«Երգում է 70-ականների Երևանը»՝ կարոտ և սեր հայրենի քաղաքի հանդեպ

«Երգում է 70-ականների Երևանը»՝ կարոտ և սեր հայրենի քաղաքի հանդեպ (վիդեո)

Երգեց 60-ականներին շատ հայտնի Ժան Թաթլյանը, որին բոլորը հիշում են «Լապտերներ» երգով, երգեցին Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը

«Երգում է 70-ականների Երևանը» նախագիծը, որը հաջողությամբ մեկնարկեց 2005 թվականին, մինչ օրս հավաքում է հայկական ջազի սիրահարներին: Ճիշտ է, համերգներին հիմնականում միջին տարիքի մարդիկ են լինում, այն սերնդի ներկայացուցիչներն, ում համար Օրբելյանի պետական նվագախումբն ու Արտեմի Այվազյանի երգերը հեռացած երիտասարդության հուշերն են արթնացնում: Համերգը մեկ անգամ ևս հիշեցրեց հանդիսատեսին հայ էստրադային երգի «ոսկե դարը», երբ համերգի բոլոր կատարողները երիտասարդ էին ու անհոգ: Նախագծի հեղինակն ու հոգին Վազգեն Ասատրյանն է՝ երաժիշտ, պրոդյուսեր, թմբկահար: Հենց նրան են երևանցիները պարտական այս համերգներով:

PanARMENIAN.Net - Հայկական ջազն ընդհանրապես եզակի երևույթ է: Չունենալով սեփական հիմքը «սփիրիչուելսների», աֆրիկյան ռիթմերի տեսքով, այն, այնուամենայնիվ, երևույթ դարձավ համաշխարհային ջազային երաժշտության մեջ: Հայկական ջազի հիմքում հենց հայկական մեղեդին է՝ հարստացված թմբուկների տրոփյունով: Հավանաբար, այդ է պատճառը, որ ժամանակին Հայաստանի պետական ջազային նվագախումբը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ լեփ-լեցուն դահլիճներ էր հավաքում աշխարհով մեկ: Բայց չշեղվենք: Շաբաթօրյա համերգի ժամանակ հանդիսատեսի աչքի առաջ մի նոր աստղ ծնվեց, ավելի ճիշտ առայժմ աստղիկ՝ բեմ բարձրացավ «Արցախի ձայն» նախագծի հաղթող 15-ամյա Էռնա Միրզոյանը, նա պարզապես ցնցող ձայն ունի: Աղջիկն ուղղակի գերեց դահլիճը Ռոբերտ Ամիրխանյանի «Ո՞ւր եք, տղաներ» երգի կատարմամբ: Էռնայի ձայնը գրեթե չի զիջում հայտնի Տաթևիկ Հովհաննիսյանի ձայնին, որն այսօր համարվում է Հայաստանում կանանց ջազ վոկալի լավագույն ներկայացուցիչը, չնայած, որ կանանց վոկալի դպրոց Հայաստանում ըստ էության չկա: Խոսքը ջազ վոկալի մասին է: Ի դեպ, տղամարդկանց վոկալի դպրոց նույնպես չկա՝ այստեղ տաղանդն է փրկում…

Այդ համերգների մշտական հաղորդավար Սուսաննա Շահինյանը պատմեց, որ Էռնայի տատիկն է նրան այդ անունը տվել, քանի որ շատ էր սիրում երգչուհի Էռնա Յուզբաշյանին: Նրանք զուգերգ կատարեցին՝ երկու Էռնաները: Իսկ կրտսեր Էռնայից գերազանց երգչուհի կարող է ստացվել պատշաճ ուշադրության ու աշխատասիրության դեպքում: Շատ էին հին երգերը, և շատ լավ է, որ Վազգեն Ասատրյանը ժամանակ առ ժամանակ այսպիսի համերգներ է կազմակերպում: Ի վերջո «Երգում է 70-ականների Երևանը» նախագիծը ոչ միայն կարոտախտի դրսևորում է, այլ նաև հարգանքի տուրք հայ երաժշտության հսկաներին՝ Արտեմի Այվազյանին, Արամ Խաչատրյանին, Առնո Բաբաջանյանին և այժմ ստեղծագործողներին: Երգեց 60-ականներին շատ հայտնի Ժան Թաթլյանը, որին բոլորը հիշում են «Լապտերներ» երգով, երգեցին Սյուզան Մարգարյանը, Գայանե Հովհաննիսյանը, Արամոն: Իսկ Վահագան Հայրապետյանն ու Ռուբեն Ամիրբեկյանն իրենց տեղն էին գրավել դաշնամուրի մոտ: Մեծ էկրանի վրա ցուցադրվում էին հին Երևանի կադրերը, Օրբելյանի նվագախումբը տակավին երիտասարդ մեներգիչներով, որոնք մինչ օրս ուղղակի գերում են իրենց կատարումներով, չնայած որ 40 տարի է անցել: Լավ համերգ էր: Հաղորդավարը հիշեց նաև բոլոր նրանց, ովքեր հեռացան կյանքից վերջին տարիներին՝ Էլվինա Մակարյանին, Դավիթ Բեջանյանին, Թովմաս Մադաթովին, Ակսել Բակունցին…

Դեռևս օրբելյանական նվագախմբի տարիներից մնացած ավանդության համաձայն համերգն ավարտվեց «Նազան յար» երգով կյանքից վաղ հեռացած Ակսել (Կոկի) Բակունցի գործիքավորմամբ: Այդ մշակման հետ ընդհանրապես հետաքրքիր մի պատմություն է կապված, որը նա պատմել է տողերիս հեղինակին: «Մենք պատրաստվում էինք «Սերպանտինի» առաջին համերգին, հարկ եղավ մի լավ վազվզել՝ սարքավորումներ, դահլիճ և այլն: Ամեն ինչ դասավորեցի, նշանակեցի համերգի օրը, գնացի տուն, և հանկարծ կարծես «շանթահար» եղա. իսկ ի՞նչ ենք նվագելու, երգացանկ չկա: Երեկոյան ժամը 10-ն էր: Ես սառնարանից մի շիշ օղի հանեցի, նստեցի ու «Նազան յարի» գործիքավորումն արեցի: Հետո մտածեցի, որ մի երգը քիչ է, էլի է պետք, և այդպես նստեցի մինչև լույս՝ «Նուբար-Նուբարն» արեցի, էլի մի քանի երգ: Առավոտյան ժամը 10-ին գնացի փորձի: Ահա այսպես է եղել»…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---