագրել` շինարարության թույլտվություններ, էլեկտրաէներգիայի հասանելիություն, վարկերի ստացում, սեփականության գրանցում, ներդրողների պաշտպանվածություն, միջազգային առևտուր:

Առաջընթաց գրանցվել է 3-ում` հարկերի վճարում, պայմանագրերի կիրարկում և ընկերությունների գրանցում, իսկ անվճարունակության որոշման` լուծարման ցուցիչը մնացել է անփոփոխ:

Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին 2013-ի նոյեմբերին Հայաստանում նշել էր, որ ներդրումներ ապահովելու համար երկիրը պետք է բարձրացնի տնտեսության մրցունակությունը, բարելավի ներդրումային միջավայրը, մասնավորապես՝ ապահովի արդար մրցակցային դաշտ, ստեղծի ներդրողների համար եկամուտներ ապահովող պայմաններ:

«Գործարար միջավայրը դեռ ցանկալի մակարդակում չէ»,- ըստ «Սիվիլնեթի»` ընդգծել էր նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Հայաստանի գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշները գալիս են հաստատելու ՀԲ ներկայացուցչի գնահատականները: Կենտրոնական բանկի տվյալներով` ամբողջ 2013-ի ընթացքում թե գործարար ակտիվության, թե գործարար միջավայրի ցուցանիշները նվազել են:

ԿԲ-ն ասում է` հայաստանյան 941 ձեռնարկությունում անցկացված հարցումների հիման վրա 0-100 բալանոց սանդղակով հաշվարկվող գործարար ակտիվության (50,1 կետ 2013-ի վերջին) և գործարար միջավայրի ցուցանիշները (50,9 կետ 2013-ի վերջին) կայունության միջակայքում են։ Ըստ մեթոդաբանության՝ 0-ին ձգտող պատասխանները նշանակում են նվազում, 100-ին ձգտողները` աճ, 50-ին՝ կայուն վիճակ։

Կայունությունը, սակայն, չի խրախուսում գործարարներին ներդրումներ կատարելու ու իրենց գործունեությունն ընդլայնելու համար: Տնտեսության չորս ճյուղերի ներկայացուցիչներից 2013-ի վերջին եռամսյակում ներդրում կատարածներից ոչ բոլորն են պատրաստ նույնն անել 2014-ի առաջին եռամսյակում: Այսպես, արդյունաբերության ոլորտի կազմակերպություններից 2013 վերջին քառորդում ներդրումներ է կատարել 32 տոկոսը, 2014-ի առաջին քառորդում պատրաստ է` 27 տոկոսը, շինարարական ընկերությունների 17,8 տոկոսից` 11-ը, առևտրականների 21,4 տոկոսից` 20,8-ը, ծառայությունների ոլորտում՝ 15,3 տոկոսից 15-ը:

Որպես ներդրումներ չանելու պատճառ` ընդլայնման խոչընդոտ, արդեն երկու տարի շարունակ գործարաները նշում են ներքին պահանջարկի կրճատումը։ Խոչընդոտներից են նաև հարկային օրենսդրությունն ու ներքին մրցակցությունը։ Ավելին, բիզնեսները ոչ միայն չեն ընդլայնվում` դրանք փակվում են: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2012-ին Հայաստանում գործում էր 19 հազար 22 մանրածախ առևտրի օբյեկտ, 2013-ին` 17 հազար 91, այսինքն` գրեթե 2000-ով պակաս: Մասնավորապես, մեկ տարվա ընթացքում փակվել է ավելի քան 1500 խանութ ու 400 կրպակ: Նույն աղբյուրի համաձայն`անցած տարի 2012-ի համեմատ, նվազել են հացի, ձվի, հավի մսի, շաքարավազի, կարագի, էլեկտրաէներգիայի, բենզինի և այլ կարևոր կամ ռազմավարական նշանակության ապրանքների սպառման ծավալները:

Սառա Խոջոյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---